Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի վերջնագծում Լեւոն Արոնյանը պարզապես հիանալի է խաղում: 10-րդ տուրում Լեւոնը նոր հաջողության հասավ անգլիացի Մայքլ Ադամսի հետ մրցավեճում: Նավակային վերջնախաղում նա կարողացավ իրացնել երկու զինվորի առավելությունը ու 40-րդ քայլում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ հաջողությունը հնարավորություն տվեց Արոնյանին 6,5 միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը:
Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով խաղում էր չին շախմատիստ Վանգ Յուեի հետ: 22-րդ քայլում մրցակիցները հաշտություն կնքեցին: Մովսիսյանը 5,5 միավորով Դոմինգուեսի, Ռաջաբովի եւ Կառլսենի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ուկրաինացի Սերգեյ Կարյակինը, որը ոչ-ոքի խաղալով վան Վելիի հետ, վաստակեց 6 միավոր: Իսկ ահա նախորդ տուրից հետո առաջատարների շարքում գտնվող կուբացի Լենիեր Դոմինգուեսն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով նորվեգացի Մագնուս Կառլսենին: Վերջինս առաջին անգամ ճաշակեց հաղթանակի քաղցրությունը: Ի դեպ, մրցաշարում միայն Արոնյանն ու Կառլսենը դեռեւս չեն պարտվել:
Ոչ-ոքի ավարտ ունեցան Ռաջաբով-Սմիթս, Սթելվագեն-Մորոզեւիչ, Իվանչուկ-Կամսկի պարտիաները: Սմիթսն ու վան Վելին վաստակել են 5 միավոր, Ադամսը, Կամսկին, Վանգ Յուեն եւ Իվանչուկն ունեն 4,5 միավոր: Նրանցից կես միավորով հետ է մնում Սթելվագենը: Աղյուսակը 3,5 միավորով եզրափակում է Մորոզեւիչը:
11-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցելու է Դոմինգուեսի հետ: Մովսիսյանի մրցակիցը կլինի հոլանդացի վան Վելին: Տեղի կունենան նաեւ Կամսկի-Կարյակին, Վանգ Յուե-Ռաջաբով, Մորոզեւիչ-Կառլսեն, Ադամս-Իվանչուկ, Սմիթս-Սթելվագեն մրցախաղերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ