«Ազգը» հունվարի 27-ի համարում տեղ էր տվել Լոս Անջելեսից Գայանե Մանուկյանից ստացված մի հաղորդագրության, որտեղ պատմվում էր Գլենդեյլի «284 Ալիք» (AABC) հեռուստակայանի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից AMGA հեռուստակայանի աշխատակիցների հարձակման մասին, որի պատճառով շուրջ 15 րոպե ընդհատվել է ուղիղ եթերով ընթացող հաղորդումը ճիշտ այն պահին, երբ ծանոթ լրագրող եւ մինչ այդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լոսանջելեսյան թիմի անդամ Համո Մոսկոֆյանը բացահայտում էր որոշ մանրամասներ նույն այդ թիմի մասին: Երեկ ստացանք մեկ այլ հաղորդագրություն, այս անգամ հենց Հ. Մոսկոֆյանից, որը որոշ մանրամասնություններ է ներկայացնում «284 Ալիքի» եթերով իր ունեցած եւ բռնի կերպով ընդհատված հեռախոսազրույցից: Հասկանալի է անշուշտ, որ վերստուգելու անհնարինության պատճառով չենք կարող երաշխավորել Հ. Մոսկոֆյանի մի շարք պնդումները:
ԽՄԲ.
Անցյալ երկուշաբթի, երեկոյան ժամը 8.30-ին (Լոս Անջելեսի ժամանակով), երբ ուղիղ եթերով կապվել էինք Գլենդեյլի «284 Ալիք»-ով ելույթ ունեցող Սարգիս Գըլյանի հաղորդմանը, բացահայտելով, որպես մեզ ուղղված հարցի պատասխան, մի շարք «ընդդիմադիր» ղեկավարիկների դրամաշորթումները, դրամահավաքները, հայրենադավ գործունեությունը, որոնք Լոս Անջելեսի AMGA-ի հեռուստակայանը վերածել են մայր հայրենիքի ու պետության դեմ թունավոր քարոզչության, Հայաստանը Եվրոխորհրդում ձայնի իրավունքից զրկելու, ներքին աթոռակռվի, Լոս Անջելեսի հայկական համայնքում բախումներ հրահրելու որջի, հանկարծ ներս են խուժում մի խումբ «ընդդիմադիրներ»` գլխավորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող (իմա` պառակտող ու վարկաբեկող գրասենյակի, ակտիվիստներ Էդվարդ Կալայջյանի (AMGA-ի տնօրեն) եւ իր ընկերուհի Կարինե «Հարմոնի TV»-ի: Որովհետեւ իմ հեռախոսազրույցում իրենց անունն էր շոշափվել ճիշտ այն լեզվով, որոնց միջոցով ամիսներ շարունակ նրանք պահանջում էին մեզանից, հեռուստալրագրողներիցս` ինձ, Ռուդիկ Հովսեփյանին, Անահիտ Մարտիրոսյանին, Կարո Կարապետյանին, Արմեն Բարսեղյանին, սկանդալներ, անվերջ պարսավանք, հայհոյանքներ տեղացնել Հայաստանի իշխանությունների հասցեին, պատճառաբանելով մարտի 1-ի դեպքերը, ձերբակալությունները, քաղաքական հալածանքները եւ այլն: Իսկ այժմ, երբ բոլորիս աչքերը բացվել են եւ մերժել էինք ներքաշվել հայրենադավության եւ հայրենիքի վարկաբեկման պրոցեսում` բացահայտելով այս «փրկիչների» շարժման իսկական տերերին ու նպատակները, երկու ելույթներ էինք ունեցել Սարգիս Գըլյանի հայցումներով` որպես տարբեր քաղաքական հայացքների տեր անձինք` որոնց նպատակն է օգնել մայր հայրենիքին սփյուռքի եւ հայրենիքի ազնիվ մարդկանց օժանդակությամբ:
Հեռուստահաղորդումը այդ ընթացքում մի քանի րոպե կանգ առավ, երբ «284 Ալիք»-ի տնօրեն Վրեժ Աղաջանյանը դուրս հանեց ներխուժողներին, որոնց այնուամենայնիվ հաջողվեց էկրանով մի հայտարարություն անել սպառնալիքների տարափի տակ, թե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մարդիկ, որ արդեն ամիսներ շարունակ ամբաստանում էին Հայաստանի ղեկավարությանը այլախոհությունը չհանդուրժելու, ազատ կարծիքը խափանելու եւ ընդդիմադիրներին լռեցնելու մեջ, այժմ հեռավոր Գլենդեյլում, ամեն կարգի ստոր միջոցների են դիմում իրենց խայտառակ գործունեությունը բացահայտողների դեմ, վճարվելով զանազան մութ աղբյուրներից: Նպատակը` մի «գունավոր» հեղափոխություն էլ պատրաստել Հայաստանում, մեր զորքերը դուրս հանել Արցախի իրանամերձ սահմանային տարածքներից, իսկ ռուսական զորքերը` Հայաստանից:
Որպես ավելի քան 8 ամիս ԱՄՆ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցման գրասենյակի անդամ, մի շարք ժողովրդային ցույցերի մասնակից ու ճառախոս, հեռուստամարաթոնների մասնակից ու կազմակերպիչ (Արման Բաբաջանյանի բանտից ուղարկած գրավոր խնդրանքով (...), որպես 450 հաղորդման հեղինակ, ես, որպես իրենց «պոտենցիալ մրցակից», «անհասկանալի» պատճառներով դուրս էի շպրտվել գրասենյակից, որովհետեւ երեւի շատ բան էի իմացել այդ հայրենադավ խմբակի գործունեության մասին:
Մինչ այդ, մեր սիրելի հեռուստադիտողներից ոմանք, շատ լուրջ մարդիկ, պետական եւ քաղաքական շատ ու շատ գործիչներ, ներկայացրել էին փաստաթղթեր, տեղեկություններ, անժխտելի փաստեր եւ իրականություններ` Էմիլյա եւ Արման Բաբաջանյանների, Արմեն Բարսեղյանի («Ախպարաշենում» ծնված «Կոնդի բոշա»), Սարգիս Թադեւոսյանի (Արաբոյի Սաքո), Արմեն Կակաչյանի («Կակաչ»), Դավիթ Շահնազարյանի ու իր «պաշտպանյալ» Ռուդիկ Հովսեփյանի, Էդվարդ Կալայջյանի ու Կարինե «Հարմոնի TV»-ի, Նաիրա-«սկանդալներ»-ի, Հովհաննես Բալայանի («Քաջ Նազար») եւ այլոց գործունեության մասին, որոնք վճարվել, ֆինանսավորվել, ֆինանսավորել են մութ եւ կասկածելի աղբյուրներից` իբր թե ստեղծելու «դեմոկրատիա» եւ «արդարություն» Հայաստանում: «Ձմեռ պապի» դիմակով հանդես եկող Հովհաննես Բալայան-«Քաջ Նազարը» իբր թե Խարբերդի մանկատանը օգնելու պատրվակով հանգանակել է ավելի քան 400.000 դոլարի գումար վերջին երկու տարում` հարուցելով նույնիսկ Լոս Անջելեսում ապրող Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավորների կասկածները: Եվ արդեն, ըստ ձեռքի տակ գտնվող փաստերի եւ տեղեկությունների` 175 միլիոն դոլարի գումարներ են ուղարկվել ԱՄՆ-ի մի շարք կազմակերպություններից Հայաստանում իշխանափոխություն հաջողացնելու համար: Այս բոլորը պատճառ էին դարձել, որ ես «անցնեմ Ռուբիկոնը» եւ հայտարարեմ թե` այո՛, ես ընդդիմադիր եմ, բայց ո՛չ հայրենադավ:
Այժմ, արդարացնելու համար իրենց արարքները, ժողովրդի աչքին «մաքուր» երեւալու համար, այդ քաղաքական ստահակների խմբակը ամենօրյա «դեղին» քարոզչություն է ծավալում մոլորեցնելու համար բոլորին, լռեցնելու համար ինձ նման մարդկանց: Բայց արդեն ոչ ոք նրանց չի հավատում. կեղտը ջրի երեսն է ելել...
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Հանովեր, Գերմանիա