«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունվարի 28-ին, հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, տասնյակ հազարավոր երիտասարդներ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու մեր բանակի հիմնադրման ակունքներում կանգնած հերոսների հիշատակին: Բազմահազարանոց երթի մասնակիցներին առանձնապես ոգեւորում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, որի գլխավորությամբ երիտասարդները պսակներ ու ծաղիկներ դրեցին հերոս ազատամարտիկների հուշահամալիրին, իսկ եկեղեցում մոմ վառեցին ու աղոթեցին զոհվածների հոգու հանգստության համար:

Երթը կազմակերպել էին ԲՀԿ երիտասարդական կառույցը, երիտասարդական հասարակական կազմակերպություններ ու բուհական ուսխորհուրդներ:

«Ես ողջունել եւ աջակցել եմ մեր կուսակցության երիտասարդական կառույցի այս նախաձեռնությունը: Ամեն մի հայ մարդու համար սա հաղթանակի, ուժի օր է, ամեն մի հայ հպարտանում է այս օրով, իր բանակով: Այս նախաձեռնության հեղինակները մեր երիտասարդներն են, ովքեր հավաքվել են այստեղ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին, այն նվիրյալներին, ովքեր չխնայեցին կյանքը եւ իրենց արյան գնով ազատագրեցին ու պաշտպանեցին մեր հայրենիքը: Մեր երիտասարդական կառույցի անդամները նաեւ այցելել են զոհվածների ընտանիքներին, ցավակցել, մխիթարել նրանց, որպեսզի նրանք իմանան, որ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են եւ միշտ կարող են ակնկալել մեր աջակցությունը: Մենք մեր ուշադրությամբ պետք է թեթեւացնենք նրանց ցավն ու հոգեկան ապրումները», ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը :

Երթի ընթացքում Գագիկ Ծառուկյանին էին մոտենում զոհված ազատամարտիկների մայրեր, այրիներ, հարազատներ: Նրանց բոլորի համար Գագիկ Ծառուկյանը գտնում էր մխիթարանքի ու երախտիքի խոսքեր, տեղեկանում նրանց հոգսերի մասին, դրանք թեթեւացնելու եւ աջակցելու համար:

«Մեր բանակին մաղթում եմ հզորություն, միշտ հաղթանակներ, ուժ եւ կորով: Մենք մեր հայրենիքը պետք է սրբությամբ պահպանենք ու պաշտպանենք: Մեր բանակին մաղթում եմ նորանոր հաջողություններ», նշեց Գագիկ Ծառուկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4