«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՐՍԵՆ ՎՍՏԱՀ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆ

ԱՄՆ-ում հեռախոսակապի միջոցով մամուլի ասուլիս է կազմակերպվելՙ նվիրված փետրվարի 7-ին կայանալիք Դարչինյան-Արսե մենամարտին: Ինչպես հայտնի է, այդ օրը թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կփորձի նվաճել նաեւ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Առաջինը խոսք վերցրեց Դարչինյանի պրոմոութեր Հերի Շոուն, որը շնորհակալություն հայտնեց Showtime հեռուստաընկերությանը թեթեւագույն քաշային կարգի բռնցքամարտիկների մենամարտերը ցուցադրելու համար: Շոուի կարծիքով, Դարչինյանն արժանի է, որպեսզի անկախ քաշային կարգից ընդգրկվի աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների շարքը, քանի որ նա նոկաուտի է ենթարկել իր բոլոր մրցակիցներին:

Վախթանգ Դարչինյանը կրկին խոստացել է նոկաուտի ենթարկել մրցակցին եւ բռնցքամարտի սիրահարներին հաճույք պատճառել. «Իմ ոճը նոկաուտն է: Ցանկանում եմ մարզասերներին իսկական շոու ներկայացնել: Հավատում եմ, որ ընդունակ եմ նոկաուտի ենթարկել ցանկացածին եւ դա դուք կտեսնեք փետրվարի 7-ին: Ոչ ոք ինձ հետ մենամարտում չի կարող 12 ռաունդ դիմանալ: Ես կսկսեմ նրան «ծեծել» առաջին իսկ ռաունդից, նրա հետ մուկն ու կատու կխաղամ եւ ցույց կտամ, թե նա որքան հիմար է: Առաջին 20 վայրկյաններից հետո նա կանցնի խորը պաշտպանության: Նա հույսը դրել է մեկ հարվածի վրա, սակայն նրա հարվածն այնքան էլ հուժկու չէ: Սակայն չեմ ցանկանում նրան հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել, այլ մի լավ չարչարել, հետո նոր ոչնչացնել: Նա այդ մենամարտը կհիշի ողջ կյանքում: Գիտեմ, որ նա լավ բռնցքամարտիկ է, սակայն յուրաքանչյուր մրցակցիս ասում եմ, թե ինչպես եմ վարվելու հետը: Գիտեմ նաեւ, որ նա պայքարից չի խուսափի, ուստի կդրսեւորեմ ունակություններս ու կապացուցեմ, որ լավագույնն եմ: Ես այն անձնավորությունն եմ, որը մշտապես խոստումները կատարում է: Իմ բոլոր մրցակիցները մեքսիկացիներ են: Նրանք մեծ հեղինակություն ունեն եւ ուժեղ են: Սակայն ինձ համար նշանակություն չունի, թե մրցակիցս ինչ ազգության է: Ինձ համար նրանք բոլորն էլ բռնցքամարտիկներ են, որոնց պետք է նոկաուտի ենթարկեմ»:

Իր ուժերին վստահ է նաեւ Խորխե Արսեն. «Գիտեմ, որ այդ մենամարտը կվերադարձնի կորցրածս հեղինակությունը: Շատերն այն կարծիքին են, որ առաջվանը չեմ: Այս մենամարտը հնարավորություն կտա հակառակն ապացուցելու: Կարծում եմ, ինձ կհաջողվի նոկաուտի ենթարկել մրցակցիս: Նա կարծում է, թե իրենից վախենում են: Նրա խոսքերն ինձ վրա չեն ազդում: Տեսել եմ նրա մենամարտերը, նա մեկձեռքանի բռնցքամարտիկ է: Նա արագաշարժ է եւ ուժեղ, սակայն եթե հաջողվի վնասազերծել նրա ձախ ձեռքը, ապա Վախթանգին կարելի է հաղթել: Նոնիտո Դոները դա ապացուցեց: Ես հարգում եմ մրցակցիս: Նրա խոսքերի մի մասն ինձ դուր չի գալիս եւ ստիպում է ավելի համառորեն մարզվել: Հույս ունեմ, որ նա շուտ գետնին չի հայտնվի եւ ինձ հնարավորություն կտա շատ հարվածներ հասցնել»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4