Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը օրերս թերթերից մեկում կարդացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը եւ հասկացել, որ «ժողովրդավարության լուրջ խնդիր ունեցող» Հայաստանում մեծ տեղ է հատկացվում քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն: Սակայն, նրա խոսքերով, գրեթե ամեն օր կառավարության շենքի առջեւ նույն հասարակության տարբեր հատվածներ բողոքի ցույցեր են կազմակերպում` բարձրացնելով իրենց իրավունքների խախտման մասին հարցեր: «Եվ, որպես կանոն, նրանք ոստիկանության կողմից բռնությունների են հանդիպում: Ես, անկեղծորեն հավատալով վարչապետի իսկապես քաղաքացի կերպարին, ուզում եմ հարցնել` ի՞նչ անի հասարակությունը, ինչպե՞ս դրսեւորի, որ նման բռնությունների չհանդիպի եւ ստանա պետության հետ համագործակցողի կարգավիճակ», կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ղեկավարին նման հարցով դիմեց տիկին Բախշյանը երեկ:
Պատասխանելով պատգամավորի հարցին` վարչապետը նախ ասաց, որ իրենք «հեծանիվ չեն հորինելու» եւ կիրառելու են զարգացած երկրների փորձը: Այնուհետեւ, որպես քայլ մատնանշեց հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման հանգամանքը: Նա նաեւ նկատեց, որ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցող բողոքի ակցիաներում հիմնականում դժգոհում են դատական ատյանների ընդունած որոշումներից, որոնք մարդկանց չեն բավարարում: «Ես հանդիպել եւ խոսել եմ նրանցից շատերի հետ: Մենք չենք կարող ընդունել այնպիսի որոշումներ, որ բոլորի համար գոհացուցիչ լինեն», նկատեց Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը ընդդիմությանը` եւ ոչ միայն խորհրդարանական, առաջարկեց երկխոսության գնալ: «Մենք բացառիկ առաջարկություն ենք արել, որ մենք ուզում ենք համագործակցել ընդդիմության հետ եւ առաջարկել ենք շատ լուրջ համագործակցության գործիք, այն է` հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգի իրականացում», հավելեց վարչապետը` նկատելով, որ ընդդիմության մասնակցությունը «էապես կբարձրացնի հանձնաժողովի վարկանիշը հասարակության մեջ»:
Հետաքրքրական էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ուղղած հարցը, թե ինչո՞ւ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, մինչդեռ սփյուռքի շատ համայնքներում «դուք սփյուռքահայերին կոչ եք անում գալ եւ ապրել Հայաստանում»: Ավելին, ըստ Փոստանջյանի, վերջերս մերժվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանին կեցության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմումը:
«Ձեր հարցը որեւէ առնչություն չունի սփյուռքի նախարարության հետ», հարցին ԱԺ ամբիոնից պատասխանեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ հավելեց, որ իրավասու մարմինները տվել են սպառիչ եզրակացություն:
«Որեւէ մեկը չի ուզում նսեմացնել այս կամ այն անձի մատուցած ծառայությունները, սակայն եթե քաղաքացիություն շնորհելու հարցում իսկապես կան իրավական խոչընդոտներ, ապա բնականաբար պետք է բացառենք քաղաքացիություն ձեռք բերելու դիմումը», նշեց նախարարը: Ինչ վերաբերում է կեցության հատուկ կարգավիճակ չտրամադրելուն, ապա նախարարը նկատեց, որ այդ ամենը տրամադրվում է նույն հիմքով, ինչպես ՀՀ քաղաքացիությունը: «Մատուցած ծառայությունները երբեք չեն կարող հաշվի առնվել, եթե կան պետական անվտանգությանը առնչվող խնդիրներ», հավելեց նախարար Դանիելյանը:
Ն. Մ.