Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը անդրադառնալով փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը նշեց, որ այն խստորեն դատապարտել են բոլոր քաղաքական ուժերը, իշխանամետ թե ընդդիմադիր: «Սա մի երեւույթ է, որն առաջացնում է հուսահատություն ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ հասարակ մարդկանց մեջ»:
Նման դեպքերն, ըստ Կարապետյանի, երկրի ապագայի նկատմամբ հուսահատության զգացումներ են առաջացնում` սերմանելով վախի մթնոլորտ:
ՀՅԴ ներկայացուցիչը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե քանի այդպիսի սպանություններ են եղել: «Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան եւ ուրիշներ», սպանվածներին թվարկեց Կարապետյանը եւ փաստեց. «Սպանությունների մի ամբողջ շարան չի բացահայտվել»:
Հարցերից մեկին, որ եթե որեւէ երկրում, որտեղ երկար շարան կա չբացահայտված հանցագործությունների, գլխավոր դատախազը չպե՞տք է հրաժարական տա կամ էլ ԱԺ-ն չպե՞տք է վերանայի իր ընտրությունը, Հրայր Կարապետյանը հայտնեց իր կարծիքը. «Դա միայն դատախազի խնդիրը չէ. դատախազությունից շատ լիազորություններ են հանվել: Դատախազությունը վերահսկիչ դեր ունի նախաքննության վրա: 2 օր առաջ է եղել սպանությունը, 2 օրում կանչենք, ասենք` ինչո՞ւ չես բացահայտում. մի քիչ ժամանակ տանք ուժային կառույցներին եւ տեսնենք` ի՞նչ է լինում: Սա իսկապես պատվի հարց է. նոր ոստիկանապետին էլ գիտեմ, կարծում եմ, որ կբացահայտվի. եթե նախկին պատմությունները կրկնվեն, ապա անհրաժեշտ հետեւություններ պետք է անեն թե՛ գլխավոր դատախազը, թե՛ ուժային կառույցները, թե՛ նրանց նշանակողները»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դատապարտելով կատարվածը նշեց, թե ցավոք սրտի դա հերթական ապացույցն է, որ իրավապահ համակարգը Հայաստանում ավելի շատ զբաղված է քաղաքական խնդիրներով, քան իր բուն գործունեությամբ: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, թե քանի դեռ մարտի 1-ի սպանությունների հեղինակներն ազատության մեջ են ու բացահայտված չեն, բոլորս խոցելի ենք:
Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ ցավ արտահայտեց նաեւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը : Մարգարյանի խոսքերով` պետք է բոլորս կատարենք մեր քաղաքացիական պարտքը եւ հետեւողական լինենք, որ սպանությունը բացահայտվի, քանի որ չպատժված հանցանքը ծնում է նորը:
ԲՀԿ-ն էլ հետեւելու է գործընթացին եւ հարցադրումներ է ներկայացնելու թե այս, թե նախկին այլ աղմկոտ սպանությունների քննության իրավիճակը պարզելու համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշում է, որ կատարվածը ծանր ազդեցություն է ունեցել հասարակության վրա, քանի որ սպանվածը «ոչ միայն անձ էր, այլեւ պետական բարձրաստիճան պաշտոնյա»:
Ձերբակալված պատգամավորների կոչով սկսված ստորագրահավաքին ՀՀԿ-ի չմասնակցելը Գ. Սահակյանը բացատրեց, որ եթե ինքը ցանկանար, ապա 5 րոպեում 44 պատգամավորի ստորագրություն կհավաքեր` «7-ի գործով» անցնող 3 քաղբանտարկյալ պատգամավորների եւ ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Իսկ թե ինչո՞ւ նա 5 րոպեում չլուծեց այդ հարցը` լրագրողներից մեկի հարցին` Սահակյանը պատասխանեց. «Հենց այնպես ընդդիմություն չի լինում: Եթե մենք գտնեինք, որ դրանով գործին կօգնենք, այլ քաղաքական ուժ պետք չէր լինի ստորագրության համար: Պետք չէ զոհի կերպարով այսօր ավելի վատացնել անազատության մեջ գտնվողներին: Երբ քայլ ենք ձեռնարկում, պետք է հաշվի առնենք, որ քաղաքական դաշտը մեկն է եւ պետք է այդ դաշտում խնդիրը հասունացնել»:
«Եթե դատավարությունն ընթացքի մեջ է, ապա օրենքով չի կարող նրանց խափանման միջոցը փոխվել: Այդ ստորագրահավաքը ապօրինի էր, եթե նույնիսկ ամբողջ ԱԺ-ն ստորագրեր, ապա նրանք մինչեւ դատի ավարտը չէին կարող ազատ արձակվել: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս, որ դատը շարունակվի», ՀՅԴ-ի անունից ասաց Հրայր Կարապետյանը:
«7-ի գործը» անընդհատ ձգձգվելու համար նա մեղադրեց ոչ թե դատավորին, այլ քաղբանտարկյալներին. «Երեւի ասել են, ինչքան կարաք` դատը ձգեք: Քաղաքական պատվեր են ստացել»:
Ի դեպ, փետրվարի 12-ին կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարը: Համագումարի օրակարգի մասին մանրամասներ ասելու լրագրողների հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը պատասխանեց, թե համագումարին մնացել է մի քանի օր եւ պետք է զինվել համբերությամբ եւ այդ օրը ստանալ բոլոր հարցերի պատասխանը:
Ճի՞շտ էր արդյոք տեղեկությունը, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակցության ղեկավարությունն օրերս այցելել է Դուբայ եւ հաստատվել հինգաստղանի թանկարժեք հյուրանոցում, եւ ո՞րն է եղել այցի նպատակը:
Հեղինե Բիշարյանի մատուցմամբ` տեղեկությունը ճիշտ է, իսկ այցը տեղի է ունեցել հայ համայնքի հետ ՕԵԿ հերթական հանդիպման շրջանակներում եւ նման հանդիպումներ արդեն եղել են Ֆրանսիայում, Գերմանիայում: Ծախսը, ըստ Հեղինե Բիշարյանի, չի եղել պետական միջոցների հաշվին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ