«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


ՀՈԳԵԲՈՒՅԺԸ ՆԱԵՎ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ

Դիմակաթերապիան հոգեկան խանգարումների ախտորոշման եւ բուժման մեթոդների համալիր է` հիմնված հոգեբանաթերապեւտիկ փոխգործողության (բժիշկ-հիվանդ-քանդակադիմապատկեր) եռյակ միասնության վրա: Դրա հեղինակը` մոսկվացի հոգեբույժ, հոգեբանական գիտությունների թեկնածու Գագիկ Նազլոյանը կառուցվածքային իմաստով փոխել է հիվանդի հետ բժշկի շփման սովորական մոդելը, այդ շփումը փոխադրելով քանդակագործի (բժշկի) եւ մոդելի (հիվանդի) ֆունկցիոնալ դաշտ: Ստեղծվում է հոգեբանաթերապեւտիկ ներգործության եռակողմ (երկկողմի փոխարեն) տարածություն, որը բազմաթիվ առավելություններ է ապահովում եւ թույլ տալիս հասնել բժշկի ու հիվանդի հավասար փոխգործակցության: Բուժման նորագույն մեթոդները` դիմանկար, ինքնադիմանկար, բոդիարտ-թերապիա, խմբային հոգեբանաթերապիա եւ այլն, որ վերջին տարիներին մշակել են Նազլոյանն ու նրա աշակերտները, ուղղված են մարդու հոգեկան կառուցվածքի մենակեցական խանգարումների բացահայտմանն ու հաղթահարմանը:

Նազլոյանի հիմնադրած դիմակաթերապիայի մոսկովյան ինստիտուտի արվեստանոցում ուշադրություն է գրավում երկու լուսանկար` մեկումՙ մաշված վերարկուով մի տղամարդ է մռայլ եւ անորոշ հայացքով, մյուսումՙ կենսախինդ ժպիտով քեզ է նայում նորաձեւ հագնված մի երիտասարդ: Եթե Նազլոյանը չասեր, որ դա նույն մարդն է, ես հազիվ թե գլխի ընկնեի:

- Նրան այստեղ բերեցին պարանոիկ շիզոֆրենիայի ախտորոշումով, պատմում է բժիշկը: Ամառային շոգ օր էր, իսկ նա հագել էր վերարկու եւ գլխին դրել մորթե գլխարկ: Այդ հիվանդը երկար ժամանակ ոչ մեկի հետ չէր շփվել, չէր լողացել, վարագույրով ծածկել էր բոլոր հայելիները եւ անջատել էլեկտրասարքերը: Հիմա նա միանգամայն նորմալ մարդ է` լաբորատորիայի վարիչ:

- Դուք բուժում եք շիզոֆրենիա՞ն, - զարմացա ես:

- Տեսնո՞ւմ եք այս հիվանդության պատմությունները, - բժիշկը ցույց է տալիս պահարանի դարակներին շարված թղթապանակները, - այստեղ ես պահում եմ առավել ծանր հիվանդների բուժման արդյունքները, որոնց քանակն անցնում է երկու հարյուրից:

Տպավորությունն ուժեղ էր:

- Ինչպե՞ս հանգեցիք դիմաթերապիային:

- Տակավին երեք տասնամյակ առաջ ես հնարավոր համարեցի, որ մարդու հոգեկան խանգարումների հիմքում ընկած է պաթոլոգիական մենությունը` աուտիզմը: Սա տարբեր ձեւերով է դրսեւորվում. օրինակ, հիվանդը տարիներով պառկում է, գլուխը թաղած վերմակի մեջ, մյուսներըՙ հենվելով պատին, ժամերով կանգնում են եւ այլն: Մտածեցի` եթե այդ մարդիկ կորցրել են շփումը արտաքին աշխարհի հետ, ապա նրանք կորցրել են շփումը նաեւ իրենց սեփական ներաշխարհի հետ: Ինչպե՞ս նրանց դուրս հանել այդ վիճակից, երբ խախտվել, կորսվել, աղավաղվել, աղքատացել են պատկերացումները իր իսկ անձի մասին: Ինչպե՞ս օգնել նրանց վերակառուցելու կորցրած «ես»-ի կերպարը: Ահա եւ ծնունդ առավ դիմակաթերապիան:

- Բացահայտեք, խնդրեմ, դրա էությունը:

- Հիվանդին հանգամանորեն հետազոտելուց հետո նրա հետ զրուցում ես, նստեցնելով հայելու առաջ: Հարցնում ես նրա արտաքինի մասին, խնդրում ես, որ նա պատմի իր մասին եւ այլն: Այնուհետեւ սկսվում է նրա քանդակադիմանկարի ստեղծման աշխատանքը: Դրա համար տախտակի վրա նախապես գեղարվեստական պլաստիլինից պատրաստվում է զանգվածՙ ձվի տեսքով, մարդու գլխի չափով:

- Իսկ ինչո՞ւ հենց ձվի տեսքով:

- Որովհետեւ ձուն, թերեւս, կյանքի ամենամեկուսի, «ամենամիայնակ» ձեւն է: Ահա եւ «հավկիթով» տախտակը դրվում է նկարակալի վրա, եւ քանդակագործ բժիշկը սկսում է ստեղծել հիվանդի դիմապատկերը, փորձելով պլաստիկորեն արտացոլել միայնակության խնդիրը: Նա կարող է, զրուցելով, ժամերով քանդակել, հիվանդի մեջ կուտակելով նրա սպասումները, հույսերը, դրանով իսկ նրան նախապատրաստելով հիվանդության հաղթահարմանը, թռիչքին դեպի նոր աշխարհ:

Սովորաբար հիվանդը նայում է նկարակալի կողքը` բժշկից մերթ աջ, մերթ ձախ, շարունակում է Նազլոյանը: Ձեւավորվում է յուրօրինակ եռյակ` հիվանդը, նրա քանդակը եւ բժիշկը: Այս պարագան օգնում է հաղթահարելու բժշկի եւ հիվանդի փոխհարաբերությունների սովորական պատկերացումները, երբ բժիշկը ընկալվում է որպես իրադրության «պետ»: Այս եռակողմության մեջ էլ հենց թաքնված է հոգեբուժության մեր մեթոդի սկզբունքային տարբերությունը: Հենց դա է հնարավորություն տալիս նորովի ընկալելու բուժող բժշկի տոտալիտար կերպարը, ինչը առաջ է բերում հիվանդի դիմադրությունը, հաստատելու վստահելի շփումներ նրանց միջեւ եւ շարժվելու լրիվ առողջացման ուղղությամբ: Դա տանջալից տեւական գործընթաց է, սակայն բժիշկն ու հիվանդը ըմբռնումով են վերաբերվում դրան:

- Բժիշկ, կուզենայի մեր զրույցը շեղել մասնակի: Դուք եւ եկեղեցու սպասավորները գործ ունեք հոգու հետ: Հնարավո՞ր եք համարում բժշկի եւ հոգեւորականների համագործակցությունը հոգեբուժության բնագավառում:

- Գտնում եմ, որ դա առավելագույնս անհրաժեշտ է: Բայց այստեղ պետք է տարբերակել պարտականությունները: Հատուկ կրթություն չունեցող հոգեւորականը չպիտի զբաղվի բժշկումներով, քանզի նա պատկերացում չունի հոգեկան պաթոլոգիայի մասին: Ես բավականին ակտիվորեն համագործակցում եմ եկեղեցականների հետ. ավարտելով բուժման իմ մասը, հիվանդին վերականգնման նպատակով ուղարկում եմ քահանայի, մոլլայի կամ ռաբբիի մոտ: Որոշ ժամանակ անցկացնելով, ասենք, մենաստանում, նրանք իրենց ավելի լավ են զգում: Ի դեպ, հոգեւորականը կարող է բարենպաստ ներգործություն ունենալ ոչ միայն հիվանդի, այլեւ բուժող բժշկի վրա: Հավատի ուժը շատ մեծ է:

- Գուցե ձեր ասածի հաստատումն է այն իրողությունը, որ հատկապես վերջին ժամանակներս հոգեբուժական շատ կլինիկաներին կից կառուցվում են եկեղեցիներ: Բոլշեւիկները գտնում էին, որ կրոնասիրությունը հոգեկան հիվանդության դրսեւորում է: Իսկ եթե մի կողմ դնենք հարցի գաղափարական կողմը:

- Բացարձակապես այդպես չէ: Կա կրոնական ցնորք, բանդագուշանք, երբ մարդն ինքը ստեղծում է կրոնին առնչվող ինչ-որ ցնորական համակարգ: Բայց դա առանձին հիվանդություն է եւ ոչ մի կապ չունի կրոնասիրության հետ:

- Ասում են շատ հոգեբույժներ խուսափում են այն հիվանդներից, ովքեր բուժվել են հոգեւորականների մոտ:

- Այդպես էր խորհրդային տարիներին: Ավելին, այսօր իմ շատ գործընկերներ բնավ էլ չեն թաքցնում, որ իրենք հավատացյալ են:

- Բժիշկ, իսկ դուք ինքներդ լինո՞ւմ եք մեր եկեղեցում:

- Պարտադիր: Վերջերս եղա Օլիմպիյսկի պողոտայում կառուցվող հայկական եկեղեցական համալիրում: Հոյակապ շինություն է: Չթաքցնեմ, հատուկ ուշադրություն դարձրի վարչական հսկա մասնաշենքին: Այստեղ կարելի կլինի կազմակերպել բժիշկների եւ հոգեւորականների համատեղ գիտակրոնական խորհրդատվական միջոցառումներ: Չէ՞ որ մեր բոլորիս ջանքերի կենտրոնում Աստծո արարածն է` մարդը:

Զրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4