Հայաստանում պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության երեկ կառավարության հաստատած հայեցակարգը լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը : Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստեղծի նշված հայեցակարգով սահմանված միջոցառումներն իրականացնող առանձին կառույց, որի կանոնադրության նախագիծը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը պետք է ներկայացվեն եռամսյա ժամկետում:
Պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգով, պետությունը որպես մասնակից կողմ, աջակցելու է տնտեսության որոշ ոլորտներում ռիսկերի նվազեցմանը, այդ ոլորտներում մասնավորի համար գործունեությունն առավել գրավիչ եւ դյուրին դարձնելով: Ըստ Արա Պետրոսյանի, նման համագործակցության օրինակներ կան, բայց դրանք դեռ ցանկալի մակարդակի վրա չեն, ուստի անհրաժեշտ է այդ համագործակցությունը հնարավորինս «ինստիտուցիոնալացնել»: Այս հայեցակարգի մշակման ժամանակ լրջորեն հաշվի է առնվել միջազգային փորձը: Որպես պետություն-մասնավոր համագործակցության մոդելներ են դիտարկվել հավատարմագրային կառավարումը, վարձակալությունը, լիզինգը, զրոյական պայմաններում ենթակառուցվածքների ստեղծման նախագծերի իրականացումը: Փոխնախարարի կարծիքով, դա կբերի պետական ծախսերի կրճատման, տարածքային համաչափ զարգացման, ֆինանսների առավել արդյունավետ ծախսման եւ երկարաժամկետ հեռանկարումՙ զարգացման ապահովման:
Արա Պետրոսյանը նշեց, որ այս հայեցակարգը կդառնա մի խողովակ, որով կանցնեն եւ կհստակեցվեն պետական եւ մասնավոր համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերը: Փաստորեն, կստեղծվի «համագործակցային «եռանկյունի»` փոքր եւ միջին ձեռնարկությունների, ստեղծվելիք այս կառույցի եւ վարչապետին կից ստեղծված` փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցության օպերատիվ շտաբի միջեւ: Պետական որոշակի ներդրումներով եւ մասնավորի միջոցներով կիրականացվեն խոշոր ծրագրեր»: Փոխնախարարն ավելացրեց, որ համագործակցության առավել լայն հեռանկարներ կան էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաեւ կրթության, առողջապահության եւ տուրիզմի ոլորտներում:
Ա. Մ.