Մոսկվայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրը հաջող էր ուժեղագույնների մրցավեճին մասնակցող մեր ամենափորձառու շախմատիստների` Գաբրիել Սարգսյանի եւ Ռաֆայել Վահանյանի համար, որոնք անդրանիկ հաղթանակները տոնեցին: Գաբրիելը սեւերով պարտության մատնեց գրոսմայստեր Միխայիլ Անտիպովին: Վահանյանի մրցակիցը ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օնոպրիչուկն էր: Սեւերով խաղացող հայ շախմատիստը հասավ հաղթանակի: 3 տուրից հետո Վահանյանն ու Սարգսյանը վաստակել են 2-ական միավոր եւ գտնվում են առաջատարների շարքում:
Հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը, որը 100 տոկոսանոց արդյունք ունի: 3-րդ տուրում Յուրին պարտության մատնեց Դոլգան Նյուդլեեւին: Հայրապետյանը 15 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Հայաստանցի շախմատիստներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանի ցուցանիշն է, որն ունի 2,5 միավոր: 3-րդ տուրում Ռոբերտը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Իգոր Կուռնոսովի հետ:
2-ական միավոր են վաստակել Դավիթ Պետրոսյանը եւ ռուսաստանցիներ Սերգեյ Գրիգորյանցն ու Նիկիտա Մատինյանը: 1,5-ական միավոր ունեն Յուրի Համբարձումյանը, Դմիտրի Հարությունյանը, Աղասի Ինանցը եւ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Գաբրիելյանը, Էդուարդ Բարսամյանը: Վարդան Խոջայանը, Վահե Բաղդասարյանը եւ ռուսաստանցիներ Գեւորգ եւ Գոռ Հայրապետյանները վաստակել են մեկական միավոր:
«B» խմբի մրցաշարում բավական հաջող են խաղում հայ շախմատիստները: Առայժմ երեքական հաղթանակ են տոնել ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, Սուրեն Պողոսյանը, Տիգրան Սիմոնյանը, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Սարգիս Մանուկյանը, Սարգիս Սարգսյանը, Դավիթ Գեւորգյանը, Վարդան Մելքոնյանը, ինչպես նաեւ ռուսաստանցիներ Գեորգի Պողոսյանն ու Առնոլդ Մինասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ