«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Փետրվարի 1-ին Մոսկվայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած շախմատային 5-րդ փառատոնը, որն իր մասնակիցների թվով (1502) ռեկորդային կլինի: Բացի ավանդական «A», «B» եւ «C» մրցաշարերից, կանցկացվեն նաեւ դպրոցական թիմերի միջեւ շախմատային մրցախաղեր, շախմատային կոմպոզիցիայի գծով աշխարհի գավաթի խաղարկություն եւ այլն:

Բնականաբար, առաջին հերթին ուշադրության կենտրոնում կլինի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ կայանալիք «A» խմբի մրցաշարը, որի 295 մասնակիցների թվում են Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Նրանցից ամենատիտղոսակիրն ու բարձր վարկանիշ ունեցողն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Հայաստանի 2008-ի լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանն է: Նա իր վարկանիշով (2678) զիջում է միայն օլիմպիական եռակի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին (2688) եւ մրցաշարի նախորդ տարվա հաղթող, ռուսաստանցի Սերգեյ Տիվյակովին (2684):

Մրցաշարին կմասնակցի նաեւ հայաստանցի փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (2596): Հայ շախմատիստներից «A» խմբի մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Դավիթ Պետրոսյանը (2477), Ռոբերտ Հովհաննիսյանը (2402), Յուրի Համբարձումյանը (2361), Վարդան Խոջայանը (2272), Վահե Բաղդասարյանը (2246) եւ Աղասի Ինանցը (2192): Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 7 մլն ռուբլի է:

«B» խմբի մրցաշարում հանդես կգան 2300-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները: Մասնակիցների ցանկը գլխավորում են 2299 անհատական գործակից ունեցող ղազախստանցի Սերգեյ Կիմը եւ ռուսաստանցիներ Օլեգ Օռլովն ու Եվգենի Ռեշետնիկովը: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն 18 շախմատիստներ, որոնց թվում կլինեն համեմատաբար բարձր վարկանիշ ունեցող Դմիտրի Հարությունյանը (2288), Վահագն Խաչատրյանը (2283), Հայկ Վարդանյանը (2269) եւ Դավիթ Գեւորգյանը (2252):

«C» խմբի մրցաշարում հանդես կգան կանայք: Այստեղ Հայաստանը ներկայացված չէ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4