«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԲԱՆԱԿԻ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ կազմակերպված հանդիսավոր նիստում համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացան պարգեւների եւ շնորհակալագրերի: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ պատերազմի դաշտում անցնելով փառապանծ մարտական ուղի, իսկ խաղաղ պայմաններում` մարտական պատրաստվածության բարձր դասեր, հայոց բանակը հայ ժողովրդի հպարտության ու ոգեւորության աղբյուրն է. «Կազմավորվելով եւ ձեւավորվելով ծանր պայմաններում` մեր բանակը կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում դառնալ ժամանակակից չափանիշներին համապատասխան, մարտունակ ու հզոր կառույց: Ակնհայտ է, որ ներկա եւ ապագա մեր բոլոր հաղթանակների ամենալուրջ գրավականը ամրակուռ շարքերով հայոց բանակն է: Մեր որոշ գործընկերների համար այսօր կրկնակի տոն է. նրանք իրենց օրինակելի ծառայության համար արժանացել են կառավարական եւ գերատեսչական բարձր պարգեւների»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի խոսքով` հասարակությունն այսօր ոգեւորությամբ է արձանագրում այն փաստը, որ հայոց բանակը տարածաշրջանում հզոր է եւ ի զորու է ապահովել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա հայոց բանակին հետագա գործունեության ճանապարհին հաստատակամություն մաղթեց:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում հայոց պետականության կերտման եւ կայացման գործում բանակի դերն անգնահատելի համարեց:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հղած ուղերձում նույնպես բանակի դերը երկրի անվտանգության ապահովման հարցում բարձր գնահատվեց:

ՀՀ նախագահի հրամանագրով հայոց բանակի օրվա կապակցությամբ եւ մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար հուշամեդալներով պարգեւատրվեցին համակարգի մի շարք աշխատակիցներ, ազատամարտիկներ:

ՀՀ ոստիկանապետը «Մարտական զորակցություն» մեդալով եւ անվանական զենքով պարգեւատրեց ՀՀ պաշտպանության նախարարին, հուշանվերներ հանձնեց համակարգի աշխատակիցներին:

ԱԱԾ տնօրենի հրամանով Ս. Օհանյանը պարգեւատրվեց հուշանվեր-դաշույնով, իսկ համակարգի մի շարք աշխատակիցներ` հուշանվերներով: Հուշանվերներ հանձնվեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ու պաշտպանության նախարարի հրամանագրերով:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4