«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ԻՑ ՈՒ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գնահատմամբՙ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունված 1643 բանաձեւը եւ կից զեկույցը այնքան էլ վատ փաստաթղթեր չեն եւ հիմքեր են ստեղծում քաղբանտարկյալներին ազատելու եւ ժողովրդավարություն հաստատելու գործում լուրջ աշխատանքներ ծավալելու համար: «Փաստաթուղթը քաղբանտարկյալների հարցում ավելի կոշտ է, քան նախորդ երկուսը: Պահպանվում է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, որոնք փաստորեն հրաժարվում են ազատել քաղբանտարկյալներին: Իշխանություններից ստացված են որոշակի երաշխիքներ, այդ թվում նաեւ գրավոր, որոնք ամրապնդված են զեկույցում», նկատում է Լեւոն Զուրաբյանը: Փաստը, որ բանաձեւից հանվել է «քաղբանտարկյալ» տերմինը, այնքան էլ չի վհատեցրել ընդդիմությանը: «Երբեք քաղբանտարկյալների մասին ավելի հստակ չի գրվել, քան վերջին զեկույցում: Բոլոր հիմնավորումները, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ուժի մեջ են մնացել, դեռ ավելին` ուժեղացվել են: Այլ բան է, որ «քաղբանտարկյալ» տերմինն ավելի մեղմ ձեւով է ներկայացված: Ինչը համարում եմ քաղաքական գործարք, ի փոխհատուցումն իշխանությունների պատրաստակամության, որ փոփոխվելու են քրեական օրենսգրքի 225 եւ 300-րդ հոդվածները, նկատեց Զուրաբյանը:

ԵԽԽՎ նստաշրջանից անմիջապես հետո ընդդիմության բացասական ռեակցիան Զուրաբյանը բացատրում է, որ բանաձեւը` համեմատած դեկտեմբերի 17-ի մոնիտորինգային հանձնաժողովի ընդունած նախագծի հետ, նահանջ էր: «Ընդ որում նահանջ, որ հիմնավորված չէ: Ընդդիմությունը չի հավատում իշխանության ներկայացրած ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր երաշխիքներին: Անցյալում որդեգրած նրանց վարքը լիովին ապացուցում է, որ այս իշխանությունների խոստումներին հավատալ չի կարելի: Որովհետեւ այս իշխանությունները օգտագործում են նման խաբեությունը ժամանակ ձգձգելու համար», ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը նշում է, որ Հայաստանի մասին ԵԽԽՎ-ում ճշմարտություն ներկայացնելու մոնոպոլիան պատկանում է համազեկուցողներին: «Հայաստանի դեպքում այդ փաստը լուրջ պրոբլեմ է ստեղծում, որովհետեւ մեր պետությանը միջազգային նորություններում գրեթե չեն անդրադառնում եւ ընդհանրապես ԵԽ-ում շատ քիչ մարդ է տեղեկացված Հայաստանի մասին: Դեկտեմբերի 17-ից հետո ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել հանդիպելու համազեկուցողների հետ: Նրանք չհանդիպեցին ընդդիմության հետ, երբ հունվարին ժամանեցին Հայաստան, մերժեցին հանդիպումը մինչեւ մոնիտորինգային հանձնաժողովի նիստն ու անգամ դրանից հետո չհանդիպեցին մեզ հետ: Նրանք անգամ չփորձեցին որեւէ պատճառաբանություն տալ մերժումների վերաբերյալ», ասաց Զուրաբյանը: Հիշեցնենք, որ երբ համազեկուցողները ժամանեցին Երեւան նույն Լեւոն Զուրաբյանը փաստեց, որ իրենք եվրոպացի ներկայացուցիչների հետ չեն հանդիպի, որովհետեւ դա իշխանությունների խնդիրն է, այլ ոչ ընդդիմության:

Զուրաբյանը նշեց, որ շարունակելու են աշխատել ԵԽ-ի հետ: Նրա խոսքերով հաստատվել են բավականին լուրջ շփումներ: «Փորձը ցույց տվեց, որ չի կարելի սահմանափակվել միայն համազեկուցողների աշխատանքով: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, մենք նրանցից նեղացած չենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանի բոյկոտը

«Որեւէ նախատինք կամ կշտամբանք չենք ուզում ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց չեմ կարող չընդգծել այն փաստը, որ եթե լիներ մեկը, ով մոնիտորինգային հանձնաժողովի անդամի կարգավիճակ կունենար ու կկարողանար մեզ աջակցել, իհարկե, լրջագույն օգնություն կլիներ: Ցավոք, այդպիսի աջակցություն Ստրասբուրգում չունեինք», նկատեց Զուրաբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի նստաշրջանին չմասնակցելը նախօրեին ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգության» նախագահը պարզաբանեց Հայաստանի Հանրապետության շահերը չվնասելու պատճառաբանությամբ: «Զարմացած եմ, որ նման կարծիք ընդհանրապես հնչել է եւ կարող էր գոյություն ունենալ: Ժողովրդավարությունը, քաղբանտարկյալների ազատումը հենց պետության շահն է: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին, մինչեւ չծանոթանամ այդ տեքստին` չեմ կարող որեւէ բան ասել», ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4