ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ տեղի ունեցավ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ասուլիսը։
Մարզպետը ներկայացրեց մարզի սոցիալ¬տնտեսական վիճակը, ՀՀ կառավարության 2008-ի դեկտեմբերի 18-ի արտագնա նիստում ընդունված որոշումներն ու ծրագրերը, դրանց իրականացումից ակնկալվող արդյունքները։ Մասնավորապեսՙ անդրադարձ եղավ «Միջհամայնքային միավորումների ձեւավորման եւ համայնքների խոշորացման» ծրագրին, գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, միջհամայնքային ճանապարհների բարեկարգման եւ այլ հարցերի:
«Մեր մարզում շատ համայնքներ կան, որտեղ բնակչության թվաքանակը չի գերազանցում 200-ը: 5 կմ շառավիղով ընդգրկված մոտ 5 համայնքներ կարող են միավորվել եւ ստացված միջոցներով կարողանալ որոշակի խնդիրներ լուծել», ծրագրի մասին իր կարծիքն է հայտնում մարզպետը։
Այսպիսովՙ որոշվել է մոտ 50 համայնք միավորել: Սակայն այս առնչությամբ բողոքի մեծ ալիք են բարձրացրել համայնքապետները: Նրանցից շատերը գտնում են, որ կկորցնեն իրենց պաշտոնները: Բայց այդ հարցը լուծվել է, երեկ վստահեցրեց մարզպետը` հայտնելով, որ գյուղապետների հետ անձամբ է խոսել։
Արագածոտնի մարզը, որ զբաղեցնում է Հայաստանի տարածքի մոտ 9 տոկոսը, ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածոտնի տարածաշրջաննները: Բնակչությունը, որի թիվը անցնում է 140 հազարը, հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Ն. Մ.