ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Արդար խաղի» դասակարգման ցուցակը, որն իր վերջնական տեսքը կընդունի ապրիլի 30-ին: Ներկայիս ցուցակը հաշվի է առնում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում թիմերի ցուցանիշները 2008-ի մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը: Այդ ցուցակում Հայաստանը 7,937 վարկանիշով առայժմ 17-րդ տեղում է:
Եթե նախկինում «Ազնիվ խաղի» դասակարգման ցուցակում 8-ից բարձր վարկանիշ ունեցող երկրների միջեւ վիճակահանություն էր անցկացվում ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում լրացուցիչ մեկական տեղ հատկացնելու երեք երկրներին, ապա այժմ այդ իրավունքը կստանան դասակարգման ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողները: Նշենք, որ ժամանակին վիճակահանությունը բարեհաճ էր գտնվել նաեւ Հայաստանի համար:
«Արդար խաղի» գնահատականները տրվում են հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակի կողմից: Հաշվի են առնվում մարզադաշտում տիրող մթնոլորտը, երկրպագուների պահվածքը, ֆուտբոլիստների վարքագիծը, նրանց ստացած կարմիր եւ դեղին քարտերի քանակը եւ այլ գործոններ: Առայժմ Եվրոպայի լիգայի (նախկին ՈՒԵՖԱ-ի գավաթի) խաղարկությունում լրացուցիչ մեկական տեղի են հավակնում դասակարգման ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնող Նորվեգիայի (8,325), Դանիայի (8,201) եւ Շոտլանդիայի (8,186) ազգային ֆեդերացիաները: 8-ից բարձր վարկանիշ ունեն նաեւ հաջորդ տեղերում ընթացող Հոլանդիայի (8,132), Ուելսի (8,122), Շվեդիայի (8,104), Ֆրանսիայի (8,101), Անգլիայի (8,073), Ղազախստանի (8,057), Շվեյցարիայի (8,043), Գերմանիայի (8,021), Իսլանդիայի (8,013) եւ Իսպանիայի (8,01) ֆուտբոլի ֆեդերացիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ