«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ, ՄԻՆՉԴԵՌ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանային օրակարգի քննարկվող հարցերից էր, որ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ավելի զգալի էր Ֆրանսիայի տրանսպորտային համակարգի աշխատակիցների գործադուլի դրսեւորումների տեսքով, քան վեհաժողովի պատվիրակների տարբեր ելույթների մակարդակով:

Պատմական Ալզասի նահանգի գերմանական իրականություն հիշեցնող ֆրանսիական փոքրիկ քաղաքի փողոցներում ակտիվ երթեւեկությունը հասարակական տրանսպորտի առումով, որ հայաստանյան «խելացիության» դրսեւորումների հետեւանքով սահմանափակվել է անդուր ու անճոռնի ավտոբուսիկներով ու երթուղայիններով, հատուկենտ տրամվայներով էր կենդանանում: Իսկ վեհաժողովի պատերից ներս պատվիրակները շարունակում էին խոսել այնպիսի բարձր ու բարդ հասկացությունների շրջանակներում, որոնք շարքային տրանսպորտայիններին հաստատ չեն հետաքրքրի:

Մինչդեռ հունվարի 28-ին ԵԽԽՎ քննարկումները շատ ավելի թեժ էին, որ սակայն էլի զերծ չէին տրանսպորտային հարցերից այն առումով, որ այդօրինակ գործադուլներ էին անցկացվում նաեւ Գերմանիայում եւ Հունաստանում: Վեհաժողովում թեժությունը վերաբերում էր Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքներին վերաբերող բանաձեւի կատարմանը, որի առնչությամբ հերթագրված ելույթների թիվը մոտ 70 էր, իսկ բանաձեւում առաջարկված փոփոխությունները` ավելի քան 80:

Հիմնական դրույթը, որի առնչությամբ Ռուսաստանի պահվածքը նախապեսՙ դեռեւս նստաշրջանի բացման օրը որպես փակուղային էր որակել ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման որոշման հետ է կապված այն մոտեցմամբ, որ ԵԽԽՎ-ն դեռեւս աշնանային նստաշրջանում ընդունել էր բանաձեւ` առաջարկելով վերանայել այդ որոշումը:

Չորեքշաբթի վեհաժողովի քննարկումներում բազմիցս նշվել է, որ Ռուսաստանը չի կատարել բանաձեւի դրույթները, Վրաստանն էլ` ոչ ամբողջությամբ: Իսկ բարձրաձայնումները, թե ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից, անգամ որոշ դեպքերում` նաեւ վրացական պատվիրակությանը, ապա այդ առնչությամբ մթնոլորտը վեհաժողովում արդեն անլուրջ կարելի էր ընկալել այն տրամաբանությամբ, որ ձայնի իրավունքից զրկելը ընկալվում է որպես այդքան հաճախակի կիրառելի գործիք:

Ինչեւէ, Ռուսաստանին կզրկեն ձայնի իրավունքից, թե չեն զրկի` այդ երկրի պատվիրակությանն անգամ չէր հետաքրքրում ու չի էլ հետաքրքրել, եւ բնականաբար նման բան տեղի չունեցավ: Նոր բանաձեւում պահպանվեց միայն ԵԽԽՎ-ի առաջարկը` վերանայելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման որոշումը, մինչդեռ Ռուսաստան-Աբխազիա եւ Ռուսաստան-Հարավային Օսիա հարաբերությունները գնալով զարգանում ու խորանում են, այլ ոչ թե ճանաչման հարցի վերանայման հնարավորություն թողնում:

Հետաքրքրական կլինի տեսնել վեհաժողովականների արձագանքը, եթե Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ այլ երկիր, բացի Ռուսաստանից, նման քայլ կատարի ու հաստատապես չի ունենա գազային այն պաշարներն ու եվրոպական երկրների դրանից կախվածությունը, որ առկա է Ռուսաստանի պարագայում: Թեեւ պետք է Ռուսաստանի պարագայում ընդունել, որ միայն գազը չէ, որ այդ երկրի հանդեպ լոյալության պայմաններ է թելադրում թեկուզ այսօրինակ հարցերում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4