Հայաստանն ու Թուրքիան կրկին միեւնույն խմբում են
Դանիայի Օրհուս քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Ինչպես եւ ընտրական նախորդ փուլում, այս անգամ էլ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականներն ընդգրկվել են միեւնույն խմբում: Ընտրական 2-րդ խմբում մեր ֆուտբոլիստների մրցակիցները կլինեն նաեւ Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի եւ Էստոնիայի երիտասարդական հավաքականները:
Վիճակահանությամբ, 52 երկրների հավաքականները բաժանվել են 10 խմբի, որոնցից երկուսում ընդգրկվել են 6-ական թիմեր, մյուսներումՙ 5-ական: Հաջորդ փուլի ուղեգիր կստանան խմբերի հաղթողներն ու 2-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ունեցող չորս ընտրանիները: 14 ուժեղագույնները վիճակահանությամբ զույգեր կկազմեն եւ կորոշեն այն 7 հավաքականներին, որոնք Դանիայի ընտրանու հետ կմասնակցեն 2011-ին այդ երկրում կայանալիք եզրափակիչ մրցաշարին: Նախատեսվում է, որ ընտրական մրցաշարի մեկնարկը կտրվի 2009-ի մարտի 28-ին, իսկ ավարտական հանդիպումները կանցկացվեն 2010-ի սեպտեմբերի 7-ին:
Ներկայացնում ենք ընտրական մյուս խմբերի կազմերը:
1-ին խումբ. Ռուսաստան, Ռումինիա, Մոլդովա, Լատվիա, Ֆարերներ, Անդորրա:
3-րդ խումբ. Իտալիա, Ուելս, Հունգարիա, Բոսնիա-Հերցեգովինա, Լյուքսեմբուրգ:
4-րդ խումբ. Իսպանիա, Ֆինլանդիա, Հոլանդիա, Լեհաստան, Լիխտենշտեյն:
5-րդ խումբ. Գերմանիա, Չեխիա, Հս. Իռլանդիա, Իսլանդիա, Սան Մարինո:
6-րդ խումբ. Իսրայել, Շվեդիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Ղազախստան:
7-րդ խումբ. Սերբիա, Խորվաթիա, Նորվեգիա, Սլովակիա, Կիպրոս:
8-րդ խումբ. Ֆրանսիա, Ուկրաինա, Բելգիա, Սլովենիա, Մալթա:
9-րդ խումբ. Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Մակեդոնիա, Լիտվա:
10-րդ խումբ. Ավստրիա, Բելառուս, Շոտլանդիա, Ալբանիա, Ադրբեջան:
Դժվար է ստույգ ասել, թե Թուրքիայի հավաքականի ընդգրկումը 2-րդ խմբում պատահականությո՞ւն էր, թե՞ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն էր այդ հարցում ջանացել: Ամեն դեպքում փաստն այն է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիմակայությունը շարունակվելու է, ինչն անկասկած ավելի կսրի հետաքրքրասիրությունը մեր հավաքականի ելույթների նկատմամբ: Տեղին է հիշեցնել, որ այս տարվա հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը պետք է պատասխան այցով մեկնի Թուրքիա եւ ուժերը չափի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրների հետ: Այդ հանդիպումը կայանալու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ծննդավայրումՙ Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտում:
Ընտրական մրցաշարը մեր հավաքականը կսկսի հունիսի 5-ին Շվեյցարիայի ֆուտբոլիստների հետ արտագնա հանդիպումով: Չորս օր անց ՀՀ հավաքականը կհյուրընկալի Թուրքիայի իր հասակակիցներին: Մրցակիցների պատասխան հանդիպումը նշանակված է այս տարվա հոկտեմբերի 13-ին: Ընտրական մրցաշարը մեր ֆուտբոլիստները կավարտեն 2010-ի հոկտեմբերի 11-ինՙ հյուրընկալելով Վրաստանի ընտրանուն:
Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնության ընտրական նախորդ մրցաշարում ընդգրկված էին միեւնույն խմբում: 2008-ի օգոստոսի 20-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում հայ ֆուտբոլիստներն իսկական մարզական սխրանք գործեցին: Խաղի ընթացքում պարտվելով 0-1 հաշվով, Վարուժան Սուքիասյանի սաները խաղավերջում Կառլեն Մկրտչյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին: Ցավոք, պատասխան խաղում, որ կայացավ սեպտեմբերի 9-ին, մեր հավաքականին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ: Հայ ֆուտբոլիստները պարտվեցին խոշորՙ 0-4 հաշվով: Ընտրական նախորդ փուլում Հայաստանի հավաքականը վատ հանդես չեկավ, հատկապես, երբ երիտասարդական ընտրանու ղեկը ստանձնեց Վարուժան Սուքիասյանըՙ փոխարինելով Սամվել Պետրոսյանին: Ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները 5 հավաքականների մրցավեճում 8 խաղում վաստակելով 10 միավոր, զբաղեցրին 4-րդ տեղը:
Առայժմ պարզ չէ, թե ով է գլխավորելու երիտասարդական հավաքականն ընտրական նոր մրցափուլում: Բանն այն է, որ Վարուժան Սուքիասյանի եւ նրա օգնականների պայմանագրի ժամկետը մինչեւ ընտրական մրցաշարի ավարտն էր, այնպես որ նրանք անցած տարվա հոկտեմբերից այլեւս չեն աշխատում հավաքականում: Նախատեսվում է նոր մարզիչ նշանակել փետրվարի կեսերին, երբ ազգային հավաքականը կվերադառնա Կիպրոսից: Կարծում ենք մեծ է հավանականությունը, որ երիտասարդական հավաքականի ղեկը կրկին վստահվի Վարուժան Սուքիասյանին, որն իր աշխատանքով վաղուց է ապացուցել բանիմաց մասնագետ լինելու փաստը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ընտրական հանդիպումների խաղացանկն այսպիսին է.
05.06.09 | Շվեյցարիա-Հայաստան |
09.06.09 | Հայաստան-Թուրքիա |
04.09.09 | Հայաստան-Շվեյցարիա |
13.10.09 | Թուրքիա-Հայաստան |
14.11.09 | Հայաստան-Էստոնիա |
17.11.09 | Հայաստան-Իռլանդիա |
02.03.10 | Իռլանդիա-Հայաստան |
20.05.10 | Էստոնիա-Հայաստան |
07.09.10 | Վրաստան-Հայաստան |
11.10.10 | Հայաստան-Վրաստան |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ