Հյուրանոցների որակավորման գործընթացը ամրագրված է օրենքով, որը հինգ տարի իրագործվում է: Իսկ նոր օրենքի ընդունման պահից լինելու է պետական տուրք, որը մինչեւ այսօր չի կիրառվել. պետական տուրքի դիմաց էլ մատուցվում է ծառայություն:
Երեկ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում հյուրանոցների օրենքի մասին նման բնորոշում տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը :
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կառավարության ներկայացուցչին ներկայացրեց առաջարկՙ այն հյուրանոցներից, որոնք էկոնոմիկայի նախարարությունից որակավորում են ստանում եւ ունեն չափանիշներ, չպետք է հաստատագրված գումար գանձվի, դրանք պետք է գնան ուղիղ հարկման դաշտ:
Այս օրենքի կիրառման գաղափարին դեմ էր Արա Պետրոսյանը, նշելով, որ հարցն այդպես չի լուծվում: «Կան հյուրանոցներ, որոնք կառավարության սկզբունքի հիման վրա չեն դիմում որակավորման համար եւ աստղ չեն ստանում: Կամավոր է այդ սկզբունքը, ու ինքը չի դիմում աստղ ստանալու համար», նշում էր Պետրոսյանը:
Այվազյանի մատուցմամբ` օրենքը չի վերաբերում հանգստյան տներին, բնակատեղերին, ճամբարատեղերին: Այվազյանը առաջարկում է, որ հյուրանոցների որակավորման կողքին ավելացվի նաեւ չափանիշ բառը, ըստ որի, եթե հյուրանոցը ստանում է աստղ, պետք է դուրս գա հաստատագրված գանձումներից:
Մոտ 2 ժամ քննարկումից հետո 10 օրով հետաձգվեց որոշումը` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:
Ն. Մ.