Հունվարի 25-ից Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Մարզումներից զատ փյունիկցիներն ուժերը փորձարկում են ստուգողական հանդիպումներում: Ինչպես տեղեկացանք ակումբի մամուլի քարտուղարությունից, ՀՀ չեմպիոնն արդեն ստուգողական երկու հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում «Փյունիկը» ոչ-ոքի (1-1) է խաղացել «Սոչի-04» թիմի հետ: Այդ խաղում փյունիկցիների կազմում փորձարկվեցին օտարերկրացի 6 ֆուտբոլիստներ, որոնցից 3-ը Զամբիայից են: Հենց զամբիացի Կասանդեն էլ դարձել է «Փյունիկի» խփած գոլի հեղինակ:
Ստուգողական երկրորդ խաղում «Փյունիկը» խոշոր` 5-2 հաշվով պարտության է մատնել Վորոնեժի «Ֆակելին»: Փյունիկցիներից արդյունավետ խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Մյուս գոլերը մրցակցի դարպասն են խփել Կարեն Դոխոյանն ու Դավիթ Մանոյանը: Մինչեւ Երեւան վերադառնալը «Փյունիկը» Սոչիում եւս մի քանի ստուգողական հանդիպում կանցկացնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ