«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ԵՂԱԾ ՈՒԺԵՐՈՎ ԿՁԳՏԵՆՔ ՄԵԶ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԴՐՍԵՎՈՐԵԼ»

Երեւանի «Արարատը» հանրապետության թիմերից առաջինն էր, որ նոր մրցաշրջանում մրցասպարեզ դուրս եկավՙ մասնակցելով Մոսկվայում անցկացված «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Մրցաշարում թիմի մրցելույթների եւ նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների շուրջ է ստորեւ ներկայացվող հարցազրույցը «Արարատի» գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի հետ:

- Պարոն Կիրակոսյան, նախ անդրադառնանք մոսկովյան մրցաշարում թիմի ելույթներին:

- Ինչպես գիտեք, «Արարատը» թերի կազմով էր մեկնել Մոսկվա: Բացակայում էին բրազիլացի ֆուտբոլիստները, ինչպես նաեւ Վահագն ու Արթուր Մինասյանները: Բացի այդ, մրցաշարին լրջորեն նախապատրաստվելու համար նպաստավոր պայմաններ չենք ունեցել: Երեւանում մարզվել ենք «Սպարտակի» թեթեւատլետիկական մանեժում եւ «Կիլիկիայի» մարզադահլիճում: Բնականաբար, չէինք կարող այնպիսի պատրաստվածության աստիճանի հասնել, որ կարողանայինք Մոսկվայում արհեստական խոտածածկով խաղադաշտերում հաջող ելույթներ ունենալ: Ցանկանում էինք գոնե «Բանանցի» կամ «Միկայի» արհեստական խոտածածկով խաղադաշտերում մարզվել, սակայն դրանք ծանրաբեռնված էին, ուստի չտրամադրեցին մեզ:

Ասեմ, որ շատ ուժեղ խմբում էինք ընդգրկվել: Ինչպես գիտեք, մեր մրցակիցներից մեկըՙ Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեն» հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ միայն 11 մ հարվածներով զիջեց «Շերիֆին», իսկ Տաշքենդի «Պախտակորը» հանդես եկավ կիսաեզրափակիչում: Նաեւ նշեմ, որ մեր մրցակիցներն իրենց հիմնական կազմերով էին ներկայացել մրցաշարին եւ մեծ թվով ֆուտբոլիստներ ունեին, ուստի անհրաժեշտության դեպքում կարողանում էին թարմ ուժեր մտցնել մրցասպարեզ:

Առաջին խաղում մինչեւ տղաները կհարմարվեին արհեստական խոտածածկին, «Ակտոբեի» խաղաոճին, գնդակը երեք անգամ հայտնվեց մեր դարպասում: Ընդմիջումից հետո հաջողվեց որոշ չափով կարգավորել խաղը եւ գոլ խփելով շահել 2-րդ խաղակեսը:

Հաջորդ օրը ծանր մրցախաղ անցկացրինք «Պախտակորի» հետ: Առաջին կես ժամում հաշիվը հավասար էր (1-1), սակայն հետագայում տղաները չդիմացան ծանրաբեռնվածությանը ու պարտվեցին 1-4 հաշվով: Մեկօրյա հանգստից հետո «Ռուբինի» հետ խաղում արդեն տղաներն իրենց լավ դրսեւորեցին ու կազմակերպված խաղ ցուցադրեցին: Նույնիսկ «Ռուբինի» ֆուտբոլասերներն էին խաղի ընթացքում մեզ երկրպագում: Շնորհիվ Մովսիսյանի եւ Սերգեյ Էրզրումյանի խփած գոլերի 2-րդ խաղակեսի սկզբում հաղթում էինք 2-0 հաշվով: Ցավոք, հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: «Ռուբինն» անակնկալ գոլ խփեց, հետո 11 մ-ով վերականգնեց հավասարակշռությունը: Դրանից հետո մրցակիցը եւս մեկ 11 մ հարվածի իրավունք ստացավ, բայց Նիկոլայ Սարգսյանը հետ մղեց հարվածը: Ինձ թվում է, որ 3-րդ գոլը «Ռուբինը» խփեց «խաղից դուրս» վիճակից: Համենայնդեպս, մեր ֆուտբոլիստները դադարեցրին պայքարըՙ սպասելով մրցավարի սուլիչին, իսկ մրցակիցը գլխի հարվածով հանգիստ գրավեց դարպասը:

Ամփոփելով թիմի ելույթները, կարելի է ասել, որ թիմը կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրեց, ֆուտբոլիստներն իրենց ուժերի ներածի չափով խաղացին: Հնարավորություն ստացանք փորձարկելու թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին: Իհարկե, շատ դժվար էր արհեստական խոտածածկի վրա չորս օրում երեք ծանր խաղ անցկացնել ուժեղ մրցակիցների հետ: Մանավանդ, որ ֆուտբոլիստները դեռեւս պատրաստ չէին: Դա էր պատճառը, որ «Արարատը» Մոսկվայում ցածր արդյունք ցույց տվեց:

- Դատելով թիմի խփած գոլերից, կարելի է ենթադրել, որ առջեւի գծի խաղացողները իրենց վատ չդրսեւորեցին: Իսկ պաշտպանական օղակում երեւի թե հիմնախնդիրներ կային:

- Ուժեղ մրցակիցների հետ 3 խաղերում 4 գոլ խփելը կարծում եմ վատ արդյունք չէ, հուսադրող է: Ես լավատես եմ, հուսով եմ, որ այդ գծի խաղացողներն իրենց կարդարացնեն: Պաշտպանությունում իրոք որոշ հիմնախնդիրներ կային: Արթուր Պետրոսյանին տեղափոխել էինք պաշտպանության կենտրոն եւ ժամանակ էր անհրաժեշտ, որ հստակ համագործակցություն հաստատեր Հրայր Մկոյանի հետ: Ձախ թեւում փորձարկեցինք երիտասարդ Արսեն Մարտիրոսյանին: Կիսապաշտպանական օղակն ակտիվ էր գործումՙ օգնելով եւ պաշտպաններին, եւ հարձակվողներին:

- Իսկ դարպասապահներն իրենց ինչպե՞ս դրսեւորեցին:

- Նիկոլայ Սարգսյանի խաղը կարելի է գերազանց գնահատել: Գեւորգ Պրազյանը թեթեւ վնասվածք ուներ, ինչն էլ նրան խանգարեց լավ հանդես գալ:

- Բոլորին հետաքրքրում է «Արարատի» բրազիլացի ֆուտբոլիստների հետագա ճակատագիրը:

- Ֆուտբոլասերները հավանաբար տեղյակ են, որ Մարկոսը, Ջեֆերսոնն ու Ռենատոն այժմ խաղում են Փարիզի «Արարատում»: Ճիշտ է, Ռենատոն ներկայումս փորձաշրջան է անցնում Սլովենիայում: Տեղեկացնեմ, որ նրանք Հայաստան չեն վերադառնալու եւ առաջնությանը չեն մասնակցելու: Հնարավոր է, որ թիմին միանան միայն ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Առայժմ պետք է ապավինենք տեղի ֆուտբոլիստների ուժերին: Սակայն հարկ եղած դեպքում թիմի կազմն ուժեղացնելու համապատասխան միջոցներ ձեռք կառնենք:

- Առաջնության մասնակից գրեթե բոլորը թիմերը համալրել են իրենց կազմը, իսկ «Արարատն» ավելի շատ կորուստներ է ունեցել: Այս փաստը ձեզ չի՞ անհանգստացնում: Ունե՞ք համալրումներ:

- Համալրումները նվազագույն են: «Միկայից» ընդունել ենք պաշտպան Վիրաբ Մեյթիխանյանին, ուլիսցի Գոռ Աթաբեկյանը դեռեւս փորձաշրջան է անցնում թիմում: «Արարատում» մարզված Գալուստ Պետրոսյանը մեկնել է Իրան եւ մինչեւ մայիս հանդես կգա արտերկրում, որից հետո կմիանա մեզ: Իր դիմումի համաձայն «Գանձասար» է տեղափոխվել Արտաշես Անտոնյանը:

- Թիմի ավագ Արթուր Մինասյանը ծանր վնասվածքից հետո անհատական ծրագրով էր մարզվում: Ինչպիսի՞ն է նրա վիճակը:

- Նա արդեն մարզվում է թիմի հետ, աստիճանաբար ավելացնում է մարզումների ծանրաբեռնվածությունն ու իմ կարծիքով մեկ ամիս հետո պատրաստ կլինի:

- Նշան Էրզրումյանը գրեթե մեկամյա հարկադիր պարապուրդից հետո ինչպիսի՞ մարզավիճակում է:

- Նա դեռեւս վնասվածքից ամբողջովին չի ապաքինվել: Բայց մինչեւ մրցաշրջանի մեկնարկը Նշանն էլ լավ մարզավիճակ ձեռք կբերի:

- Սերգեյ Էրզրումյանն էլ խաղային պրակտիկայի պակաս ուներ...

- Մոսկվայում Սերգեյն իրեն գերազանց դրսեւորեց: Նրան տեղափոխել էինք կենտրոնական կիսապաշտպանի գոտի, որտեղ իրեն շատ լավ դրսեւորեց հատկապես «Ռուբինի» հետ խաղումՙ դառնալով նաեւ գոլի հեղինակ: Այնպես որ Սերգեյ Էրզրումյանն այդ գոտում Արթուր Մինասյանի հետ օգտակար կլինի թիմին ու կամրապնդի դաշտի կենտրոնական հատվածը:

- Մեկնարկային երկու խաղերում բացակայում էր Սարգիս Մովսիսյանը, ի՞նչն էր պատճառը:

- Նա վատառողջ էր, որի պատճառով մասնակցեց միայն «Ռուբինի» հետ հանդիպման առաջին խաղակեսին: Սարգիսն իրեն լավ դրսեւորեցՙ բացելով խաղի հաշիվը:

- Ինչպիսի՞ն է «Արարատի» նախապատրաստության հետագա ծրագիրը:

- Փետրվարին նախատեսվում է ուսումնամարզական հավաք Խորվաթիայում, որի ընթացքում ուշադրություն կդարձվի ֆուտբոլիստների ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական որակների բարելավմանը, կանցկացվեն ստուգողական հանդիպումներ: Հնարավոր է, որ հավաքի ժամանակ փորձարկվեն օտարերկրացի երկու ֆուտբոլիստներ, որոնք պաշտպանական եւ կիսապաշտպանական օղակի խաղացողներ են:

- Թիմի առջեւ նոր մրցաշրջանում արդեն խնդիր դրվե՞լ է:

- Դեռեւս ոչ: Բայց ձգտելու ենք եղած ուժերով մեզ լավագույնս դրսեւորել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4