ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս կամ այն քաղաքական ուժին կամ անձին ընտրելիս շատ հաճախ չենք էլ հասկանում, թե վերջին հաշվով, կոնկրետ ի՞նչ ենք ակնկալում նրանցից, եւ մեր ընտրությունը մի տեսակ ինքնանպատակ է դառնում: Այդ պատճառով էլ Հայաստանի անկախության ավելի քան 17 տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրություններից հետո ընտրողների գերակշիռ մեծամասնությունը ընկնում է ապատիայի (անտարբերության) մեջ, իսկ վատագույն դեպքումՙ հիասթափություն ապրում նոր նախագահից, խորհրդարանից, կառավարությունից, նախարարներից եւ այսպես շարունակ: Նման իրավիճակից խուսափելու համար հարկ է ընտրենք ոչ թե անձնական համակրանքների կամ հակակրանքների հիման վրա, ոչ թե ընդդեմ կամ անգամ հանուն ինչ-որ մեկի, այլ կոնկրետ արդյունքներ ցույց տված եւ իրատեսական ու կոնկրետ առաջարկներ կատարողներին, հետեւելով, թե ինչպես են դրանք իրականացվելու:
Մեր բնակչության մի զգալի մասն ընտրությունը կատարում է ընտրվածից ակնկալելով, որ նա մեսիա էՙ փրկիչ, որը կգա եւ կլուծի մեզ հուզող բոլոր հարցերը, իսկ մեկ այլ մասն էլՙ սպորտային հետաքրքրասիրությամբ: Դա է պատճառը, որ նոր իշխանության անգամ ակնհայտ դրական քայլնՙ ուղղված «կարգ ու կանոն հաստատելուն», «ժողովրդի կյանքը լավացնելուն», ուղղակի չի ընկալվում ընտրությունից առաջ այսպիսի ցանկություններ արտահայտող մարդկանց կողմից: Այս պարագայում արմատական եւ ժամանակի պահանջ փոփոխություններ կատարող պետության կամ կառավարության որեւէ ղեկավար հայտնվում է աննախանձելի իրավիճակի մեջ, ինչպես նման իրավիճակում հայտնվել են ներկայիս նախագահն ու վարչապետը:
Խոսքը ՀՀՇ-ական թերթերի տխմարությունների մասին չէ, որոնք դժվար է քննադատություն անվանել: Նրանք սովոր են քծնել միայն իրենց տերերին եւ այն իշխանավորներին, որոնք գնել են նրանց: Խնդիրն այն էլ չէ, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն «աբիժնիկական» կեցվածք են ընդունել Սերժ Սարգսյանի կողմից Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու կապակցությամբ:
Աննախանձելի են նախ այն մթնոլորտը եւ ձեւավորված ավանդույթները, որոնք գործում են մեր հասարակության մեջ եւ իշխանական շրջանակներում: Դրանք պարզապես սպանում են ամեն մի նոր մոտեցում ու գործելաոճ, որը փոխում է մեր զարգացումը կասեցնող մտածելակերպը, արժանացնելով դաժան քննադատության եւ համառ դիմադրության բոլոր կողմերից: Կարծրատիպերն այնքան ամուր են եւ պետականության զգացողության բացակայությունը այնքան մեծ նստվածք տված, որ դրանք հաղթահարելն անհնար է թվում: Եթե մինչ այժմ եղած իշխանավորներըՙ սկսած նախագահից մինչեւ թաղապետ, կառավարել են 1991-ին ՀՀՇ-ի հիմնադրածՙ օրենքն արհամարհելու ավանդույթով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր կարող է սպառնալ այն մարդկանց, ովքեր կփորձեն քայլեր ձեռնարկել օրենքը բոլորի համար գերակա դարձնելու ուղղությամբ:
Երբ նորանշանակ վարչապետը եւ նրանից առաջ նախագահը հայտարարեցին հարկային ու մաքսային բարեփոխումների մասին, գործարար շրջանակները դա ողջունեցին: Սակայն դժգոհել սկսեցին այդ համակարգի աշխատակիցները: Դրանք, իհարկե, բարձրաձայն չէին, բայց կարող են եւ արտահայտվում են բարեփոխումներին ամեն կերպ խոչընդոտելով: Միաժամանակ, երբ կառավարությունը որոշեց ստվերի դեմ պայքարել, մեր երկրում առեւտրաշրջանառության իրական ծավալները բացահայտել, դրանով իսկ խոշոր եւ փոքր ու միջին տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովել եւ հարկման դաշտ բերել, անմիջապես սկսվեցին առեւտրականների ցույցերն ու բողոքները:
Գաղտնիք չէ, որ ՀԴՄ-ներից բողոքող տոնավաճառային առեւտրականների հետեւում հենց խոշոր ներկրողներն ու առեւտրի խոշոր ծավալներ ունեցողներն են, որոնք տոնավաճառների միջոցով իրացնում են իրենց ապրանքներն առանց որեւէ փաստաթղթի: Ինչ պատճառ ասես, որ չբերվեց ՀԴՄ-ների տեղադրման դեմՙ սկսած նրանից, որ ամեն օր գումարային հաշիվներով զբաղվող առեւտրականներն այնքան անգրագետ են, որ չեն կարող կիրառել ՀԴՄ-ները, վերջացրածՙ որ դրանց կիրառումից հետո նրանք կվերածվեն «բոմժերի»: Համեմատության համար ասենք, որ «բոմժ» լինելը առեւտրականների համար այն է, երբ տվյալ ամսվա շահույթը նվազ է լինում 200-250 հազար դրամից: Երեւի չասենք, թե ինչ պետք է զգա 30 հազար դրամ ստացող գրադարանավարը կամ 60 հազար դրամ ստացող ուսուցիչը նման «բոմժերի» շահույթի համեմատ:
Սակայն ամենահիասթափեցնողը հասարակության վերաբերմունքն է: Չնայած հարկային ու մաքսային նոր աշխատաոճն ու ստվերի նվազեցումը արվում են եւ պետք է ավելանան այդ հասարակությանՙ գոնե բյուջեից սնվողների աշխատավարձերը կամ թոշակները, բայց վերջինս էլ իր հերթին է բացասաբար տրամադրվում իր օգտին այդ քայլերն անողի դեմ: Եթե նախկինում ոչ մեծ աշխատավարձ ստացող, բայց շքեղ մեքենայով երթեւեկող հարկային կամ մաքսային աշխատակիցը նրա համար «կաշառակերի մեկն էր», ապա երբ փորձ է արվում վերացնելու նրա կաշառք վերցնելու մեխանիզմները, դառնում է «ընտանիք պահող» եւ կարեկցանքի արժանացող մարդ: Եթե առեւտրով զբաղվողը հասարակական ընկալման մեջ պետությանը «գցողի» եւ քաղաքացուն «խաբողի» ընկալում ուներ, ապա երբ փորձ է արվում այդ մարդու համար վերացնելու «գցելու» կամ «խաբելու» սողանցքը, անմիջապես հասարակության աչքում նա վերածվում է զոհի, ինչ է թե պարտադրված է լինելու փոքր ինչ ավելի հարկ վճարել:
Հաճախ կարելի է լսել, թե «պետության մեջ փոփոխություններ են պետք», բայց չի ասվում, թե ի՞նչ փոփոխություններ եւ առավել եւս ոչ ոք չի մտածում, որ ինքը եւս պետք է փոխվի: Երբ, օրինակ, վաչապետը հրապարակավ նկատողություն է տալիս փոխնախարարներինՙ պաշտոնյային ոչ վայել վարքագծի համար, դա կարելի՞ է համարել նման փոփոխություն: Երեւի թեՙ այո: Սակայն արի ու տես, որ մինչ այդ տեղի չունեցած դրական փոփոխություն է կատարվում, իսկ փոփոխությունների մասին խոսողներն ասես չեն էլ տեսնում դա: Այսինքն, մեր հասարակությունը, ճիշտ էՙ տեսնում եւ քննադատում է բացասականը, բայց չի կարողանում ընկալել կամ գնահատել դրականը:
Մշտապես փոփոխություններ պահանջողներից գրեթե ոչ ոք ոչինչ չի անում իր փոխվելու ուղղությամբ: Օրինակՙ սեփական ջրամատակարարման կամ էներգամատակարարման ընդհատման, բակից աղբը չհավաքելու դեպքերում ալարում են ահազանգել եւ պահանջներ ներկայացնել համապատասխան ծառայություններին, ՀԴՄ-ի կտրոն պահանջել կամ չտրամադրման դեպքում գոնե տեղեկացնել հարկայինի «թեժ գծին», նախաձեռնել շաբաթօրյակ կամ ծառատունկ: Փոխարենը, կոնկրետ փոփոխությունները մեծ հաջողությամբ կարողանում են «չնկատել» եւ, որ առավել արտառոց է, բացասական գնահատել, դրանք ձեռնարկողին անընդհատ փնովել ու շարունակել պահանջել «փոփոխություններ», այդպես էլ չհասկանալով դրանց իմաստն ու նշանակությունը:
Այս աննախանձելի իրականությունն է, որ խիստ դժվարացնում է պետության մեջ, կառավարման համակարգում եւ հասարակական կյանքում բարեփոխումներ ձեռնարկելու անգամ առաջին քայլերը: Ճիշտ եւ արդար չգնահատելով դրանք իրականացնողներին, փոխարենը հետին թվով ենք գնահատում («Այ, լավ մարդ էր») նրանց ունակություններն ու իրականացրածը: Երբ արդեն «գնացքը գնացած է լինում» եւ երբ դրականը չտեսնելով, արդեն իսկ ոտնատակ տված ենք լինում նրա առաջին ծիլերը: Կամ էլ սկսում ենք մեծարել նրանց, ովքեր սեփական իշխանության տարիներին դրական ոչինչ չեն արել նույն հասարակության համար եւ աչքի են ընկել բացահայտ ապօրինություններով, բայց այժմ դարձել են ակտիվ ընդդիմախոսներ որեւէ «փոփոխության»ՙ շահաբաժին ձեռք բերելով դրանից դժգոհողներից: Սակայն սա արդեն այլ խոսակցության թեմա է...