«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Իրանի ժամանակակից գեղանկարչությամբ հետաքրքրվողները եւ ընդհանրապես մեր դրկիցին ճանաչելու ցանկություն ունեցողները երեկվանից եւ առաջիկա օրերին Հայաստանի նկարիչների միությունում կկարողանան դիտել հետաքրքրական գործեր: Ցուցահանդեսը, որ երեկ բացվեց, ներառում է իրանցի երեք գեղանկարչուհիներիՙ Շադի Ղոմչեի , Արեզու Աշթարի , Այլար Շահբազի գործերը, ինչպես նաեւ «Սաբա» պատկերասրահի 35 ցուցանմուշ:

Ամբողջը միասին փաստում են, որ Իրանի գոնե ներկայացված ժամանակակից գեղանկարիչները ստեղծագործում են մտքի ու առաջավորի համար բաց, միեւնույն ժամանակ ավանդականի, իրենց մշակույթի առանձնահատկությունների պահպանման սկզբունքով: Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ Իրանի ժամանակակից գեղանկարչությունն էթնիկ հիմքից կտրված չէ, բայց եւ կրողն է համամարդկայինի: Իրենքՙ նկարչուհիները գոհ էին Հայաստանում ցուցահանդեսի լինելիությունից ու ակնկալում էին պատշաճ հետաքրքրություն հայաստանյան գործընկերներից ու հասարակությունից:

Ցուցահանդեսը, որ կազմակերպվել է իսլամական հեղափոխության 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում անցնող «Այգաբացի տասնօրյակի» շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորեց. «Բազմադարյան բարեկամություն կա մեր երկրների միջեւ եւ նույնքան էլ դրկիցություն: Հպարտ պիտի լինենք նման հարուստ մշակույթ ունեցող հարեւան ունենալու համար, որը նաեւ խիստ պատկառանքով է վերաբերում օտարների մշակույթին նույնպեսՙ Իրանում մեծ հոգածությամբ են պահպանվում հայկական պատմաճարտարապետական արժեքները, ինչի համար երախտապարտ ենք»:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին ցուցահանդեսի բացման իր խոսքում ընդգծեց. «Տոնում ենք մեր երկրի զարգացումը ապահոված հեղափոխության 30-ամյակը եւ կարեւոր ենք համարում, որ մեր դարավոր բարեկամությունը Հայաստանի հետ այսօր էլ փաստ է: Մենք կարեւորում ենք բարիդրացիական հարաբերությունները մեր բոլոր մոտ հարեւանների ու նաեւ մյուս բոլոր երկրների հետ: Իսկ մշակութային կապերի ամրապնդումը ուղղակիորեն նպաստում է դրան»:

Համանման խոսք ասաց նաեւ Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մուհամադ Շաքիբան ՙ ներկաներին հրավիրելով մասնակցելու «Այգաբացի տասնօրյակի» միջոցառումներին եւ հատկապես փետրվարի 6-ին ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիք իրանական ժողովրդական համերգին, որի ընթացքում հանդես կգա կանանց երգչախումբը: Ի դեպ, մուտքն ազատ է:

Միջոցառումների ամբողջական ցանկը «Ազգ» -ը հրապարակել է հունվարի 30-ի համարում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4