«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՉԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ, ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ

Հայկական գովազդային խորհուրդը ստեղծվել է 2005-ին: Խորհրդի ստեղծման եւ գործունեության նպատակն է պաշտպանել սպառողներին անբարեխիղճ, ոչ հավաստի, ակնհայտ կեղծ գովազդից, ինչպես նաեւ ՀՀ «Գովազդի մասին» օրենքի հոդվածներին համապատասխան կարգավորիչ գործառույթներ իրականացնել գովազդի շուկայում:

Հայկական գովազդային խորհրդի անդամները անցկացրել են մոնիտորինգՙ գովազդի շուկայում հայտնաբերելով մի շարք խախտումներ:

«Ռադիո Վան» ռադիոկայանի համակարգող եւ ծրագրերի տնօրեն Գոռ Գրիգորյանը նկատում է, որ այս հարցերն առաջացել են, քանի որ «Գովազդի մասին» օրենքը պատրաստելիս մասնագետների հետ քննարկում չի եղել:

Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ցուցադրվեցին գովազդային հոլովակներ, որտեղ, ըստ ակումբի բանախոսների, խախտվում են «Գովազդի մասին» օրենքի մի շարք դրույթներ:

«Շարմ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը նկատում է, որ, օրինակ, «Բորժոմ» հանքային ջրի գովազդային տարբերակը ռուսերեն է, սակայն օրենքն իր հերթին պահանջում է, որ գովազդի լեզուն պետք է հայերենը լինի: Ակումբում ցուցադրվեցին նաեւ «Տիսսո» ժամացույցների, «Բոշ» օդորակիչների, «Հայ կոլայի» գովազդային հոլովակները, որոնցում, ըստ բանախոսների, առկա են մի շարք կոպիտ խախտումներ:

Պետք է նշել, որ հեռուստառադիոգովազդի օրենքի վերահսկողությունը իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Իսկ թե ի՞նչ է անում հանձնաժողովն այդ ուղղությամբ, ակումբի հյուրերը նկատեցին, որ ոչինչ չի արվել ու չի արվում. մինչդեռ, ըստ Կարեն Ղազարյանի, արտաքին գովազդը նաեւ պետք է վերահսկվի եւ կարգավորվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից. «Իսկ հանձնաժողովն իր ցանկությամբ է կիրառում տուգանք. սա էլ ի վերջո կոռուպցիայի է հանգեցնում: Որքա՞ն է տուգանքի չափը, եւ համապատասխանո՞ւմ է օրենքի խստացումներին` ոչ ոք չգիտի»:

Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դատախազությունը կարող է պատժել այդ հանձնաժողովին, քանի որ վերջինս աշխատավարձ է ստանում, որպեսզի վերահսկի ցուցադրվող գովազդը:

Կարեն Ղազարյանի կարծիքով էլ, եթե հանձնաժողովը դիմել է հեռուստաալիքին, որ գովազդ չհեռարձակվի, բայց հեռուստատեսությունը շարունակում է գովազդի ցուցադրումը, պետք է հեռուստատեսությանը դատի տալ:

Բացի այս, բանախոսները նշում են, որ հեռուստաընկերություններում մեծ է ստվերը. հարկերն էլ համապատասխան քանակով չեն վճարվում, քանի որ կանխիկով շատ գործարքներ են կատարվում:

Ա. Մարտիրոսյանի խոսքով, այսօր կան նաեւ բազմաթիվ գովազդներ, որոնք երեխաների վրա կարող են բացասական ազդեցություն թողնել, սակայն այսօր օրենքում անթույլատրելի գովազդի հեռարձակման համար տուգանք չկա սահմանված, միայն նախազգուշացում է:

Լրագրողներից մեկը նկատեց, որ լեզվի խախտումներ կան նաեւ «Ռադիո Վանում», որին էլ արձագանքեց Գոռ Գրիգորյանը. ««Ռադիո Վանը» նույնպես խախտում է կանոնները. մենք խախտում ենք կանոնները, քանի որ մեզ մոտ շատ գովազդներ ռուսերեն լեզվով են. այդպես է ուզում գովազդատուն, եւ մենք ռուսերենով ենք պատրաստում. լեզուն հայերենն է, բայց այն գրված չէ ռադիոյի համար: Սրա դեմ ակտիվորեն պայքարում էր Ամալյանը եւ որոշ ժամանակով ուզում էին մեր հաղորդումը փակել, որ շատ դեպքերում ոչ միայն գովազդները, այլեւ հաղորդումներն են ռուսերեն: Գրված չէ, թե ինչպե՞ս անել, որ հաճախորդի գովազդը հեռարձակվի թարգմանությամբ: Երբ օրենք կլինի, մենք կմտածենք` ինչպես այդ ուղղությամբ շարժվել»:

Ըստ Գ. Գրիգորյանի` նույնը կարելի է ասել նաեւ ինտերնետային գովազդի մասին:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4