«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


«...Ե՛Ւ ԹԵՐԹԵԼՈՒ, Ե՛Ւ ԴԻՏԵԼՈՒ, Ե՛Ւ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հայաստանյան ամսագրային բազմաքանակության մեջ «Նյու մեգ»ՙ «Նոր հանդեսի» ներկայությունը նաեւ հօգուտ բազմազանության է: Հանդեսն արդեն մեկ տարի մնում է նույն բարձրության վրա, որն ի սկզբանե սահմանել էր ինքն իր համար եւ ի բավարարումն ընթերցողի պահանջ-ճաշակի: Ի դեպ, վերջինը, հուրախություն շատերիս, արվում է ոչ որպես հլու հնազանդություն, այլ որպես մշակելիք, կրթելիք երեւույթ: Այդ էլ երեւի հենց այն հանգամանքն է, որ ամսագիրը շարունակաբար մնում է ընթերցողի մշտական ուշադրության ներքո: Զարմացնելու, աստղեր վար բերելու նկրտումներ չունեցող այս պարբերականը կարողանում է մնալ հայաստանյան իրադարձությունների կիզակետում եւ ներկայացնել այն ամենը, ինչ կարելի է տեղավորել հետաքրքրականի, ճանաչողականի, մատչելիի ու գրավիչի շրջանակներում:

Սակայն եթե ոչ բազում բարեհաճություններ վայելող եւ լայն հնարավորություններ ունեցող, ապա էլ ո՞ր ամսագիրը պիտի աշխատեր այդ կերպ: Չէ՞ որ իրական բարձրաշխարհիկների հետ զրույցի երբեմն միակ հնարավորությունը հենց «Հայլուրի» լրագրողներին է տրվում, որոնց մեծ մասը թղթակցում է նաեւ «Նյու մեգ»-ին ու ներկայացվում որպես երկրիս հմուտ լրագրական կազմ:

«Նյու մեգ»-ի ընթերցողը հնարավորություն է ստանում լրագրողի միջոցով զրուցելու այնպիսի անձանց հետ, ում մտածողությունը, աշխարհայացքը, ստեղծագործությունը, ճաշակն ու վարվելակերպը մշակույթ ձեւավորող են եւ ում հետ հայաստանաբնակի տեսությունը իրադարձություն է: Այդ շարքում են դարաշրջանի հռչակավոր Շառլ Ազնավուրի, իտալացի ճանաչված կինոռեժիսոր Տոնինո Գուերայի, լեգենդար Արմեն Ջիգարխանյանի, գերմանացի հայտնի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի եւ այլոց հետ ամսագրի զրույցները: Դրանցում արդեն իսկ համաշխարհային հասարակության աչքից չվրիպող գործունեություն ծավալող մարդկանց ներկայացնելու, նրանց մասին նորը պատմելու մոտեցում է դրսեւորում ամսագիրը: Այնուամենայնիվ չես հասկանումՙ ինչո՞ւ Գուերայի հետ զրուցելով նրա երիտասարդ, գեղեցիկ մուսայի, կնոջՙ Լորայի մասին ցուցադրում են միայն ռեժիսորի շատ հաջողված լուսանկարները, կամ ինչո՞ւ է ապրիլյան համարում Ջիգարխանյանի հետ Հայոց մեծ եղեռնին չառնչվող զրույցն ուղեկցվում դերասանին սգվոր պատկերող լուսանկարներով:

Վերոնշյալ ու շատ այլ հարցերի պատասխանները հանդեսը հեղինակող կազմը հավանաբար կիմանա, քանի որ ակնհայտ է, որ համարից համար ավելի հստակ հատկանիշներով, տեսք ու բովանդակությամբ բրենդացող «Նոր հանդեսը»ՙ անդրադառնալով կյանքի հաճելի ու տհաճ իրողություններին, այնուամենայնիվ պատշաճը գիտի մարդկային մերկությունն ու ստրիպթիզը գեղագիտորեն ու ակնահաճո ներկայացնելու չափ: Վերջինն ապացուցվում է լուսանկարների տարբեր շարքերով:

Վաղուց աքսիոմայի ուժ ստացած մտքերի, իմաստնությունների ընտրանի է ներկայացնում նաեւ ամսագիրը ու շնորհիվ ձեւավորմանՙ կարողանում դրանք շահեկանորեն ընդգծել եւ որպես այսօր հայտնաբերված գաղափար մատուցել: Ներկայիս Հայաստանի ու հատկապես մայրաքաղաքի դիմագիծն էլ, մեկը մյուսին հաջորդելով, ուրվագծում են մերօրյա վաստակաշատ ու հայտնի մարդիկ` արտահայտելով իրենց վերաբերմունքը: Դերասան Վլադիմիր Մսրյան. «Ես միշտ էլ սիրել եմ այս քաղաքը», ճարտարապետ Հրաչյա Պետրոսյան. «Հայաստանը միայն Երեւանը չէ», արվեստաբան Հենրիկ Իգիթյան. «Պետք է հիշենք, որ սա մեր երկիրն է», Ռուբեն Հախվերդյան. «Ես սիրում եմ. էս խոսքերը...», կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան. «Բացել եմ աչքերսՙ տեսել եմ Երեւանը», թավջութակահար Մեդեա Աբրահամյան. «Ես զգում եմ իմ քաղաքը»... Սա էլ վառ ապացույց, որ կյանքի ընթացքը մեծապես տարբեր է քաղաքամայրում ու դրանից անդին: Բայց եւ ակնհայտ է, որ Երեւանի հանդեպ այսկերպ արտահայտած սիրուն հավատում ես ու լինելիությամբ ոգեւորվումՙ ի տարբերություն քաղաքի այս ու այն փողոցում տեղադրված վահանակներից հայտնիների փաղանգի շինծու կամ անկեղծ ժպիտով սիրո խոստովանությունների: Փոխարենը նույն այդ «աստղաբույլի» ներկայությունն էլ «Նյու մեգ»-ում հիմնավորվում է ինֆորմացիոն առիթով ու դրա շնորհիվ էլ աչք չի ծակում. Եվրոտեսիլը` Սիրուշոյի, Լեոնիդ Ենգիբարյանի գրական ժառանգությունը տեսանելի դարձնելը «32-ի» տղաների ներկայության հիմքն են ամսագրում:

Ազգային փոքրամասնությունները, մոտ ու հեռու արտասահմաններն էլ իրենց իրականության արտացոլքն են գտնում ամսագրումՙ Հայաստանի հետ զուգահեռվելով ու առանց մեկնաբանությունների, կամ առանց այդ զուգահեռման, բայց անձնական վերաբերմունքի, տպավորության ու մեկնաբանության արտահայտմամբ: Երկու դեպքում էլ ներկայացվող նյութերը տարբեր մոտեցումներով նպաստում են մոտ ու հեռու հարեւանին ճանաչել-հասկանալուն: Արտասահմաններում սիրահարության, գեղագիտական մոտեցումների մշակման, պատմական անցյալը ակնառու կերպով պահպանած վայրերիՙ Վենետիկի, Փարիզի, Նորմանդիայի եւ այլնի կողքին ներկայացվում են նաեւ Հայաստանի բնական եւ հանգստավայրերիՙ Դիլիջանի, Սեւանի յուրահատկությունները: Ի վերջո, Ռիալթոյի կամրջին չէ միայն, որ կարելի է պչրուհու անմոռանալի հայացքի ակնթարթային ականատես- սիրահարը լինել, չէ՞: Ու ամսագրի էջերում հայն ու իրանցին, վրացին... պատմում են միմյանց երկրների եւ իրենց մասինՙ իմացությունների կենցաղայնությունն ու մակերեսայնությունը ցույց տալով, որ չիմացությունից, իհարկե, լավ է, եւ միաժամանակ երկրիս դիվանագիտական կորպուսի բացթողումներն ու հաջողությունները փաստելու յուրօրինակ ձեւ:

Սեփական օրենքներով ապրողՙ օրենքից դուրս հեղինակությունների մասին էլ ամսագիրը պատմում է. հասարակության լայն շրջանակների հետաքրքրությունները բավարարելու միտումով: Դե, ամենահաս գովազդն էլ առկա է ու ողջ իր դրական-բացասականությամբ ասելիք ունի թերեւս անխտիր բոլոր ընթերցողներին, բայց եւ մի ցցուն տարբերություն էլ ունի. «Փնտրե՛ք նորը» կարգախոսով առաջնորդվող «Նյու մեգ»-ը: Այն եզակի է մի հանգամանքով էլՙ չի խորշում սեփական հիմնադիր հրատարակիչ «Ուլիս Մեդիա» ընկերության նախագահի լուսանկարը զետեղել իր էջերի ամենատարբեր գովազդներումՙ նույն մարդուն տարբեր կերպարներում ցույց տալու հաճախականությունը անհարիր դարձնելու չափ:

Սեփական հրատարակության որակն ու տպաքանակը օգտագործված թղթի քաշի, բովանդակության ընտրությունն ու հետաքրքրականությունը մերժված նյութերի քանակի ընդգծմամբ գովազդող «Նյու մեգ»-ը տպագիր ժամանցի բազմազանություն ներառող հանդես է, որը իր ընթերցողին մատուցում է «take it easy»ՙ թեթեւ նայիր կյանքին սկզբունքը ամեն ինչում: Առավել գնահատելի կլինի առկա թերությունների հաղթահարումը:

Նույն նպատակով էլ տպավորություններս հրապարակած ընթերցողՙ

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4