«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2009-01-30 | #15, 2009-01-31 | #16, 2009-02-03


ՄԻԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Լեւոն Արոնյանին չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվել Հոլանդիայի Վեյք ան Զեե քաղաքում անցկացված շախմատի ավանդական մրցաշարում, որը ՖԻԴԵ-ի 19-րդ կարգի էր: Հայ շախմատիստի համար փաստորեն ճակատագրական եղավ 11-րդ տուրում կուբացի Լենիեր Դոմինգուեսից կրած միակ պարտությունը: 13 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, Արոնյանը կես միավորով զիջեց Սերգեյ Կարյակինին եւ գործակիցներով գերազանցելով Թեյմուր Ռաջաբովին ու Սերգեյ Մովսիսյանին, գրավեց 2-րդ տեղը:

Մրցաշարի վերջնագծում բավական անհաշտ պայքար էր ծավալվել գլխավոր մրցանակի համար: 12-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մորոզեւիչի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Մովսիսյանն ու Ռաջաբովը, Սթելվագենն ու Վանգ Յուեն, Իվանչուկն ու Դոմինգուեսը, վան Վելին ու Կամսկին: Կարյակինը հաղթեց Ադամսին, Կառլսենը պարտության մատնեց Սմիթսին:

Այսպիսով, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում բավականին հետաքրքրական իրավիճակ էր ստեղծվել: 14 մասնակիցներից 6-ըՙ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Մագնուս Կառլսենը, Սերգեյ Կարյակինը, Լենիեր Դոմինգուեսն ու Թեյմուր Ռաջաբովը 7-ական միավորով գլխավորում էին աղյուսակը: Այնպես որ 1-ին տեղը գրավելու կամ նույնիսկ բաժանելու համար առաջատարներից ավարտական տուրում հաղթանակ էր պահանջվում:

Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Յան Սմիթսի հետ: Թվում էր, թե Արոնյանին կհաջողվի հաղթել, սակայն հայ շախմատիստը որոշեց ռիսկի չդիմել եւ արագորեն պարտիան ավարտեց ոչ-ոքի: Նրա օրինակին հետեւեց նաեւ Թեյմուր Ռաջաբովը: Մովսիսյանը երկար ժամանակ փորձում էր առավելության հասնել Կամսկու նկատմամբ նավակային վերջնախաղում, սակայն արդյունքի չհասնելով, 47-րդ քայլում հաշտություն կնքեց: Նրանք սպասում էին Դոմինգուես-Կարյակին մրցամարտին: 17-րդ քայլում կուբացի գրոսմայստերը նորույթ կիրառեց, ինչը հաջող չէր, որի պատճառով ստիպված էր հետագայում որակ զոհաբերել: 41-րդ քայլում Կարյակինը հաղթանակ տոնեց եւ վաստակեց 8 միավոր: Նրան միավորներով կարող էր հավասարվել միայն Կառլսենը, սակայն նորվեգացի շախմատիստն անհաջողության մատնվեց Վանգ Յուեյի հետ մրցավեճումՙ կրելով անդրանիկ պարտությունը: Մորոզեւիչը հաղթեց Իվանչուկին, իսկ Ադամս-վան Վելի պարտիան խաղաղ ելք ունեցավ:

Այսպիսով, 19-ամյա ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը մարզական իր կարիերայում ամենամեծ հաջողությանը հասավՙ առաջին անգամ հաղթող ճանաչվելով Վեյք ան Զեեի մրցաշարում: Վատ հանդես չեկավ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը, որը միայն լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զիջեց 7,5 միավոր ունեցող Թեյմուր Ռաջաբովինՙ գրավելով 4-րդ հորիզոնականը: Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Մագնուս Կառլսեն, Լենիեր Դոմինգուեսՙ 7-ական, Գատա Կամսկիՙ 6,5, Լյուկ վան Վելի, Վանգ Յուե, Յան Սմիթսՙ 6-ական, Ալեքսանդր Մորոզեւիչ, Դանիել Սթելվագեն, Մայքլ Ադամս, Վասիլի Իվանչուկՙ 5,5-ական միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4