«Ինչո՞ւ ես որոշել հեռանալ Հայաստանից: Միայն ավելի բարձր, անհամեմատ բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համա՞ր: «Միայն»-ը կոպիտ հնչե՞ց: Ճիշտ ես, քո ներկա կամ ապագա երեխաներն իրավունք ունեն սնվելու, հագնվելու, զվարճանալու այնպես, ինչպես բոլոր նրանք, ում բարեբախտություն է ընձեռվել ունենալու պատգամավոր, գործարար, պաշտոնյա կամ պարզապես հայտնի-նշանավոր, բայց ամեն դեպքումՙ գործարար ջիղ ունեցող երգիչ կամ դերասան հայր: Ճիշտ ես նաեւ, պնդելով, որ բարձրագույն կրթությունդ բանի պետք չէ, ու դու դադարել ես ոչ միայն բարձրակարգ, այլեւ ընդհանրապես մասնագետ լինել մի բանի, ինչ ուսանել ես ուսանողական 4-5 տարիների ընթացքում: Ու դաՙ ոչ քո մեղքով, այլՙ հանգամանքների: Մասնագիտությունդ պահանջարկ չունի: Ուղղակի դու այդ մասին իմացել ես բուհն ավարտելուց եւ ապարդյուն աշխատանք փնտրելուց հետո միայն: Դու էլի մեղք չունես, բայց քեզ չթվա հանկարծ, որ պետությունն է մեղավոր: Ընդհակառակը: Շուկայական հարաբերություններ են, պետությունը չի խառնվում քո գործերին ու այնքան է «հարգում» ինքնուրույնությունդ, որ իրեն թույլ չի տալիս տեղեկանալու նույնիսկ, թե դու կա՞ս ընդհանրապես: Էլ ինչո՞ւ նեղանալ, որ այդ պետությունը չի հետաքրքրվում, թե ինչպես ես ապրում, գոյատեւում, ինչպես ես երեխա ունենում կամ մեծացնում, ինչպես ես հարաբերվում մնացած աշխարհի հետՙ առանց այդ անիծյալ փողի:
Խորհրդարանը տքնաջան աշխատում էՙ օրենքներ ընդունելու, կառավարությունն էլ կաշվից դուրս է գալիսՙ դրանք կյանքի կոչելու համար, մանր ու մեծ պաշտոնյաների բանակն էլ միայն այն մասին է մտածում, թե ինչպես օգտակար լինի շարքային քաղաքացուն: Ինչո՞ւ ես ծիծաղում: Հա, այդ ամեն ինչի մասին դու հոգնել ես լսել-կարդալուց: Այսինքնՙ դու էլ ես տեղեկացված, թե ինչպիսի հաջողություններ է արձանագրում Հայաստանը գրեթե բոլոր բնագավառներում: Այդ դեպքում էլ ինչո՞ւ ես գնում: Քո ու քեզ նմանների կյանքում ոչինչ չի՞ փոխվել: Նույնիսկ ավելի է վատացե՞լ: Հըմ... Հետաքրքրական է... Հա՜, դու նկատի ունես, որ մեկ ամսվա աշխատավարձդ չի բավականացնում գոնե մեկ շաբաթ ապրելու համա՞ր: 2 տեղ աշխատիր: Դու արդեն երե՞ք տեղ ես աշխատու՞մ: Ու էլի չի բավականացնո՞ւմ: Գուցե չնչին է աշխատավարձդ ու բոլորը միասին դատավորի կամ պատգամավորի աշխատավարձի կեսն էլ չի կազմում: Տեսարՙ կռահեցի: Հա, բայց դե հասկացիր, բյուջեն իր սուղ միջոցներից այդ քայլին է գնացել, որ ավելի լավ օրենքներ ընդունվեն, որ ավելի արդար արդարադատություն լինի: Դրան էլ համաձայն չե՞ս: Միայն այն պատճառով, որ դժգոհ ես նաեւ տիրող անարդարության չափից ու ամենուրեքությունից... Դե, քանի տարի էՙ ասում են, չէ՞, որ այս ամենը ժամանակավոր է, որ պատերազմող երկիր ենք, որ մեր չարակամները շատ են, որ այս, որ այն... Որ դիմանանք:
Հոգնել ես սպասելուց ու գնում եսՙ կյանքիդ մնացած տարիները մարդավայել ապրելու համա՞ր: Հա, նաեւ ինչ-որ բան երեխաներիդ թողնելու մտադրությամբ: Ու նույնիսկ այն չի կանգնեցնում, որ ծնողներդ կարոտից բացիՙ այլ բան չեն զգալու, որ ընտանեկան-ազգակցական հավաքների ժամանակ տեղդ թափուր է մնալու...
Ու նաեւ այն պատճառով, որ «հանուն»-ը չես գտնումՙ հանուն ինչի՞: Բա հայրենասիրությո՞ւնը: Դա էլ չի օգնում արդե՞ն: Ո՞վ է մեր երկիրը պաշտպանելու, ո՞վ է հարկ վճարելու, ո՞վ է հող մշակելու կամ երկիր շենացնելու: Ով ասես, բայց ոչ դո՞ւ:
Նեղված ես ու գնում ես, էլի: Ո՞վ է մեղավոր տեսնես...»
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ