Ֆրանսիական եւ գերմանական ընկերությունները հավակնում են «Շիրակ ջրմուղի», «Լոռի ջրմուղի» եւ «Նոր ակունքի» կառավարմանը
Այս տարվա փետրվարի 24-ին պետք է ստացվեն «Շիրակ ջրմուղ», «Լոռի ջրմուղ» եւ «Նոր ակունք» ջրամատակարարման ընկերությունների կառավարման նպատակով անցյալ տարի հայտարարված միջազգային մրցույթին մասնակցող ընկերությունների առաջարկները: Այդ մասին մեզ հայտնեց ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը: Արդեն այս տարվա ապրիլին հայտնի կդառնա հաղթող կազմակերպությունը, իսկ 1 ամիս հետո նա կստանձնի վերոնշյալ ընկերությունների կառավարումը: Գործընթացը սկսելու համար Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարել գերմանական KfW կազմակերպության հետ, որը համաձայնել է 3 մլն դոլար դրամաշնորհ տալ ապագա կառավարչին:
Ջրտնտպետկոմի փոխնախագահը տեղեկացրեց նաեւ, որ կառավարման պայմանագիրը լինելու է 3 տարով, 1 տարի երկարացնելու հնարավորությամբ: Հայտարարված մրցույթին արձագանքել եւ հայտեր են ներկայացրել 5 ընկերություններՙ 2 ֆրանսիական եւ 3 գերմանական: Դրանք ենՙ ֆրանսիական «Վեոլիան» եւ «Սորը», գերմանական «Բեռլինվասերը», ՄՎՎ-ն եւ «Ռեմոնդիսը»: Նրանք բոլորն էլ այս ոլորտում մասնագիտացված եւ հայտնի կազմակերպություններ են ու անցել են նախաորակավորման փուլը: Փետրվարի 24-ին տեխնիկական առաջարկների ամփոփումից հետո կորոշվի, թե որ կազմակերպություններն են անցնելու երկրորդ փուլ: Որտեղ էլ կներկայացվի գնային առաջարկը: Համադրելով տեխնիկական եւ գնային առաջարկները, կորոշվի, թե որ կազմակերպությունն է հաղթել:
Կառավարող ընկերությունը ներդրումային պարտավորություն չի ունենալու: Բանակցություններ են ընթանում կառավարման համար անհրաժեշտ միջոցները նույնպես KfW-ից ստանալու ուղղությամբ:
Մեր հարցին, թե կառավարման արդյունավետության պահանջներ դրվե՞լ են մրցույթում հաղթող ընկերության առջեւ եւ ի՞նչ է նախատեսվում, եթե դրանք չկատարվեն, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ նման պահանջներ դրված են մրցութային փաթեթում, եւ եթե դրանք չեն կատարվում, ապա կառավարող ընկերությունը չի ստանում խրախուսման վճարումները: Պահանջներն առնչվում են ջրամատակարարման տեւողությանը, կորուստների կրճատմանը, վճարների հավաքմանը եւ այլն:
«Իսկ 3 տարի հետո ի՞նչ տեւողությամբ ջրամատակարարում կունենան Գյումրին եւ Վանաձորը» հարցին էլ ջրային տնտեսության կոմիտեի փոխնախագահը պատասխանեց, որ այնտեղ, որտեղ նոր ցանց է կառուցելու, ջրամատակարարումը կլինի շուրջօրյա: Այսինքն, Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, Վանաձորն ու Գյումրին «հիմնականում 24-ժամյա ջրամատակարարում կունենան»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ