«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


ԻՆՉ ԿՏԱՆ GSP+ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Հայաստանին Եվրոմիության երկրների հետ առեւտրի GSP+ արտոնությունների տրամադրման մասին երեկ մանրամասներ ներկայացրին էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը : Մուշեղ Թումասյանը նշեց, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 50 տոկոսը եւ արտահանման 30 տոկոսը կատարվում են Եվրոմիության երկրների հետ, եւ այս առումով Հայաստանին տրված արտոնությունը շատ կարեւոր է: Եթե մինչեւ 2008-ի դեկտեմբերը GSP համակարգով Հայաստանը հնարավորություն ուներ արտոնյալ ռեժիմով ԵՄ երկրներ արտահանելու մոտ 2 հազար ապրանքներ, ապա GSP+ համակարգովՙ արդեն 6400 ապրանքներ:

Հայաստանից առանց մաքսատուրքի կամ ցածր մաքսատուրքով ԵՄ արտահանման հնարավորություն են ստացել հայկական ծխախոտը, բնական հյութերը, մրգերը, բանջարեղենը, ձկնամթերքը, մեղրը եւ այլն: Միաժամանակ, բանակցություններ են ընթանում ԵՄ հետ ամբողջական ազատ առեւտրի պայմանագրի կնքման շուրջը: Այս տարվա փետրվարին այդ նպատակով Հայաստան կայցելի ԵՄ փաստահավաք առաքելությունը:

Մուշեղ Թումասյանը նաեւ հայտնեց, որ գործարարները վերոնշյալ արտոնյալ ռեժիմից օգտվելու համար պետք է ունենան իրենց ապրանքի ծագման երկրների սերտիֆիկատը, որը տալիս է առեւտրաարդյունաբերական պալատը:

Գագիկ Մակարյանը նույնպես Հայաստանին GSP+ արտոնություններ տրամադրելը լուրջ խթան համարեց արտահանման համար: Օրինակ` ծխախոտի համար կկիրառվեն 55 տոկոս, մրգերի, բանջարեղենի համար` 20 տոկոս մաքսատուրքեր, մեղր արտադրողները, որոնք դժվարություններ ունեին արտահանելու հետ կապված, կկարողանան օգտվել դրանից: Գագիկ Մակարյանը նշեց, որ այս համակարգից օգտվելը հնարավոր դարձավ աշխատանքի կազմակերպման առումով Հայաստանի կողմից մի շարք միջազգային կոնվենցիաներին միանալու շնորհիվ: Եթե այդ կոնվենցիաները չպահպանենք, ապա այդ հնարավորությունից կզրկվենք: Գործարարներին միավորող միության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ գործարարներից շատերը դեռ տեղյակ չեն այս հնարավորության մասին, որն, ի դեպ, տրված է 3 տարի ժամկետով: Մինչդեռ դա թույլ կտա ոչ միայն մեր արտահանման ծավալները մեծացնել, այլեւ մեր ապրանքները ճանաչման արժանացնել արտաքին շուկայում: Այսօր հայկական ապրանքները լավ ճանաչված չեն աշխարհում:

Էկոմոմիկայի փոխնախարարը նշեց, որ 2007-ին GSP արտոնություններից օգտվելու շնորհիվ Հայաստանի արտահանողները խնայել են 120 մլն եվրո: «Ազգի» այն հարցին, թե այս համակարգը կօգնի՞ մեր հանքարդյունաբերությանն ու ադամանդագործությանը, Մուշեղ Թումասյանը դրական պատասխանեց, ասելով, որ դա որոշակիորեն կնվազեցնի դեպի Եվրոպա արտահանվող այդ ճյուղերի արտադրանքի ծախսը:

Խոսելով տեղական արտադրողների խնդիրների մասին, Գագիկ Մակարյանը մատնանշեց ընկերությունների կառավարման, նոր սարքավորումներով զինելու, կրթական համակարգի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներմուծողների նկատմամբ ակցիզային հարկի ավելացման օրենսդրական փոփոխությունները, Գագիկ Մակարյանը նշեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հնարավորություն տալիս է որոշակի հովանավորչություն իրականացնելու տեղական արտադրողների նկատմամբ:

Խոսելով հայկական դրամի արժեւորման մասին, Գագիկ Մակարյանը նշեց, որ այն խոչընդոտում է արտահանմանը եւ նպաստում ներմուծման ավելացմանը: Սակայն նա նաեւ նշեց, որ փորձելու են տեղական արտադրողներին խթանելու այլ տարբերակներ առաջարկել: Օրինակՙ ազատել տեխնոլոգիական վերազինման նպատակով գանձվող վճարից, նաեւ կառավարության հետ համատեղ ուսումնարաններում մրցունակ աշխատուժ պատրաստել: Մուշեղ Թումասյանն էլ նշեց, որ միայն դրամի փոխարժեքով չի պայմանավորված հայկական ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում: Դա նախ եւ առաջ պայմանավորված է արտադրության կազմակերպմամբ եւ նոր սարքավորումների օգտագործմամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4