«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ՎԱՐՉԱՊԵՏԸՙ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մինչ կառավարության նիստի սկսվելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Խորենացու փողոցի ոսկու շուկայում տիրող իրավիճակին: Նա նշեց, որ ոսկու շուկայի աշխատողներից իր ստացած դիմում-բողոքում մարդիկ բողոքում են անմարդկային աշխատանքային պայմաններիցՙ «ձմեռը ցուրտ է` ջեռուցում չկա, ամառը շոգ է` օդափոխություն կազմակերպված չէ, 1 քմ-ի համար վճարը ահռելի թվերի է հասնում: Հակասանիտարական վիճակ է ստեղծված, անվտանգության կանոնները չեն պահպանվում: Այդ տարածքում գործում են արտադրամասեր, արտադրություն է կազմակերպված, որն իր ծավալներով չի զիջում ոսկերչական գործարանին, այդտեղ եւս օդափոխություն չկա, անվտանգության կանոնները պահպանված չեն»: Այս պայմաններում, շարունակեց վարչապետը, «ձեզ ձեռնտու չէ, մի աշխատեք» պատասխանն է տալիս աշխատողներին առեւտրի կազմակերպիչը»:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ստացած գերշահույթներն առեւտրի կազմակերպիչը թաքցնում է պետությունից եւ «հեքիաթներ է պատմում, թե պետությունն է խստացնում պահանջներն իրենց նկատմամբ: Մենք փոքր եւ միջին բիզնեսի համար պահանջները չենք խստացրել, հակառակը` խստացրել ենք պահանջները առեւտրի կազմակերպչի համար»: «Բեռն ամբողջությամբ մենք դնում ենք առեւտրի կազմակերպիչների վրա: Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որ այս պարզ ճշմարտությունը տեղ հասցնենք», ասաց վարչապետը: Նա տեղեկացրեց, որ շուկայից ստացված գերշահույթներով էլիտար տներ ու Ծաղկաձորում դղյակներ են կառուցվում: Մինչդեռ այդ եկամուտների մի մասը պետք է ծառայեր փոքր եւ միջին բիզնեսի հազարավոր աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծմանը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ այդ հարցում կառավարությունը հետեւողական է լինելու:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4