«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԶԵՆՔ ԿՐԵԼ

Դատական նիստերՙ ամբաստանյալների բացակայության պայմաններում

Երեկ ԱԺ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց օրինագծի մի փաթեթ, որում ներառված են հատուկ պետական ծառայությունների վերաբերյալ օրենսդրական ակտերով փոփոխություններ, լրացումներ կատարելու նախագծեր: Խնդիրը վերաբերում է դատական կարգադրիչների ինստիտուտին: Ինստիտուտը 2 տարի գործում է դատական համակարգում, սակայն, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, գործունեության հետ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Արդարադատության նախարարը առաջարկում է, որ դատական կարգադրիչները զենք կրելու իրավունք ունենան: Վերջինս այս մոտեցումը հիմնավորում է այն պատճառաբանությամբ, որ գործառույթները իրականացվել են ոստիկանության կողմից, վերջիններս ունեցել են զենք կրելու իրավունք: Ելնելով դրանից, նախարարն ասաց, որ եթե դատական կարգադրիչների ինստիտուտն իրականացնում է նույն գործառույթը, ապա տրամաբանական է, որ նրանք նույնպես զենք կրելու իրավունք ունենան:

Գ. Դանիելյանի խոսքով, այս օրինագծերի փաթեթով նախատեսվում է, որ եթե դատական կարգադրիչը զենք է կիրառել կամ դրա հետեւանքով որեւէ անձ վնասվածք է ստացել, ապա այդ մասին անմիջապես պետք է իրազեկվի դատախազությունը: Դրանից զատ, ըստ նախարարի, օրինագծով մտադրություն կա բարձրացնելու դատական կարգադրիչի ինստիտուտի կարգավիճակը, քանի որ նրանք իրականացնում են ոստիկանությանը համարժեք գործունեություն: Այդ համատեքստում, դատական կարգադրիչ նշանակելու լիազորությունը վճռաբեկ դատարանի նախագահից պետք է փոխանցվի դատարանների նախագահների խորհրդին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց, որ կարգադրիչներն ունենան միայն հատուկ միջոցներ կրելու իրավունք, քանի որ մինչ օրս դատարանում զենք կիրառելու անհրաժեշտություն չի առաջացել: Նույն խմբակցությունից Վարդան Խաչատրյանն էլ հարց ուղղեց Գ. Դանիելյանին, թե ի՞նչ զինված հարձակում է եղել դատարանների վրա, որ նման անհրաժեշտություն է առաջացել:

Արդարադատության նախարարն ասաց, որ որեւէ դեպք չի եղել, որը հիմք դարձած լիներ դատական կարգադրիչներին զենք կրելու իրավունք տալու համար, սակայն դա ընդունված է ողջ աշխարհում:

Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, թե օրեր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչը բռնություն Է կիրառել լրագրողի նկատմամբ, Գ. Դանիելյանը արձագանքեց, որ այդ միջադեպը քննվում է եւ համապատասխան ընթացք կտրվի, եթե պարզվի, որ կարգադրիչը գերազանցել է իր լիազորությունները:

Պատգամավորների քննարկմանը ներկայացվեց իրավական փաստաթղթերի մի փաթեթ, ըստ որի, եթե դատավարության ժամանակ ամբաստանյալը խոչընդոտում է դատական նիստի բնականոն ընթացքը կամ չի կատարում դատավորի կարգադրությունները, ապա դատավորն իրավունք ունի ամբաստանյալին հեռացնելու դատական նիստից եւ շարունակելու վերջինի բացակայության պայմաններում: Գեւորգ Դանիելյանը նշեց, որ այդ դրույթը, որն ընդունված է բոլոր երկրներում, ժամանակին գործել է նաեւ Հայաստանում, բայց հետագայում փոխվել է:

Նրա ներկայացմամբ` այս փոփոխության արդյունքում փոխվում է նաեւ մեկ այլ դրույթ. եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստից, ապա այդ հեռացված լինելու ընթացքը չի հաշվարկվում ազատազրկման ժամկետի մեջ: «Սա բացարձակապես ընդունելի չի համարվում միջազգային չափանիշներով: Ենթադրվում է, որ այդ ժամկետը եւս պետք է հաշվարկվի ազատազրկման ժամկետի մեջ: Հաշվի առնելով, որ սա միանշանակ անձի վիճակը մեղմացնող հանգամանք է, պետք է հետադարձ ուժ ունենա», նշեց Գ. Դանիելյանը, հավելելով, որ ամբաստանյալին դատական նիստից հեռացնելու պարագայում նրա պաշտպանը պարտադիր պետք է մասնակցի դատավարությանը:

Հարցին, թե ի՞նչ է նախատեսվում, երբ պաշտպանը նույնպես չի ցանկանում մասնակցել դատական նիստին, արդարադատության նախարարը պատասխանեց, որ այդ դեպքում դատարանն իրավունք ունի ինքը նշանակելու դատապաշտպան, որպեսզի հնարավոր լինի շարունակել դատավարությունը:

Գ. Դանիելյանի ներկայացմամբ` դատական նիստից հեռացված ամբաստանյալն իրավունք ունի ներկա գտնվելու դատավճռի հրապարակմանը, սակայն եթե այդ դեպքում էլ է խախտում կարգը, ապա դատավորը կարող է նրան հեռացնել նաեւ դատավճռի հրապարակման ժամանակ, բայց պայմանով, որ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այն պետք է հանձնվի ամբաստանյալին, որից հետո միայն սկսում է հաշվարկվել պատժաչափը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե այս փոփոխությունների նախաձեռնումը որքանո՞վ է կապված «7-ի գործի» հետ, նախարարն արձագանքեց, որ թեեւ այդ դրույթը կարող է տարածվել նաեւ այդ գործով անցնող մեղադրյալների վրա, սակայն դա ընդամենը զուգադիպություն է, քանի որ այդ փոփոխությունները նախաձեռնվել են 5 ամիս առաջ, եւ այն ժամանակ «որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ դա կարելի է օգտագործել քաղաքական նկատառումներով»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4