«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2009-01-30 | #15, 2009-01-31 | #16, 2009-02-03


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾԵՍ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ

Մինչդեռ Հելսինկիին հաջորդեց Ցյուրիխը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դեռեւս հունվարի 28-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անցկացրին իրենց 3-րդ հանդիպումը, որին մասնակից էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նախագահների հանդիպմանը նախորդել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ու նախագահների հանդիպումն էլ, ըստ էության, անցավ երկու երկրների արտաքին գործոց նախարարների ներկայությամբ:

Մինչ ցյուրիխյան հանդիպումը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով անընդմեջ նշվում էր, թե ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց կա ու անգամ կողմերի միջեւ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ ավելի կոնկրետ նշվում էր, թե մադրիդյան սկզբունքներից որոշների առնչությամբ կա համաձայնեցում:

Հետաքրքրական էր, որ այս անգամ, Ցյուրիխի հանդիպումից հետո հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ամենայն զգուշությամբ նշում էին ոչ թե համաձայնեցված սկզբունքների, այլ դրանցից որոշների դեպքում ընդհանուր ըմբռնման առկայության մասին: Ընդ որում, ինչպես Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը , այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը առանձնահատուկ ընդգծեցին, որ ընդհանուր ըմբռնումը սկզբունքներից մի քանիսի պարագայում բնավ էլ չի նշանակում, թե դրանք համաձայնեցված են:

Ամեն դեպքում, մի կողմից չհամաձայնեցված, բայց ընդհանուր ըմբռնման հասցված սկզբունքներ են փաստորեն քննարկվում նախագահների ու նախարարների մակարդակով հանդիպումներում, մյուս կողմից` ընդհանուր ըմբռնումը բացակայում է կարծես թե մեկ-երկու սկզբունքների առնչությամբ: Բացի այդ, դեռեւս հունվարյան այս հանդիպման արձագանքները հստակ չեն, բայց արդեն փոխզիջումային տրամադրություններից խստորեն տարբերվող հայտարարություններ են հնչում, որոնցում, պետք է նշել, առայժմ չեն հնչում ադրբեջանական կողմի ռազմատենչության ու պատերազմական ռեւանշիստական նոտաները:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հունվարի 28-ի հանդիպումից մի քանի օր անց Wall street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի «ՄԱԿ-ի` ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զորամիավորումների անհապաղ դուրսբերման մասին նշող բանաձեւի հիման վրա»:

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ, Ալիեւի այս մոտեցումը բացատրվում է նրանով, թե հենց ՄԱԿ-ի բանաձեւն է միջազգային իրավունքի այն նորմը, որի վրա պիտի հենվի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը, մոռանալով, որ ընդամենը սեփական խոսքերից մի քանի օր առաջ Մինսկի խմբի ձեւաչափով էր հանդիպումը Հայաստանի նախագահի հետ եւ ընդհանրապես էլ բանակցային գործընթացը դիտարկվում եւ առաջ է գնում հենց այդ ձեւաչափով, այլ ոչ թե ՄԱԿ-ի շրջանակներում:

Ալիեւի հարցազրույցի հիմնական միտքն այն է, թե Հայաստանն է միակ մեղավորը, որ բանակցային գործընթացը տեղից չի շարժվում, ու թեեւ որոշ առաջընթաց կա, բայց դա, Ադրբեջանի նախագահի գնահատմամբ, բնավ էլ բավարար չէ: Մի տեսակ ստացվում է, թե հիմնական քայլերը սպասվում են հենց Հայաստանից: Ամեն դեպքում, Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը, Իլհամ Ալիեւի մոտեցմամբ, չի կարող լինել նախադեպ ղարաբաղյան հարցի համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն , իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում հստակ ու միանշանակ է. պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս հայտարարությունն արվել է Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:

Վստահեցնելով, որ Հայաստանը այլ խնդիր իր առջեւ չի դնում, Սարգսյանն ընդգծել է, որ «...հեքիաթները, որ որոշ մարդիկ փորձում են պատմել, թե իբր ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների` մենք կարող ենք միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի խնդրում, իրականությանը չեն համապատասխանում»: Հայաստանի նախագահի խոսքերով, Հայաստանը չի կարող իր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական խնդիրներ լուծելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4