Հայկական բանակի կազմավորման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» եւ հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտպանական գերատեսչության հրամանատարական կազմը բանակի օրվա կապակցությամբ երեկ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեցին Անդրանիկ զորավարի եւ Վազգեն Սարգսյան սպարապետի շիրիմներին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով` ողջ հայ ժողովուրդը տոնում է հայկական բանակի 17-ամյակը, որը ձեռք է բերել իր նորօրյա պատմության ընթացքում: «Բանակը կազմավորվել է եւ իր ամբողջ խնդիրներն իրականացրել միահամուռ ուժերի շնորհիվ: Ես առաջին հերթին շնորhավորում եմ մեր ժողովրդին, երախտագիտության խոսքեր եմ ուզում ասել, որ յուրաքանչյուրն իր լուման ներդրել է մեր բանակի կայացման գործում», նշեց նախարարը:
Ս. Օհանյանը նկատում է, որ վերջին տարիներին բանակի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից է բարեփոխումների իրագործումը. «Մենք մի աստիճանի ենք հասել, թե՛ որակական, թե՛ կառուցվածքային, թե՛ քանակական խնդիրներով, որ այսուհետեւ պետք են որոշակի բարեփոխումներ, որպեսզի կարողանանք ապահովել հետագա զարգացումը եւ բանակը համապատասխանեցնենք այսօրվա գործող ժամանակակից չափանիշներին: Սա է պահանջում եւ անվտանգության, եւ սպառնալիքների վերլուծությունը»:
«Մեր բանակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նա իրականացնում է ռազմական հերթապահությունՙ հուսալի պաշտպանություն ապահովելով ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի սահմաններում», ընդգծեց նախարարը:
Վերջինիս մատուցմամբ, յուրաքանչյուր տարի համապատասխան միջոցառումներ են իրականացվում բանակի զարգացման ապահովման համար, իսկ 2008-ին վերանայվել է պաշտպանական, ռազմավարական ծրագրումը, ինչի հիման վրա անցկացվել է բանակի կառուցվածքային բաժանում, ինչպես նաեւ զորամասերի ռազմական եւ տեխնիկական ապահովում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ ասաց, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է վերագնահատի եւ արժեւորի բանակի անցած ամբողջ ճանապարհը եւ գնահատի բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են բանակի կայացումը: «Այսօր անկասկած հպարտության զգացումով ենք լցված, դարեր ի վեր չենք ունեցել կանոնավոր բանակ, այսօր ունենք այդ կանոնավոր բանակը եւ դրա կայացումը զուգադիպել է մեր` ՀՀ անկախության հետ, նա կանգնած է եղել անկախության ակունքներում ու ամեն ինչ արել է, որ այսօրվա մեր ժողովրդի խաղաղ արարումը ապահովվի, եւ կարողացել ենք ժողովրդին տանել այն ուղիով, որով ինքն է ուզում` դեպի ազատություն եւ անկախություն», հավելեց նախարարը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ