Վայոց ձորի մարզում գործող թեյերի արտադրության «Մեգա-Արարատ» ընկերությանը երեկ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց 161 մլն դրամ: Ինչպես այդ առթիվ լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրեն Իշխան Կարապետյանը , սա փաստորեն Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածին աջակցելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբում ստացած բիզնես ծրագրերից առաջինն էր, որ ստացավ պետական ֆինանսավորում:
ՓՄՁ ԶԱԿ տնօրենը հայտնեց, որ «Մեգա-Արարատ» ընկերությունն ունի 10 աշխատող եւ պատրաստում է Հայաստանում աճող բույսերից 6 տեսակի թեյեր («Արարատ» անվանումով): Ներկայացրած բիզնես ծրագրի համաձայն, ընկերությունը նախատեսում է աշխատակիցների թիվը հասցնել 50-ի եւ եւս 100-ին ընդգրկել դեղաբույսերի հավաքման գործընթացում, իսկ արտադրվող ապրանքի 90 տոկոսն արտահանել: Ներկայումս հայկական թեյերն արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Համապատասխան լիցենզավորումից հետո դրանք կարտահանվեն նաեւ Եվրոպա: 5 տարի հետո ընկերությանը անհրաժեշտ կլինի տարեկան 50 տոննա հումք:
161 մլն դրամ գումարը կուղղվի «Մեգա-Արարատի» սեփական կապիտալի համալրմանը, որի արդյունքում պետությունը կունենա իր բաժինը: Այսինքն, սա պետական մասնակցություն է մասնավորի ակտիվների մեջ, որը պետք է նաեւ կառավարման նոր մոտեցումներ մտցնի ընկերությունում: 5 տարի հետո ընկերությանը կառաջարկվի հետ գնել պետության բաժինը: Իսկ թե ի՞նչ տոկոսներով է տրվում այդ գումարը հարցին Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ դա դեռ քննարկման փուլում է:
Ա. Մ.