«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Մոսկվայում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում նոր հաջողության հասավ Ռաֆայել Վահանյանը` տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Ինչպես երեւում է, մեր փորձառու գրոսմայստերն արագություն է վերցնում եւ մտադիր է լրջորեն պայքարել մրցանակային տեղերի համար: Ռաֆայելը սեւերով հաղթեց գրոսմայստեր Նիկոլայ Պուչկովին: Այդ հաղթանակի շնորհիվ Վահանյանը վաստակեց 4 միավոր եւ ընդգրկվեց մրցաշարի առաջատարների շարքում: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաչնին, որը սեւերով պարտության մատնեց Պավել Սմիռնովին: 4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Սերգեյ Տիվյակովը, Ալեքսանդր Օնիշչուկը, Իգոր Կուռնոսովը, Դմիտրի Ցվետուշկինը, Էռնեստո Ինարկիեւը եւ Վիտալի Ցեշկովսկին:

Նախորդ երկու տուրերում հաղթանակներ տոնած Գաբրիել Սարգսյանը սեւերով հաշտություն կնքեց Դմիտրի Չուպրովի հետ եւ վաստակեց 3,5 միավոր: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանի եւ Ալեքսեյ Կորոլյովի մրցավեճը: 3,5 միավոր է վաստակել Արթուր Գաբրիելյանը, 3-ական միավոր ունեն Սերգեյ Գրիգորյանցը, Նիկիտա Մատինյանը եւ Գոռ Հայրապետյանը:

«B» խմբի մասնակից հայ շախմատիստների մի մասը պարզապես հիանալի է ելույթ ունենում: Խոսքն առաջին հերթին Դավիթ Գեւորգյանի, Ռոբերտ Աղասարյանի եւ Սուրեն Պողոսյանի մասին է: Նրանք հարյուր տոկոսանոց արդյունքի են հասել եւ Ալեքսանդր Գրիշինի, Վասիլի Սթեթսի հետ 5 միավորով գլխավորում են աղյուսակը: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը հաղթեց Վալերի Արտամոնովին, Սուրեն Պողոսյանը պարտության մատնեց Լեոնիդ Օկունին, Դավիթ Գեւորգյանն էլ առավելության հասավ Սարգիս Մանուկյանի նկատմամբ: Ի դեպ, վերջինս մինչ այդ եւս հանդես էր գալիս առանց միավորի կորստի: 4 միավոր ունեն նաեւ Վահագն Խաչատրյանը, Սարգիս Սարգսյանը եւ Վարդան Մելքոնյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4