Հայաստանի Հանրապետությունը վավերացրել եւ ստորագրել է երկու տասնյակի չափ միջազգային բնապահպանական համաձայնագրեր, ունի ոլորտի տարբեր խնդիրներին առնչվող բազմաթիվ օրենքներ ու որոշումներ, բայց չունի երկրի բնապահպանական քաղաքականությունը սահմանող հիմնարար իրավական ակտ: 1991 թվականին ընդունված «Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքներ» ընդհանուր օրենքը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ դրա փոխարեն որեւէ նոր օրենք առ այսօր չի ընդունվել: Նման հակասական թվացող իրավիճակ ներկայացվեց Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնում կազմակերպված հերթական հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ոլորտի մի խումբ մասնագետներ ու պատասխանատուներ, բնապահպան եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բուն քննարկման նյութը ՀՀ «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրն» էր (ՇՄՊԳԱԾ-2), որը կառավարությունը հաստատել է 2008-ի օգոստոսի 14-ին, բայց ինչպես նշվեց` համարվում է դինամիկ փաստաթուղթ, այսինքն` ենթակա է հնարավոր փոփոխությունների ու լրացումների: 2008-12 թվականների համար նախատեսված այս ծրագրին նախորդել է նույնանուն առաջին ծրագիրը (1998-2007 թթ.), որի մասին քննարկման ժամանակ կարծիքներ հայտնվեցին, որ եթե օրենսդրական բարեփոխումների կամ ինստիտուցիոնալ վերափոխումների իմաստով որոշ առաջընթաց ապահովել է, ապա կոնկրետ գործողությունների առումով մնացել է ավելի շատ չիրականացված: ՇՄՊԳԱ երկրորդ ծրագիրը, վերջինս ներկայացրած «Օրհուս» կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, շատ ավելի լավն է, ավելի ամփոփ, ընդգրկուն եւ անդրադարձել է ավելի մեծ թվով բնապահպանական խնդիրների: Խոսքը մասնավորապես վերաբերում է բնապահպանական քաղաքականության եւ օրենսդրության հետագա կարգավորմանը, համապարփակ բնապահպանական կառավարման համար ինստիտուցիոնալ հզորությունների զարգացմանը, հանրության իրազեկմանը եւ բնապահպանական դաստիարակությանը, կրթությանն ու տեղեկատվության մատչելիությանը, ծրագրի գործողություններում հասարակական ոլորտի ավելի լայն ներգրավվածությանը եւ այլն: Քննարկման ժամանակ ընդգծվեց, որ երկրորդ ազգային ծրագրի իրականացման լավագույն մեխանիզմը կլինի յուրաքանչյուր համայնքում համանման տեղական ծրագրի ստեղծումն ու գործադրումը:
Խնդրո առարկա փաստաթղթին առավել հանգամանալից ծանոթանալուց հետո շիրակցի բնապահպաններն իրենց դիտողություններն ու առաջարկությունները կներկայացնեն բնապահպանության նախարարության մասնագետներին: «Օրհուս» կենտրոնի պատասխանատուի հավաստմամբ, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այստեղ նրանց հետ հանդիպման նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ