«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է եւ մշտապես ներկայացրել է ընդդիմության տեսակետն այնտեղ, այս անգամ չէր մեկնել Ստրասբուրգ, եւ փաստորեն պատվիրակության մակարդակով այլընտրանքային տեսակետ այնտեղ չհնչեց: Երեկ նրան լրագրողներն Ազգային ժողովում մի շարք հարցեր ուղղեցին, եւ հատկապես այն հարցը, թե արդյոք չի՞ ափսոսում չմեկնելու եւ Հայաստանը չներկայացնելու համար: Ի պատասխան նա նկատեց, թե այս անգամ իր բացակայությունը հայաստանյան անհրաժեշտություն էր` հիշեցնելով իր տեւական մասնակցության մասին ԵԽԽՎ-ի նստաշրջանում. «Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարության ձգտող երկիր է եւ ինքը պետք է կարողանա բարձրագույն քննություն բռնել թե՛ Եվրոխորհրդի սկզբունքներին, թե՛ հայաստանյան արժեքներին համապատասխան: Հայաստանն առաջին հերթին պիտի համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին, որ կարողանա իր ազգային շահերն ու խնդիրներն իրացնել... Մեզ ի՞նչ է պետք. մեզ պետք է արժանապատվություն, ամբողջական պետական մոտեցում, որ մենք մեր պատվիրակներին, մեր հասարակության ներկայացուցիչներին այս վիճակի չմատնենք, որ մի խումբը` պաշտոնական պատվիրակները գնան եւ համոզեն, խնդրեն, աղաչեն, որ հանկարծ պատժամիջոցներ չկիրառվեն, իսկ հասարակության այլ զանգվածի ներկայացուցիչներ գնան եւ ներկայացնեն, թե ինչո՞ւ Հայաստանն արժանի է պատժամիջոցի: Միգուցե մի կողմից սա բնականոն ժողովրդավարության արտահայտություն է, բայց մյուս կողմից մեր համազգային տապալման մասին է խոսում, երբ որ մեր հարցադրումն այն է, թե պատժեցինք- չպատժվեցինք. ի՞նչ բովանդակությամբ Հայաստանի մասին է խոսքը: Ուստի ես կարծում եմ, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները` իշխանություն եւ ընդդիմություն, պարոն նախագահներ, կոալիցիայի անդամներ, ընդդիմություն, այսօր եւեթ մեկնարկեն ազգային հրատապ երկխոսություն, օրակարգում ունենալով փոխադարձ համաներման հարցը եւ Հայաստանի իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ պետազգային հեռանկարի խնդիրը: Սա անհրաժեշտություն է: Իհարկե, շատ ողջունելի է, որ Եվրոխորհուրդը որոշ ուղենշային առաջարկներ արել է 300 եւ 225 հոդվածների կապակցությամբ, բայց դրանք բավարար չեն: Հետադարձ կիրառման տարողությունը մնում է հայեցողական եւ չի վերաբերելու բազմաթիվ այլ բանտարկյալների: Ուստի անհրաժեշտ է, որ մարտի 1-ի ազգային ողբերգությունը մենք ազգովին դիմագրավենք, հիշենք, սգանք եւ առաջ անցնենք ազատության մեջ, դուրս գանք մասնատվածությունից: Պարոն նախագահը երեկ խոսեց դրա մասին` մասնատվածության, կասկածամտության, պառակտվածության անթույլատրելիության մասին` ամեն մեկը պետք է սկսի իրենից: «Ժառանգությունն սկսում է իրենից, եւ մենք կոչ ենք անում թե՛ պարոն նախագահին` Հայաստանի երրորդ նախագահին, թե՛ Հայաստանի առաջին նախագահին, քաղաքական բոլոր ուժերին` ոչ թե նախաձեռնել մենախոսությունների անիմաստ երկարատեւ շարան, այլ մեկնարկել ազգային իրական երկխոսություն», ասաց նա:
Իսկ արդեն գարնանից «Ժառանգությունը» ներկայացված կլինի ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում եւ կշարունակի ներկայացնել «ժողովրդավարության քաղաքացիական եւ ազգային նկարագրի վերաբերյալ ճշմարտացի եւ համալիր մոտեցում ԵԽԽՎ-ում». «Բայց մենք երբեւէ չենք մասնակցի առուծախի, առեւտրի, որտեղ նժարի վրա դրված է մեր երկրի արժանապատվությունը, եւ որն ամփոփվում է երկրորդական եւ վիրավորական այն հարցադրմամբ, թե պատժելո՞ւ են, թե չէ: Մենք մեզ պետք է զերծ պահենք այդ ահավոր, նվաստացուցիչ, խայտառակ հարցադրումներից, եւ այլեւս թույլ չտանք, որ ընդհանրապես մեր ժողովրդավարական իրավիճակի հետ կապված որեւէ բանաձեւ լինի»:
Սակայն մինչեւ ապրիլ քիչ ժամանակ ունենք, արդյոք կարո՞ղ ենք մատնացուցված խնդիրները լուծելՙ «Ազգի» այս հարցին ի պատասխան Ր. Հովհաննիսյանը նկատեց, թե ինքը հերթական ահազանգն է բարձրացնում, հերթական խնդրանքն առաջարկում, որ պետք է դուրս գանք խրամատներից, եւ փոխադարձ համաներման միջոցով առաջ անցնենք. «Յուրաքանչյուրն արժանի է համաներման, եւ յուրաքանչյուրը պատասխանատու է իր չափով, եւ թող ոչ մեկը չկարծի, որ ճշմարտության մենաշնորհը միայն իրեն է պատկանում: Մյուս կողմից, եթե այսպես շարունակենք եւ ընդգրկենք այն բոլոր մարտակոչերը, այն մրցահրավերները, որ կանգնած են մեր ազգի առջեւ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ Արցախյան հիմնահարցի, թե՛ սոցիալ-տնտեսական առաջացող ճգնաժամի առումով` անհրաժեշտ կլինի, որ մենք այս քաղաքական մանրակերտը փոխենք միասին: Այս կոչը խնդրանք է, քաղաքացիական պատասխանատվության ստանձնում է:
Մարտի 1-ին արմատական ընդդիմությունը սրացումներ է խոստանում, սա կարող է խափանել Հովհաննիսյանի ասած երկխոսությունը եւ երկխոսությունն էլ տեղի չունենա, նկատեց «Ազգը» . «Եթե գավառամտությունը, փոքրամտությունը շարունակվի` մարտի 1-ին, թե դրանից հետո սրացումը շարունակվելու է, մենք հիմա պետք է կանխենք բոլոր չափումներով, բոլոր մակարդակների վրա այդ սրացման հնարավորությունը` իրավաքաղաքական, ազգային, սոցիալ-տնտեսական. մարտի 1-ի ճշմարտությունը պետք է բացահայտվի: Եվ այդ բացահայտումը կգտնի իր զորակցությունը, եթե ամեն մեկը դուրս գա դատավորի իրավիճակից` կարծելով, թե ինքն է համաներողը, եւ հասկանա, որ յուրաքանչյուրը նաեւ համաներման ենթակա է»:
«Ժառանգության» պատգամավորական մանդատների վայր դնելու հարցն էլ կորոշի խորհուրդը, բայց ընդհանուր տրամադրություններից Ր. Հովհաննիսյանը հասկացել էր, որ «Ժառանգությունը» կշարունակի մասնակցային քաղաքականության իր հավատամքը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ