Օրենսդրական նախաձեռնություններով, պատգամավորների մեծամասնության անտարբերությամբ
ԱԺ 131 պատգամավորներից 117-ի մասնակցությամբ ԱԺ-ն երեկ սկսեց չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում հրապարակեց 4-օրյա նիստերի օրակարգը, որից չանցած 30-40 րոպե պատգամավորների մի մասն արդեն քիչ-քիչ լքում էր նիստերի դահլիճը: Օրակարգում ընդգրկված էին այնպիսի օրենքների փոփոխություններ, որոնք որքան էլ կարեւոր էին, չէին հետաքրքրում շատ պատգամավորների:
50 օրենսդրական նախաձեռնությունից բաղկացած օրակարգի մոտ 10 հարցերը քննարկվեցին մոտ մեկ ժամվա ընթացքում, որին ներկա էին այն պատգամավորները կամ կառավարության ներկայացուցիչները, որոնք ներկայացնում էին օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Զարգացման Եվրասիական բանկի հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացնող Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մասնավորապես նշեց, որ խնդիրը վերաբերում է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ կնքված համաձայնագրին միանալուն:
«Միանալով պայմանագրին, ՀՀ-ն կմասնակցի նաեւ բանկի կանոնադրական կապիտալին, նպատակ ունենալով խոշոր ներդրումներ ներգրավել հանրապետության էներգետիկայի, քիմիայի, լեռնամետալուրգիայի, արդյունաբերության, ինչպես նաեւ գյուղմթերքների ոլորտում իրականացվելիք ծրագրերում», ընդգծեց Մովսիսյանը:
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն էլ վերաբերում է Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը չմասնավորեցնելուն:
ԱԺ-ն հասցրեց նաեւ անդրադառնալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության» եւ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքներում նախատեսված փոփոխությանը:
Նախագիծը ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: Այս նախագծի համաձայն, ռազմական ոստիկանությանըՙ որպես հետաքննություն իրականացնող մարմին, հնարավորություն է տրվում կատարել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ` վերահսկելի մատակարարում, ներքին դիտում, այդ թվում` հեռախոսազանգերի լսումներ:
Այս օրենքներին, ինչպես նաեւ ներկայացված փոփոխությունների նախագծին դեմ է միայն «Ժառանգությունը»: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ մինչ այս փոփոխությունն էլ ռազմական ոստիկանությունը նման գործողություններ էր կատարում:
ԱԺ նիստերի դահլիճը քիչ թե շատ պատգամավորներով լցվեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հաշվի առնելով, որ օրենքը ընդունվել է 11 տարի առաջ, նշում է, որ միջազգային արենայում եւ առողջապահության համապատասխան կառույցների ընդունած նորմերը եւ մոտեցումները պահանջում են իրականացնել փոփոխություններ:
Ըստ Բաբլոյանի` Հայաստանում մինչ օրս ՄԻԱՎ-ով վարակի դեպք գրանցվել է 674 մարդու մոտ, որոնցից 136-ը` 2008-ի ընթացքում. 159 մահվան դեպք` այդ թվումՙ 3 երեխա, 25 կին:
«Գործող օրենքի մեջ կա մի նորմ. եթե որեւիցե մեկը գալիս է Հայաստան 3 ամիս մնալու, ապա պետք է պարտադիր հետազոտվի ՄԻԱՎ-ի կապակցությամբ: Ժամանակին սա թվում էր պրոգրեսիվ մոտեցում, բայց ներկայումս միջազգային մոտեցումները ցույց են տալիս, որ սա անիմաստ նորմ է»:
Ն. Մ.