«Հայտնի խոսք կա, որ աշխարհի մեծ գրողներն իրականում գրում են նույն թեմայի մասին, բայց տարբեր մոտեցումներով: Եթե նույնը վերաբերեր կինոյին, Հարություն Խաչատրյանն, անկասկած, կլիներ այդ մեծերից մեկը: Խաչատրյանը միշտ վերադառնում է այն ամենին, ինչ հիացնում է իրեն` Հայաստանին, այնտեղ ապրող մարդկանց, նրանց կենսակերպին, հիասքանչ բնապատկերներին ու զարմանահրաշ բնությանը», գրված է Ռոտերդամի կինոփառատոնի կայքէջում:
Ռոտերդամի կինոփառատոնի նորանշանակ տնօրեն Ռուտգեր Վոլֆսոնն անցած տարի հոգնել էր կինոդահլիճներում փառատոներ անցկացնելու միօրինակությունից եւ այս տարի մտքին դրել էր մասամբ փշրել ավանդական պատկերացումները` փառատոնային մի քանի ֆիլմերի ցուցադրումը մութ պատերից հանելով եւ երկինք հասցնելով, ավելի ճիշտ` «երկնաքերային» դարձնելով: Նրա պատվերով մեքսիկացի Կառլոս Ռեյգադասը, կանադացի Գայ Մեդինն ու հոլանդացի Հանուկ Լեոպոլդը ֆիլմեր նկարահանեցին քաղաքի կենտրոնական երկնաքերերի վրա տեղադրված 4 լայնածավալ էկրաններին ցուցադրելու համար: «Կինեմատոգրաֆիստները վարժվել են ֆիլմեր ստեղծել կինոդահլիճների էկրանների համար, այնինչ այսօր հասարակական վայրերում կան բազմաթիվ էկրաններ` լցված տարատեսակ գրություններով ու գովազդներով: Ինձ համար հետաքրքրական էր, թե երկնաքերերի վրա տեղադրված էկրանների համար ի՞նչ կարող էին բերել կինոյի վարպետները», փառատոնի բացումից առաջ ասել էր կույր աղիքի վիրահատությունից նոր-նոր ապաքինված 39-ամյա Վոլֆսոնը:
Տնտեսական ճգնաժամի պայմաններում 10 մլն դոլար բյուջե ունեցող կինոփառատոնի համար այդպիսի նորամուծություն մտցնելը ոմանց թվացել է չափից դուրս շռայլություն, մինչդեռ Վոլֆսոնը պնդել է, որ «կարեւորը առաջնակարգ արվեստում նոր հարցադրումներով հիմնավոր փոփոխություններ կատարելն է»: Բացօթյա կինոդիտումներն, իհարկե, վաղուց տարածված են տաք օրերին անցկացվող եվրոպական մի շարք փառատոներում, բայց ձմռան ամենացուրտ ամսին քամու եւ սառցե անձրեւի տարափի տակ հաճախակի դողացող Ռոտերդամի կենտրոնում երկու ժամ կանգնելն ու ֆիլմ դիտելը հասու է միայն նրանց, ովքեր չեն վախենում իրենց առողջությունը կորցնելուց: Փառատոնի մասին կարելի է ժամերով կարդալ «Դեյլի թայգր» օն-լայն փառատոնային օրաթերթում: «Մուկը» դեռ չդիպածՙ էջերն իրենք իրենց բացվում են քո առաջ ու գայթակղում իրենց գունագեղությամբ: Նույնիսկ կարելի է տեսնել, թե գիշերային ո՞ր բարում են կոնծում ու պարում հյուրերը:
Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց հունվարի 21-ին` Մայքլ Իմպերիոլիի «Սովահար ուրվականներ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով: Կինոաշխարհում բարձր հեղինակություն ունեցող այս փառատոնը հայտնի է որպես պրեմիերաների ու դեբյուտների փառատոն: Դրանք շատ էին նաեւ այս տարի` 43 համաշխարհային եւ 34 եվրոպական պրեմիերաներ:
Համաշխարհային պրեմիերա ունեցանք նաեւ մենք. հունվարի 24-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի նոր` «Սահման» ֆիլմը, որի նկարահանումներին աջակցել էր նաեւ Ռոտերդամի Հյուբերտ Բալս հիմնադրամը: «ՎիվաՍել» ընկերության հովանավորությամբ Հարություն Խաչատրյանի հետ Ռոտերդամ էին մեկնել նաեւ ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները: Նրանց ժամանումից առաջ «Սահմանը» ցուցադրվել էր միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, մեծ հետաքրքրություն առաջացրել եւ Հարություն Խաչատրյանի հայտնվելուն պես լրագրողներին շտապեցրել էր հարցազրույցների, հանդիպումների, նկարահանումների: Ստեղծագործական խմբի մասին նկարահանված հինգ րոպեանոց տեսահոլովակը մի քանի օր անընդմեջ ցուցադրվել է կաբելային հեռուստատեսությամբ: Ֆիլմի բոլոր 5 դիտումները` 2 անգամ լրագրողների, 3 անգամ` կինոհանդիսատեսի համար, անցել են լեփ-լեցուն դահլիճներում:
«Սահմանը» Ռոտերդամի փառատոնում ցուցադրվող իմ չորրորդ ֆիլմն էր, ասում է Հարություն Խաչատրյանը: Պրեմիերային ներկա էր նաեւ կինոփառատոնի տնօրենը, հենց նա էլ «Սահմանը» ներկայացրեց հանդիսատեսին: Պրեմիերայից հետո ընդունելություն եղավ, հրավիրել էինք 100 հոգու, բայց ունեցանք մոտ 300 հյուր: Մեզ շատ օգնեցին տեղի «Արարատ» մշակութային ակումբի նախագահ Հարություն Սիմոնյանը, անդամներից` Մանվելն ու մյուսները: Երեւանի կոնյակի գործարանի հովանավորությամբ մեզ հետ տարել էինք հայկական կոնյակ, չէինք մոռացել նաեւ հայկական ուտեստների մասին: Մի խոսքով, ամեն ինչ հրաշալի էր:
Ֆիլմի հանդեպ, իրոք, մեծ հետաքրքրություն կար, հրավերներ եղան Իտալիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Արգենտինայից եւ այլ երկրներից: Չափազանց հաճելի էր հանդիսատեսի ուշադրությունն ու ջերմությունը: Համընդհանուր կարծիք կար, որ եթե Ռոտերդամում լավագույն դերի համար մրցանակ լիներ, անպայման կհանձնվեր մեր ֆիլմի Գոմեշին: Մամուլում եղած արձագանքները, հանդիպումների ժամանակ հնչած մտքերը, ֆիլմի ստացած հրավերները ապացուցեցին, որ հայկական ֆիլմը աշխարհում պահանջված է, որ հայկական կինոյի այս տեսակն ընդունելի ու հասկանալի է օտարներին: Ինձ համար հատկապես ուրախալի էր, որ Փարիզի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, «Սահմանը» համարելով տարվա երեւույթներից մեկը, ընտրեց այս տարվա բացման ֆիլմ: Դա մի քանի մրցանակ արժե, որովհետեւ բացման ֆիլմ ընտրում են կամ բարձրարվեստ ֆիլմը, կամ մեծ ճանաչում ունեցող կինոբեմադրիչի աշխատանքը, ինչպես օրինակ, «Ոսկե ծիրանն» այս տարվա բացման ֆիլմ է ընտրելու Աբբաս Քյառոստամիի նոր ֆիլմը, որը ցուցադրվեց նաեւ Ռոտերդամի փառատոնում:
«Սահմանի» պրեմիերան ոչ թե սոսկ ֆիլմի ցուցադրում էր, այլեւ փայլուն վկայություն, որ հայկական կինոն իսկապես տեղ ունի աշխարհում, որ հայ իրականությունը, պարզ ու հասարակ մարդկանց ապրելակերպը օտար հանդիսատեսին ավելի են գրավում, քան եվրոպականը եւ ամերիկյանը:
Կարծում եմ, «Սահմանը» մեծ ճանապարհ ունի գնալու: Ցավում եմ միայն, որ ֆիլմը չենք կարող ցուցադրել Հայաստանում, քանի որ նկարահանված է հին ֆորմատով: Մեր կինոթատրոններն այլեւս այդպիսի օբյեկտիվ չունեն եւ ցուցադրելու դեպքում պետք է կադրը կես մետր վերեւից ու նույնքան էլ ներքեւից կտրել: Բացի այդ, հնչյունային տեխնիկայի հետ խնդիր կա», ասում է Հարություն Խաչատրյանը:
Ռոտերդամի կինոփառատոնում նա իր ժամանակը նվիրել է ոչ միայն «Սահմանին», այլեւ «Արքայազն Քլաուսի» սահմանած կինոնախագծերի մրցույթին, որի ժյուրիի անդամներից էր: Նրա տպավորությամբ, տարբեր երկրներից ներկայացված նախագծերը բավականին հետաքրքրական էին, հատկապես երիտասարդ կինոբեմադրիչներինը: Միայն ափսոսում է, որ Հայաստանից որեւէ նախագիծ չէր ներկայացվել:
Իսկ ի՞նչն էր ընդօրինակելի եւ ուսանելի «Ոսկե ծիրանի» համար: «Փառատոնն այս տարի տեխնիկապես ավելի հագեցած էր, ինչն, անկեղծ ասած, չափազանց նախանձաշարժ էր: Մենք կինոթատրոններ չունենք, ուր մնաց թե հարուստ տեխնիկա: Ռոտերդամի փառատոնն ունի ոչ միայն կինոդահլիճներ, այլեւ փառատոնային այնպիսի կենտրոն, որի կես տոկոսն անգամ մենք չունենք: Չեմ կարծում, որ մեզ մոտ նոր կինոթատրոններ բացվեն, այնպես որ, մեր փառատոնի ամենամյա նորամուծությունը միայն լավ ֆիլմեր բերելն է: Ի դեպ, այս տարի նկատելի էր, որ բարձրարվեստ ֆիլմեր ցուցադրելու երկարամյա ավանդույթ ունեցող Ռոտերդամում թեթեւակի ձգտում կար դեպի կոմերցիոն ֆիլմերը, ինչն անսովոր էր ու տեղին քննադատության արժանացավ: Չնայած դրան, փառատոնը դեռ պահպանում է իր բարձր հեղինակությունը» , պատմեց Հարություն Խաչատրյանը:
«Սահմանի» սցենարի համահեղինակ, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը նույնպես հիացած է ռոտերդամյան կինոթատրոնների տեխնիկական հնարավորություններից: Ֆիլմի ձայնն այնտեղ հնչել է այնպիսի մաքրությամբ, որ զարմացրել է իրենց ու գոհություն պատճառել կատարած աշխատանքից:
«Ռոտերդամի փառատոնը յուրահատուկ է այն առումով, որ տարվա ընթացքում հավաքում է լավագույն նոր ֆիլմերը եւ աշխարհի տարբեր ծայրերից կինոաշխարհի մարդկանց հրավիրում է դիտելու համաշխարհային կինոյի համայնապատկերը: Բավականին ներկայացուցչական է, միայն Ֆրանսիայից եկած հյուրերի ցանկը մի քանի էջ էր: Պատկերացրեք, թե ինչքան մեծ հետաքրքրություն կա այս փառատոնի հանդեպ: Ինձ համար կարեւորը մեր ֆիլմը ներկայացնելն էր ու հետեւելը, թե ինչպես էր ընդունում եւ ընկալում կինոհանդիսատեսը: Ուրախալի էր, որ բոլոր ցուցադրումների ժամանակ դահլիճը լի էր մարդկանցով: Երրորդ ցուցադրության ժամանակ նկատեցինք, որ մարդկանց հերթը աստիճաններից ձգվում էր դեպի դահլիճ, սկզբում մտածեցինք, երեւի շփոթվել ենք ու մեկ ուրիշ դահլիճ ենք գնում: Մեր պատկերացմամբ, «Սահմանն» այդքան հանդիսատես չպետք է ունենար: Ենթադրելի էր, որ պրեմիերան մարդաշատ պիտի լիներ, բայց տոմսեր գնած այդքան մարդու ներկայությունն, իրոք, անսպասելի էր: Ռոտերդամում ինձ ամենից շատ տպավորեց այն, որ նրանք հրաշալի կինոդահլիճներ ունեին: Մեր ֆիլմի նորմալ ցուցադրությունը, փաստորեն, այնտեղ եղավ: Մինչ այդ ոչ «Մոսկվա», ոչ էլ «Նաիրի» կինոթատրոններում ֆիլմը դիտելը մեզ չէր գոհացրել, հատկապես ձայնի մեջ հնչող աղմուկը:
Նախանձելի է, որ կես միլիոնանոց Ռոտերդամն այդքան կինոթատրոններ ունի, իսկ այստեղ մեզ համոզում են, թե մարդիկ կինոթատրոն չեն գնում, եւ պետք է «Նաիրին» խանութ դարձնել, գուցե մի օր էլ` «Մոսկվա» կինոթատրոնը, ու դրանով վերջանա փառատոնն էլ, ամեն ինչն էլ: Համեմատելու պարագայում, իսկապես, շատ տխուր տրամադրությամբ ես համակվում», ասաց Միքայել Ստամբոլցյանը:
Ռոտերդամ էր մեկնել նաեւ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը , որի հետ մեր զրույցը սկսվեց «Սահմանի» փայլուն հաջողությունից եւ ավարտվեց հայկական կինոն միջազգային շուկա հանելու նախապատրաստվածության ոգեւորությամբ:
«Սահմանի» համաշխարհային պրեմիերան նա համարեց նվաճում հայկական կինոկյանքում, նաեւ մեր վրայից խեղճության փոշին թափ տալու եւ կինոաշխարհին պատվարժան ներկայանալու հոյակապ երեւույթ:
«Պրեմիերան անցավ բարձր մակարդակով, դրան հաջորդեց հայկական շռայլ հյուրասիրությունը, իհարկե, ազգային ուտեստներով: Բոլոր ցուցադրումների ժամանակ ունեցանք լեփ-լեցուն դահլիճներ, ջերմ զրույցներ, նկարահանումներ: Ֆիլմի հաջողությունը շատ արագ տարածվեց, այնքան մեծ հետաքրքրություն կար, որ ուղղակի հնարավոր չէր տոմս ձեռք բերել: Հարություն Խաչատրյանի այս ֆիլմը կարելի է կոչել գեղարվեստավավերագրական. ինչպես նրա մյուս ֆիլմերում, այստեղ եւս չկան հերոսներ, երկխոսություններ, կա միայն պատկեր, երաժշտություն ու մերթընդմերթ հնչող տեքստ: Ահա թե ինչու դժվար է սահմանազատելը` գեղարվեստական է, թե՞ վավերագրական: Ֆիլմը ստացավ բազում հրավերներ, որոնցից առայժմ ընդունեցինք միայն մեկը, քանի որ այն պատիվ է ամեն մի երկրի համար: Ֆրանսիական «Սինեմա դյու Ռեել» վավերագրական ֆիլմերի փառատոնը, որն այս ժանրի ամենամեծ փառատոնն է աշխարհում, առաջարկեց այս տարի փառատոնը բացել Հարություն Խաչատրյանի «Սահմանով»: Դա ամենաբարձր պարգեւն էր, որ ֆիլմը կարող էր ստանալ», ասաց Գեւորգ Գեւորգյանը:
Հաջորդ խոշոր կինոիրադարձությունը, նրա տեղեկացմամբ, տեղի կունենա Կաննի փառատոնում, որտեղ կներկայացվի Հարություն Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը` նկարահանված Գերմանիայի, Ֆրանսիայի ու Նորվեգիայի հետ համատեղ: «Տարին մեզ համար հաջողությամբ սկսվեց. մասնակցեցինք այս տարվա առաջին միջազգային կինոփառատոնին եւ աներեւակայելի նվաճում ունեցանք: Հիմա պատրաստվում ենք պետական մակարդակով Կաննի կինոշուկայում ներկայանալու, իհարկե, դա մեծ ծախսեր է պահանջում, պետք է նախապես պատրաստել 2005-ից հետո նկարահանված հայկական ֆիլմերի մասին պատմող կատալոգներ, պաստառներ` տաղավարում ցուցադրելու համար: Դրանից հետո կփորձենք մասնակցել Վենետիկի կինոփառատոնին» , հավելեց Գեւորգյանը:
«Սահմանը» մեզ մոտ ցուցադրելու բարդության վերաբեյալ նա նշեց, որ մեր կինոթատրոններից տեխնիկապես անհամեմատ լավ է զինված «Մոսկվա» կինոթատրոնը, բայց քանի որ Հարություն Խաչատրյանի ֆիլմը նկարահանված է ոչ թե Դոլբի դիջիտալ, այլ Դոլբի Էս-Առ համակարգով, ցուցադրման ժամանակ խնդիրներ են առաջանում: Մեր երկու կինոթատրոնները թվային համակարգի են անցել, դրա համար էլ «Սահմանի» հնչողությունը մաքուր չէ:
Գեւորգյանը լավատես է ու հավատում է, որ գուցե մի օր ազգային կինոկենտրոնը կունենա իր կինոդահլիճները Տերյան փողոցում դեռ պահպանվող հին կինոստուդիայում, որը պետությունը կինոկենտրոնին է հատկացրել: Հարցն այն է, որ հիմնովին վերանորոգելու համար ֆինանսական խոշոր միջոցներ են պետք: Կինոտեխնիկա ձեռք բերելու ելքը փորձում են գտնել ճապոնական դրամաշնորհների օգնությանը դիմելով: Եթե մինչեւ եկող տարի վերանորոգման հարցը չլուծվի, գուցե գնան նույն ճանապարհով:
Հիմա նորից դառնանք Ռոտերդամի կինոփառատոնին եւ ասենք, որ այնտեղ ցուցադրվեց նաեւ երիտասարդ գրող եւ ռեժիսոր Արեգ Ազատյանի «Զատկի ոտքից բռնված» մասնավոր արտադրության կարճամետրաժ ֆիլմը` նկարահանված Արեգի համանուն գրքի հիման վրա: Նա անցած տարի է ավարտել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, հեղինակ է կարճամետրաժ 5 ֆիլմերի:
Փառատոնն ավարտվեց փետրվարի 1-ին` գլխավոր պարգեւները հանձնելով Իրանին, Հարավային Կորեային եւ Թուրքիային: 15 հազար եվրո ստացան իրանցի կինոբեմադրիչ Ռամթին Լավաֆիպուրը` «Հանդարտվիր եւ հաշվիր մինչեւ յոթը», հարավկորեացի Յանգ Իկ-Ջունը` «Անկենդանը» եւ թուրք Մահմուդ Ֆազիլ Կոսկունը` «Սխալ համրիչ» ֆիլմերի համար:
Կինոհանդիսատեսի համակրանքին է արժանացել բրիտանացի կինոբեմադրիչ Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմը, իսկ կինոքննադատների հավանությանը` Էդվին կեղծանունով ինդոնեզիացի կինոբեմադրիչի «Կույր խոզը, որը ցանկանում է թռչել» ֆիլմը:
Փառատոնի 12 օրերի ընթացքում Ռոտերդամի կենտրոնական 24 հրապարակներում ցուցացրվել է մոտ հազար ֆիլմՙ տարբեր երկրներից: Ամեն տարի այս փառատոն է այցելում ավելի քան 350 հազար հանդիսատես, կազմակերպվում են զանազան ցուցահանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ դերասանների եւ բեմադրիչների հետ:
Այս նյութն արդեն ավարտված էր, երբ տեղեկացանք, որ «Սահմանը» հրավեր է ստացել նաեւ Կառլովի Վարիի կինոփառատոնից:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Նկար 1. «Սահման»
Նկար 2. Ընդունելության ժամանակ
Նկար 3. Փառատոնային կենտրոնը