«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԸՍՏ ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՙ ՕԲԱՄԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԱԿԱՄԱՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ամերիկացի վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նոր տնօրենի պաշտոնում մեծապես կարեւորում է կենտրոնի չեզոքությունն ու անաչառությունը: «Հայացք» ակումբում հյուրընկալված Կիրակոսյանը երեկ նշեց, որ այժմ Հայաստանում քիչ են անաչառ կազմակերպությունները, մինչդեռ ինքը շատ մեծ նշանակություն է տալիս անաչառությանը, հավելմամբ, որ որոշ ոլորտներում, օրինակ, ռազմական եւ ազգային անվտանգությունում, վերլուծաբաններին անաչառությունը պարզապես անհրաժեշտ է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի պաշտոնում ներկայումս «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին փոխարինած Կիրակոսյանը գտնում է, որ չնայած կենտրոնի հիմնադիրը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, սակայն դա չի նշանակում, որ կենտրոնի կարծիքը պետք է համընկնի կուսակցության կարծիքի հետ:

Մինչեւ կենտրոնի տնօրեն դառնալը Կիրակոսյանն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում, պաշտպանության եւ անվտանգության հարցերով Janes Information Group (Վաշինգտոն) վերլուծական կենտրոնում: Նա իր սյունակն ունի նաեւ Newsweek թուրքալեզու շաբաթաթերթում եւ Turkish Policy Quarterly անգլիալեզու ամսագրի խմբագրակազմում է:

Առավել հետաքրքրական էին վերլուծաբանի որոշ պատասխանները լրագրողների հարցերին: Մասնավորապես, որ Վրաստանը հանուն սեփական կայունության պետք է լուծի Ջավախքի խնդիրը: Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով Ջավախքում հայ ակտիվիստների վերջին ձերբակալումներից ստեղծված քաղաքական ճգնաժամից, որին «Ազգի» ընթերցողները տեղյակ են ամենայն մանրամասնությամբ, ընդգծեց, որ այժմ Ջավախքում նաեւ չափազանց ծանր է տնտեսական իրավիճակը:

Վերլուծաբանի կարծիքով, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ջանքերը պետք է ուղղի այս խնդիրները լուծելու ուղղությամբ եւ ոչ թե կրկնի իր նախորդների` Զվիադ Գամսախուրդիայի եւ եւ Էդուարդ Շեւարդնաձեի սխալները, որ հանգեցրին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դուրսբերմանը Վրաստանի կազմից: Ավելին, օգոստոսյան իրադարձությունները եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը, դրանց հաջորդած համաշխարհային առաջնորդների հայտարարությունները նոր հակամարտություններ թույլ չտալու վերաբերյալ պետք է սթափեցնեն վրացական իշխանություններին:

Դրան, փորձագետի խոսքերով, կնպաստի նաեւ ԱՄՆ իշխանության ղեկավարի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելը, որը ցանկանում է շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ, ի տարբերություն Ջորջ Բուշի, մտադրություն չունի հակամարտելու Ռուսաստանի հետ Վրաստանի պատճառով: Կիրակոսյանը չբացառեց, որ եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց ներկա քաղաքականությունը Ջավախքի նկատմամբ, ապա դա կարող է հանգեցնել նոր հակամարտության Անդրկովկասում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին ու բանակցային գործընթացին, Կիրակոսյանի կարծիքով, ղարաբաղյան խնդրի լուծման ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում Ղարաբաղի մասնակցությունն է: Առանց ղարաբաղյան կողմի մասնակցության ու ձայնի կարգավորումը չի կարող առաջընթաց գրանցել, թեեւ, ըստ Կիրակոսյանի, զուտ գործընթացային շարունակականություն ապահովելու առումով կարեւոր են նախագահների ու նախարարների մակարդակով հանդիպումները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4