ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո դիտորդներն ուշադրություն են դարձնում, որ Բարաք Օբամայի մերձավոր շրջապատում գրեթե չկան նոր պահպանողականներ, որոնց առավել ազդեցիկ ներկայացուցիչները հրեաներ են կամ առնվազն իսրայելամետ գործիչներ: Հատկապես իրաքյան արկածախնդրությունը վերջիններիս ձեռքի գործն էր` վերահսկել նավթն ու ապահովել Իսրայելի անվտանգությունը: Ահա եւ տխուր ժառանգություն ստացած Օբամայի անդրանիկ գործողությունների ֆոնի վրա հառնում են նաեւ հեռագնա հարցեր` նորընտիր նախագահը ե՞ւս կվարի իսրայելամետ քաղաքականություն, կուլ կգնա՞ հրեա լոբբիստներին եւ, մասնավորապես, ռազմական հարված կհասցնի՞ Իրանին:
Իրանին «պատժելու» հետ կապված ամերիկյան թե իսրայելական պլանները, անշուշտ, չեն կարող չմտահոգել հայերիս. մերձակա բարեկամ պետության կյանքի հակադրական փոփոխություններն անմիջականորեն կշոշափեն Հայաստանի շահերը, բնական է, բնավ էլ ոչ դրական իմաստով: Ռուս ռազմական փորձագետներից մեկի կարծիքով, պատերազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում կարող է նկատվել բնակչության արտահոսք դեպի Հայաստան, ընդսմին, ոչ միայն «հայախոս»:
Քանի որ խոսքը վերաբերում է պատերազմական գործողությունների հավանականությանը, ապա, թերեւս, ուշագրավ են դառնում հենց ռազմական փորձագետների մեկնաբանությունները: Ռուս մասնագետների կարծիքով, ամերիկացիները կարող են գործել երեք ուղղությամբ` աջակցել իրանական ընդդիմությանը, զանգվածային հրթիռառմբային հարվածներ հասցնել նրա միջուկային եւ ռազմական բազաներին, ցամաքային գործողություն ձեռնարկել ոչ միայն Իրանի ռազմական պոտենցիալը ոչնչացնելու, այլեւ կրոնական վարչակարգը տապալելու նպատակով:
Առաջին տարբերակն առայժմ համարվում է անհեռանկար, քանզի Իրանում ազդեցիկ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի: Եթե կան դժգոհություններ, ապա դրանք ուղղված են ոչ թե ներկա քաղաքատնտեսական կարգի, այլ առանձին քաղաքական խմբերի կամ անձանց դեմ:
Նվազ հավանական է համարվում նաեւ ցամաքային հարձակումը: Նախ, հազիվ թե ամերիկացիներին հաջողվի հուսալ Իրանի հարեւան պետությունների (նույնիսկ Ադրբեջանի) աջակցությունը: Մյուս կողմից, համենայն դեպս ներկա պայմաններում, հիմքեր չկա նաեւ ներիրանական ազգամիջյան երկպառակություններ հրահրելու համար: Սակայն դրանք չեն ամենակարեւորը: Իրանի զինված ուժերը ընդգրկում են, տարբեր տվյալներով, 540-900 հազար մարդ, այդ բանակն աչքի է ընկնում մեծ կարգապահությամբ եւ նվիրվածությամբ: Եվ պատերազմի դեպքում ամերիկացիները մեծ կորուստներ կունենան, ինչը չի կարող անտեսել ԱՄՆ-ի ղեկավարությունը:
Ռուսների կարծիքով, առավել արդյունավետ է թվում երրորդ` «հարավսլավական» տարբերակը, որի մոտավոր սցենարը ներկայացվում է հետեւյալ կերպ: ԱՄՆ-ի ավիացիոն եւ ռազմածովային ուժերը թեւավոր հրթիռներով առաջին հարվածն են հասցնում Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներին, մարտակառավարման եւ կապի կետերին (նաեւ ռադիոլոկացիոն միջոցներով), հրթիռակայաններին, հատուկ նշանակության զորքերի տեղաբաշխման վայրերին: Այնուհետեւ, օգտագործելով մերձակա ռազմաօդային բազաները, ծավալում են ավիացիոն հզոր հարվածներ Իրանի ռազմաօդային եւ ռազմածովային բազաների, միջուկային, ռազմական եւ ռազմաարդյունաբերական օբյեկտների վրա:
Սակայն այստեղ Իրանի կողմից զուտ ռազմական (նաեւ ահաբեկչական) պատասխան հարվածներ հասցնելուց բացի ուշադրություն է հրավիրվում նաեւ մի իրողության վրա: Իրանը միանգամայն ի վիճակի է սրելու իրավիճակը Իրաքում եւ Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում, արաբա-իսրայելական կոնֆլիկտում եւ, չի բացառվում, Կովկասում, ինչը չի կարող չստեղծել անկայունության հսկա մի գոտի, ամերիկացիների գործողությունները հերթական անգամ հիրավի վերածելով արկածախնդրության:
Ընդհանուր առմամբ ռուս ռազմական վերլուծաբանները կասկածամիտ են ամերիկյան պլանների իրագործման հարցում: Այլ է մոտեցումը` առնչված Իսրայելի մտադրություններին: Եթե սկզբունքորեն Իրանը իրական սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, ապա Իսրայելը նրան համարում է իր ոխերիմ թշնամին, եւ ոչ առանց հիմքի: Ու թեեւ Իսրայելն ունի բավարար հրթիռամիջուկային կարողություն եւ բավականին հուսալի հակահրթիռային պաշտպանություն, սակայն բոլոր դեպքերում խոցելի է առաջին հերթին սեփական տարածքի փոքրության բերումով. փաստարկներն անողոք են` այդ երկրի բնակչության գերակշիռ մասին ոչնչացնելու համար անհրաժեշտ են սոսկ միջին հզորության միջուկային երկու մարտագլխիկ կամ կենսաբանական զենք կրող չորս մարտագլխիկ: Ելնելով այդ պարագայից, երբ Իսրայելը չի կարող սովորական զինամիջոցներով ցանկալի արդյունքի հասնել Իրանի պես խոշոր պետության դեմ, ապա Թել Ավիվը կարող է կանխարգելման նպատակով քննության առնել միջուկային զենքի կիրառման հարցը:
Իրադրությունն աշխարհաշրջանում շարունակում է վատթարանալ, նշում են ռուս փորձագետները, եւ եթե չփոխվեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիվ նկրտումներն ու խնդիրը չդրվի դիվանագիտական, բանակցային հարթության, փոխզիջումների վրա, ապա հնարավոր չի լինի բացառել անողոք հակամարտությունը ռազմի դաշտում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա