Իսպանացի հայտնի մտավորական Գոնսալո Գուարչին, ով քաջածանոթ էր իր «Հայկական տոհմածառը» վեպով, վերջերս լույս ընծայեց «Հայկական կտակը» նոր վեպը: Բայց մինչ այդ վեպին անցնելը նշենք, որ օրերս Մոսկվայում լույս է տեսել «Հայկական տոհմածառի» ռուսերեն թարգմանությունը եւ արդեն վաճառքի է հանվել մոսկովյան գրախանութներում: Ապրիլի 15-18-ը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի կունենա այդ գրքի պաշտոնական շնորհանդեսը, որին հրավիրվել են հեղինակըՙ Գոնսալո Գուարչին եւ իսպանահայ լրագրող ու թարգմանիչ Արթուր Ղուկասյանը: Վերջինիս էլ խնդրեցինք ներկայացնել գրքի հեղինակին եւ նրա վերջին վեպըՙ «Հայկական կտակը»:
Արթուր Ղուկասյան-Գոնսալո Գուարչին թեեւ մասնագիտությամբ ճարտարապետ է, այդուհանդերձ լայն ճանաչողություն ու համբավ է ձեռք բերել ինչպես Իսպանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրսՙ շնորհիվ գրական գործունեության: Համագործակցել է մի շարք իսպանական թերթերի ու ամսագրերի հետ: 1997թ. «Դրախտի դռները» գրքի համար ստացել է Վիսենտե Բլասկո Իբանյեսի մրցանակը: Այնուհետեւ լույս են տեսել մի քանի այլ հատորներ, այդ թվում` 2002-ին «Հայկական տոհմածառ»ը, որի համար հեղինակը ստացել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան մրցանակը», ինչպես նաեւ պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ստացել Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Իր ստեղծագործություններում անդրադարձել է տարբեր ազգերի խնդիրներինՙ հայերի, քրդերի, հրեաների: «Հայկական տոհմածառը» մասամբ թարգմանված է հայերեն:
«Հայկական կտակ»ը կարդալով, պարբերաբար Ֆրանց Վերֆելին էի մտաբերում ու հավակնում կարծել, որ իսպանալեզու եւ ոչ մի գրող չի թափանցել մեր ազգի ինքնության եւ պատմության մեջ այն աստիճան, որքան հաջողվել է Գուարչին:
Այդ գիրքը լուրջ աշխատություն է, որի էջերում նկարագրված դժոխքը նույնիսկ Դանթեն էլ չէր կարող պատկերացնել: Որպես հեղինակ նա քաջատեղյակ է հայկական հարցին եւ հայ ժողովրդի պատմությանը:
- Ի՞նչ է վեպի բովանդակությունը:
- Նկարագրվող դեպքերի հիմքը` ցեղասպանության վավերագրական փաստերն են, որոնք ընդգրկում են 1885-1924-ի հայության գոյապայքարը: Այսինքն. Աբդուլ Համիդից մինչ Աթաթուրք: Գիրքն իր ամբողջության մեջ կարելի է անվանել գեղարվեստավավերագրական հիանալի մի հատոր, որտեղ նկարագրված է գրեթե այն ամենը, ինչ որ այդ ժամանակաշրջանում պատահել է Թուրքիայում:
Վեպում նկարագրվող ողբերգական իրադարձությունների գլխավոր հերոսն Անրի դե Լատուրն է, հանգամանքների բերումով Կ.Պոլսում հայտնված ֆրանսիացի լրագրողը, ով հետագայում աշխատում է իբրեւ ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչ: Մարիցան, որի հետ ամուսնացավ վեպի հերոսըՙ Անրի դե Լատուրը, վերջինիս կողմից փրկվածներից մեկն է: Վեպում ի թիվս այլոց, հանդիպում ենք նաեւ դեսպան Մորգենթաուին:
- Ե՞րբ լույս կտեսնի գրքի հայերեն թարգմանությունը:
-Առայժմ աշխատանքներ են տարվում անգլերեն թարգմանության ուղղությամբ: Այդ գործով զբաղվում է Հ1-ի Վաշինգտոնի թղթակից Հայկարամ Նահապետյանը: Հայերենի շուրջ դեռեւս խոսակցություններ չկան: Իսկ ավելի զգայական նորությունն այն է, որ իսպանացի լրագրող Անտոնիո Գարսիա Կաստիլեյոն (Antonio Garcia Castillejo) պատահաբար ծանոթանում է այս գրքին եւ ընթերցումից խորապես ազդված ու ցնցված, որոշում մեկնել Հայաստան: Այնտեղ պարզապես սիրահարվում է մեր երկրի վրա ու վերադառնալով, փնտրում Գուարչին, խնդրելով մեկ հարցազրույց մադրիդյան ռադիոյի համարՙ ինձ նույնպես հրավիրելով այդ զրույցին:
Հարցազրույցի ընթացքում իսպանացի գրող Գուարչն առաջին անգամ հայտնեց նաեւ, որ պատրաստվում է հայկական թեմայով երրորդ գիրքը գրել եւ այսպիսով ամբողջացնել հայկական եռագրությունը: Ես իմ հերթին շնորհակալություն հայտնելով նման աշխատանքի համար, նշեցի, որ ցեղասպանությունը 1915 թվականին կանգ չի առել եւ հասել է մինչեւ մեր օրերըՙ իբրեւ վկայություն բերելով Սումգայիթյան ջարդերն ու Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացումը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա