«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՉՈՐՍ ՄԵԴԱԼ ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Հոլանդիայում կայացած միջազգային մրցաշարում: Տատամի դուրս եկած 19 ձյուդոյիստներից 4-ն արժանացան մեդալների: Ամենահաջողը մինչեւ 81 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Սողոմոնյանի ելույթն էր: Նա գերազանց հանդես եկավ եւ հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին` արժանանալով ոսկե մեդալի:

Ոսկե մեդալի հավակնորդ էր նաեւ Իշխան Գրիգորյանը: Մինչեւ 66 կգ քաշայինների մրցավեճում հայ ձյուդոյիստը մտավ եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում զիջեց մրցակցին ու բավարարվեց արծաթե մեդալով: Առանց մեդալների չմնացին նաեւ Սամվել Խաչատրյանը (38 կգ) եւ Արսեն Թովմասյանը (55 կգ), որոնք դարձան 3-րդ մրցանակակիրներ:

Փետրվարին լուրջ փորձություն է սպասում մեծահասակների հավաքականի անդամներին: Փետրվարի 28-ին Վարշավայում նրանք կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլին: Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն հինգ ձյուդոյիստներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4