«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


«ՁԵՐԴ ՍՐԲԱԶՆՈՒԹՅԱՆԸ» ՓՈԽԱՐԻՆԵՑ «ՁԵՐԴ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ»

Մոտ երկու ամիս առաջ ես Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի միջնորդությամբ «Ազգ» թերթի համար ընդարձակ հարցազրույց ունեցա Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի նախագահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլի հետ: Այն ժամանակ արդեն կարելի էր ենթադրել, որ ռուս ուղղափառ եկեղեցու նման աչքի ընկնող դեմքը կարող է դառնալ գերագույն հոգեւոր գահի հավակնորդներից մեկը (գաղտնիք չէր, որ Ալեքսի Երկրորդը ծանր հիվանդ է): Սակայն իրադարձությունները զարգացան շատ ավելի անսպասելիորեն ու սրընթաց:

Նկատի ունենալով, որ մետրոպոլիտ Կիրիլը ռուս եկեղեցու ամենահրապարակային գործիչն է եւ իր բազմաթիվ ելույթներում հաճախ է դուրս գալիս հոգեւոր-կրոնական թեմատիկայի շրջանակներից, ես նախապատրաստել էի, այսպես ասած, քաղաքականությամբ համեմված համաքրիստոնեական բնույթի որոշ հարցեր եւ մտավախություն ունեի, որ կարող եմ «մեղադրվել» ուսերիս ծանր բեռ վերցնելու մեջ (ինչ էլ որ լինի, ես աշխարհիկ լրագրող եմ): Սակայն մետրոպոլիտը առինքնող հանգստությամբ հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին:

Ի՞նչն էր գրավում այդ հոգեւոր հայրի մեջ: Առաջին հերթին անհատականության մասշտաբայնությունը` խոր ինտելեկտը, բազմակողմանի բարձր կրթվածությունը, աստվածաբանի, փիլիսոփայի եւ առհասարակ լայնախոհ մարդու իմաստնությունը: Ցավով եմ նշում, որ քրիստոնեական աշխարհը ինչ-որ տեղ կուլ է գնում սեկուլյարիզմին` աշխարհականացմանը, որ դեմոկրատիան իր հետ բերում է նաեւ քրիստոնեական անանց արժեքներին խորթ բարոյական ու քաղաքական նորմեր, որ ընտանիքի ավանդական ինստիտուտը իսկական ճգնաժամ է ապրում, որ վերանում է մեղքի համապարփակ հասկացությունը եւ այլն:

Ինչքան էլ հռչակվի, որ եկեղեցին անջատ է պետությունից, ազգի հոգեւոր առաջնորդն անխուսափելիորեն դառնում է նաեւ պետական գործիչ, լավ թե վատ, դա ուրիշ հարց է: Կարելի է վստահորեն ասել, որ ընտրվելով Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք, Կիրիլը նոր լիցք կհաղորդի ռուս նորօրյա պատմության մեջ: Դրա համար նա ունի բոլոր նախադրյալները:

Նոր պատրիարքը (աշխարհական անունով` Վլադիմիր Միխայլովիչ Գունդյաեւ) ծնվել է 1946 թվականին Լենինգրադում: Սովորել է տեղի հոգեւոր ճեմարանում եւ հոգեւոր ակադեմիայում: Մետրոպոլիտ է ձեռնադրվել 1991 թվականին: Բարձր են գնահատվում նրա ծառայությունները ռուս ուղղափառ եկեղեցու միավորման, արտասահմանյան բազմաթիվ երկրներում (մասնավորապես Ասիայում) ռուսական նոր ծուխերի բացման, Վատիկանի հետ հարաբերությունների կարգավորման ասպարեզում: Արտահայտելով ռուս եկեղեցու շահերը, եղել է հողագնդի բոլոր մայր ցամաքներում: Հոյակապ հռետոր է, մեծ բարեգործ:

Տեղին կլինի նաեւ նշել, որ նոր պատրիարքն ամենայնս համապատասխանում է նորօրյա պահանջներին` ժամանակակից է, համարձակ, եռանդուն, զերծ անհարկի պայմանականություններից: Համենայն դեպս նա իր «նախընտրական» քարոզարշավն անցկացրեց նորագույն քաղաքական ընտրությունների տեխնոլոգիայով: Հրապարակային ելույթներով, բազում ուղեւորություններով ստեղծելով մեծ պաշար եւ ընտրվելով տեղապահ, նա դրանով իսկ շանս չթողեց ոչ մեկին: Իսկ վերջին փուլում հատկապես հմտորեն օգտագործելով ԶԼՄ-ները, փաստորեն միայնակ մնաց լրատվական տարածքում, ստվերի տակ թողնելով իր մրցակցին:

Լոյալ լինելով գործող աշխարհիկ իշխանությունների նկատմամբ, Կիրիլը միեւնույն ժամանակ կպահպանի որոշակի ինքնուրույնություն: Լայն երկխոսության մեջ կմտնի մյուս համաշխարհային կրոնների հետ: Կփորձի թափանցել երկրի կրթական համակարգ, ինչը չհաջողվեց նրա նախորդին:

Մեր վերոհիշյալ զրույցի ժամանակ մետրոպոլիտ Կիրիլը շատ ջերմ արտահայտվեց Հայ եկեղեցու, երկու քույր եկեղեցիների դարավոր համերաշխության ու փոխվստահելի բեղուն համագործակցության մասին: Լիիրավ կարելի է հուսալ, որ նոր պատրիարքի օրոք այդ հարաբերություններն ավելի սերտ կդառնան:

Որպես մետրոպոլիտ Կիրիլն, իրոք, այնքան ժողովրդական էր ու մատչելի, որ մոսկովյան թերթերից մեկը «ցավով» նշել էր, թե մարդիկ այնքան էին վարժվել «Ձերդ Սրբազնությանը», որ դժվարությամբ կհարմարվեն «Ձերդ Սրբությանը»:

Վաղը կկայանա Ռուս ուղղափառ եկեղեցու նոր գահակալի ձեռնադրությունը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4