Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ «Վիվասել ՄՏՍ»-ի գործունեությանն ու ծրագրերին
Հայաստանի առաջատար բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան ընկերության 2008-ի գործունեության արդյունքներին եւ 2009-ի ծրագրերին:
Անդրադառնալով «Վիվասել ՄՏՍ»-ի 2008-ի գործունեությանը, Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ անցյալ տարի հիմնականում ավարտվել է ինտեգրումը մայր ընկերությանը, բաժանորդների թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է հասնելով 2 մլն 17 հազարի, կառուցվել են 750 բազային կայաններ եւ 3-րդ սերնդի 40 բազային կայաններ Երեւանում եւ Գյումրիում: Ըստ Ռալֆ Յիրիկյանի, 3-րդ սերնդի կամ 3G բջջային կապը հավանաբար կներդրվի այս տարվա առաջին կիսամյակի վերջում, երկրորդի սկզբումՙ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, բայց մինչ այդ պետք է հստակ լինի, որ այն պատրաստ է գործարկման:
100 կմ օպտիկական մալուխային ցանց է 2008-ին կառուցվել տվյալների փոխանակման համար: Սրա նպատակը նախ ընկերության գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակման սեփական ցանց ունենալն է, իսկ հետո նաեւ` ինտերնետ մատակարարելը: Տարվա ընթացքում առաջարկվել են սակագնային տարբեր փաթեթներ: Խոսելով բաժանորդների թվի մասին, «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը նշեց, որ 2007-ի վերջին ունեցել էր 1,3 մլն բաժանորդ: Ներկայումս շուկայում «Վիվասել ՄՏՍ»-ի մասնաբաժինը կազմել է 78 տոկոսՙ 1 տարի առաջ եղած 73 տոկոսի համեմատ: Գլխավոր տնօրենը հայտնեց, որ այս տարի նույնպես ձգտելու են պահպանել այս բաժինը շուկայում եւ առաջատարի դիրքերը:
Ընդլայնվել են «Վիվասել ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոնները` հասնելով 95-ի, որից 13-ը շարժական կենտրոններ են գյուղերի համար: Ընկերությունն ունի 375 ռոումինգ գործընկերներ աշխարհի 173 երկրներում եւ դեռ չի օգտվում մայր ընկերության 540 ռոումինգ գործընկերներից: «Վիվասել ՄՏՍ»-ում աշխատում են 1200 մարդ, որոնց միջին տարիքը 30-ն է, աշխատողների մեջ կան 29 հաշմանդամներ: Ռալֆ Յիրիկյանը նաեւ անդրադարձավ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ընկերության քաղաքականությանը, ասելով, որ պարտավորություն է համարում ստացված եկամուտների մի մասը կիսել հասարակության հետ: 2008-ի համար նախատեսված է եղել կատարել 65 մլն դոլարի ներդրում, եւ ՄՏՍ խմբի ընդհանուր ֆինանսական հաշվետվությունների ամփոփումից հետո կերեւա, թե որքանն է հաջողվել կատարել: Նշվեց նաեւ, որ «Վիվասել ՄՏՍ»-ն 2008-ին Հայաստանի թիվ 1 հարկատուն էՙ ավելի քան 30 մլրդ դրամ հարկային վճարումներով:
2009-ին նախատեսվում է իրականացնել 95 մլն դոլարի ներդրում ցանցի ընդլայնման եւ ունակությունների ավելացման նպատակով: Ընկերությունը նախապատրաստվում է ավելի ուժեղ մրցակցության, քանի որ Հայաստանի բջջային կապի շուկա մուտք է գործելու նոր օպերատոր: Նախատեսվում են նաեւ նոր սակագնային առաջարկներ, նոր ծառայություններ: «Վիվասել ՄՏՍ»-ն այս տարի նախատեսում է գործարկել նոր 098 կոդը: Վերանվանումը (ռեբրենդինգ), նախնական պլաններով, դեռ տեղի չի ունենա: Ընկերությունը կշարունակի կորպորատիվ սոցիալական ծրագրերը 3 ուղղություններովՙ աջակցություն երեխաներին, մշակույթին եւ գործընկերություն սպորտի հետ:
«Աշխատակազմի կրճատումներ հնարավո՞ր են, նկատի ունենալով միջազգային տնտեսական ճգնաժամը» հարցի առնչությամբ Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ աշխատակազմի ավելացում չի լինելու եւ կրճատումներ էլ չեն լինելու: Նա նշեց, որ ընկերության ամենակարեւոր արժեքը աշխատակազմն է:
Ճգնաժամի առնչությամբ տրված հարցին ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը պատասխանեց, որ ընկերությունը չի նախատեսում կրճատել ներդրումներն ընդհանրապես եւ մասնավորապես նաեւ Հայաստանում, ավելացնելով, որ բոլոր նախատեսված ծրագրերը կկատարվեն:
«Ազգի» հարցին, թե ե՞րբ «Վիվասել ՄՏՍ»-ի կապը հասանելի կլինի նաեւ մետրոյում, Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ այս տարի դա հնարավոր կլինի, արդեն ստացել են թույլտվությունները դրա համար եւ ներկրվում են անհրաժեշտ սարքավորումները:
«Ինչպե՞ս է գնահատում «Վիվասել ՄՏՍ»-ի գործունեությունը մայր ընկերությունը» հարցին, ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը պատասխանեց, որ ամբողջությամբ բավարարված են «Վիվասել ՄՏՍ»-իՙ մայր ընկերության հետ ինտեգրման, ծառայությունների մատուցման եւ որակի, նոր սակագնային առաջարկների եւ գործունեության մնացած բոլոր ուղղություններից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ