ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը , գնահատականներ տալով ներքաղաքական իրավիճակի մասին, փաստում է, որ իշխանությունների համառ ջանքերով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում: Համաձայն Շահնազարյանի դրա միակ մեղավորները իշխանություններն են:
«Ակնհայտ է, որ իշխանությունները որեւէ միտում չունեն լուծումներ փնտրելու: Խորացնում են հասարակության եւ իրենց միջեւ եղած անջրպետն ու ավելի են մեկուսանում թե՛ պետության խնդիրներից, թե՛ ընդհանրապես աշխարհում կատարվող իրադարձություններից: Նրանց ստրատեգիան հետեւյալն է` հանցագործությունները թաքցնելու ամենահարմար միջոցը նոր հանցագործություններ իրականացնելն է», ասում է Շահնազարյանը:
Թեպետ հենց ընդդիմության ներկայացուցիչներից շատերը շտապեցին ԵԽԽՎ պատվիրակության անդամներին մեղադրել միամտության մեջ, սակայն ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով` Եվրոպային կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի միամտությունից:
«Հեռու եմ այն մտքից, որ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն են կայացրել վերջնական որոշումն ու փոփոխված նախագիծը: Վստահ եմ, որ այդ որոշումը կայացվել է շատ ավելի բարձր քաղաքական ատյաններում: Խնդիրը ոչ թե փոփոխված նախագծի ու նոր բանաձեւի մեջ է, այլ այն պատճառաբանության, որ ներկայացվեց մոնիտորինգի համաժողովին, այնուհետեւ վեհաժողովին: Պատճառաբանություններն իրականության հետ որեւէ կապ չունեն», ասաց Շահնազարյանը: Պատճառաբանություններ ասելով ընդդիմադիր ներկայացուցիչը նկատի ունի քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընդամենը պատրվակներ են, որ Հայաստանը խուսափի սանկցիաների կիրառումից ու ժամանակ շահի:
«Իհարկե, առաջին պատճառը, որ սանկցիա չկիրառվեց, Արցախն է: Կան նաեւ ուրիշ հարցեր, որոնք չեմ մանրամասնի: Կարծում եմ, կարեւոր դեր խաղաց «Արեւելյան համագործակցության» ծրագիրը: Սակայն, ըստ էության, ոչ մի արտասովոր բան էլ տեղի չի ունեցել: Ընդամենը երեք ամիս ժամանակ են տվել: Իհարկե, իշխանությունները յուրովի են ներկայացնում, ու կարծում եմ, որ դա նրանց հնարավորություն կտա ավելի լկտիանալ», ասաց Շահնազարյանը:
Սարգսյան-Ալիեւ հանդիպումներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունների մթնոլորտն ավելի հստակ պատկերացնելու համար Շահնազարյանը խորհուրդ տվեց այցելել «Յու թուբ» կայքէջ ու դիտել դավոսյան քննարկումները: «Նվաստանում ես, երբ դիտում ես 47 րոպեանոց այդ տեսահոլովակը: Սովորական ստանդարտ քննարկում էր, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի վարչապետը, Իրանի արտգործնախարար Մութաքին, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Օրինաբեւը: Հանդիպմանը պետք է մասնակցեր Հայաստանի նախագահը, սակայն Սերժ Սարգսյանը ճողոպրեց: Նրա փոխարեն ավելի քան 20 րոպե ուշացումով քննարկման է ժամանել Էդվարդ Նալբանդյանը: Ալիեւը մեղադրանքներ էր ներկայացնում Հայաստանին, թե իբր մենք ենք օկուպացրել այդ տարածքներն ու չենք հարգում միջազգային օրենքները: Բացահայտ սուտ մեղադրանքները մնում էին անպատասխան: Պարզ է դառնում, որ Էդվարդ Նալբանդյանը չի տիրապետում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ տարրական գիտելիքների: Ղարաբաղն այն վճարն է, որ Հայաստանի իշխանությունները կատարում են` ներսում իրենց այլանդակություններն անելու համար», մանրամասնեց Շահնազարյանը:
Միակ բանը, որ Շահնազարյանը հավանում է իշխանությունների գործողություններում ու ողջունում` հայ-թուրքական հարաբերությունների լավացումն է, որոնք թեպետ զարգանում են ավելի դանդաղ, քան ակնկալում էր միջազգային հանրությունը, այնուամենայնիվ այստեղ ընդդիմությունը դրական քայլեր է արձանագրում: Շահնազարյանը նաեւ անդրադարձավ ստորագրահավաքին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: «Այս ամսվա ընթացքում ստուգված ստորագրությունների մի մեծ քանակ, մեղադրական եզրակացության հետ, որ կազմում է 200 էջ, կուղարկվի Հաագայի դատարան` Քոչարյանի հանցագործությունները ներկայացնելու համար», ասաց Շահնազարյանը:
«Զառանցանքներին չեմ պատասխանում», այսպիսին էր Շահնազարյանի խոսքը «Ազգ» -ի հարցին` Համո Մոսկոֆյանի վերջերս հրապարակայնորեն կատարած հայտարարության վերաբերյալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ-ում իր գաղափարակիցները զբաղվում են դրամաշորթությամբ: «Ազգ» -ի մյուս հարցին` «Ինչպե՞ս կբացատրեք Գլենդեյլի «284 Ալիք» հեռուստակայանի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից AMGA հեռուստակայանի աշխատակիցների հարձակման փորձը», պատասխանեց. «Իմ տեղեկություններով հարձակման փորձ ընդհանրապես չի եղել: AMGA հեռուստաընկերության աշխատակիցներին չէի համարի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ, ուղղակի որոշակիորեն անկախ են: Հարձակման մասին որեւէ ինֆորմացիա չունեմ», ասաց բանախոսը: Հիշեցնենք, որ հաղորդումը ուղիղ եթեր էր հեռարձակվում ու ԱՄՆ-ում շատերն են տեղյակ հարձակման մանրամասներին: Տարօրինակ է, որ ՀԱԿ-ում այսպիսի խայտառակության վերաբերյալ տեղեկություններ չունեն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ