Հայաստանի ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվում Կանադայի Վանկուվեր քաղաքում 2010-ին անցկացվելիք օլիմպիական խաղերին: Բարձրակարգ մարզիկներ պատրաստելու գործում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը չափազանց կարեւորում են բանիմաց մասնագետների դերը: Այդ նպատակով ՀԱՕԿ-ը Հայաստան է հրավիրում միջազգային ճանաչման արժանացած մասնագետների:
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, հերթական հրավերով այս անգամ Հայաստանում հյուրընկալվեց ավստրիացի Վերներ Մարգրեյտերը: ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում նա Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում հունվարի 27-ից փետրվարի 4-ը ղեկավարեց տեխնիկական-մարզչական դասընթացը, որին մասնակցեցին Երեւանի, Ծաղկաձորի, Վանաձորի եւ Ապարանի լեռնադահուկային սպորտի 25 մարզիչներ:
Վերներ Մարգրեյտերը տեսականին զուգահեռ անցկացրեց նաեւ գործնական պարապմունքներ: Մասնագետները ձյան վրա էին յուրացնում մարզաձեւի նորությունները, որոնք արդեն փոխանցում են իրենց սաներին: Նպատակը մեկն է. օլիմպիական վարկանիշ ձեռք բերել Վանկուվերի ձմեռային գլխավոր մարզահանդեսին մասնակցելու համար:
Ծրագրի ղեկավար, ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ Ռոբերտ Ջանիբեկյանն ասաց, որ Վ. Մարգրեյտերը մեծ համարում ունի աշխարհում, մարզել է ԱՄՆ-ի, Ավստրիայի եւ Գերմանիայի ազգային հավաքականները: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին ՄՕԿ-ի հավաստագրեր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ