«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


«ՓՅՈՒՆԻԿՈՒՄ» ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» մեկ օրում հերթական երկու հանդիպումներն անցկացրեց: Առաջինում թիմի հիմնական կազմը մրցեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նորեկ «Վոլգար-Գազպրոմի» հետ եւ 0-4 հաշվով պարտություն կրեց: Երկրորդ խաղում, որում մրցակիցը Լիպեցկի «Մետալուրգն» էր, «Փյունիկում» հիմնականում ընդգրկված էին թիմում փորձաշրջան անցնող լեգեոնականները: Խաղն ավարտվեց «Մետալուրգի» հաղթանակով` 3-2: Այդ խաղում հաշիվը բացեց «Փյունիկի» զամբիացի լեգեոնական Չիսամբա Լունգուն, որին «Մետալուրգի» ֆուտբոլիստները պատասխանեցին 3 գոլով: Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Ալբերտ Հովակիմյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 18-ամյա այս հարձակվողն արդեն հրավեր է ստացել մասնակցելու Հայաստանի պատանեկան հավաքականի ուսումնամարզական հավաքին:

«Մետալուրգի» հետ խաղում «Փյունիկի» դարպասը պաշտպանում էր Ստանիսլավ Մանեւը, որը ծնվել է Նովոռոսիյսկում, ժամանակին հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականում: Անցյալ տարի 19-ամյա դարպասապահը խաղացել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայում»: Ի դեպ, «Փյունիկն» արդեն հրաժարվել է ֆրանսիացի դարպասապահ Քրիստոֆեր Բոսելից:

Ստուգողական հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների թվում են եղել Զամբիայի օլիմպիական հավաքականի անդամներ Ֆրանցիս Կասոնդեն, Էմանուել Մբոլան եւ Վիլյամ Նջոբվուն: Ընդհանրապես նոր մրցաշրջանում «Փյունիկի» մարզիչների ուշադրության կենտրոնում են հայտնվել աֆրիկացի մի խումբ ֆուտբոլիստներ, որոնցից աչքի ընկածները կհամալրեն թիմի կազմը: «Փյունիկը» Երեւան կվերադառնա վաղը, իսկ մինչ այդ կմրցի Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4