Մասնագետները մտահոգված են
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը ԱԺ-ում կքննարկվի հաջորդ քառօրյայի ընթացքում: Մինչ այդ, երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում օրենքի վերաբերյալ իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունը հայտնեցին «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն ու ԶԼՄ-ների աջակցություն «Ինտերնյուս» հ/կ-ի նախագահ Նունե Սարգսյանը :
Բորիս Նավասարդյանը հեռարձակման ոլորտի հետ կապված օրենսդրական փոփոխություններին երկու տեսանկյունից է նայում: Ըստ նրա` այսպիսի վատ օրինագիծ, գոնե լրագրության ոլորտում, չի հանդիպել: «Եթե խոսենք հեռուստատեսային գովազդի լեզվով, դա արդեն վերջն է, մոտավորապես` բորշի համով պաղպաղակ: Շատ ենք մտահոգված, որ մեր խորհրդարանի նիստերի օրակարգ կարող է մտնել այդ կարգի անորակ փաստաթուղթ: Մտահոգության երկրորդ մակարդակը հետեւյալն է. այն սկզբունքային հարցերը, որոնք պետք է լուծվեն օրենսդրության բարեփոխմամբ, այս օրինագծում չեն լուծվում: Կարգավորող մարմինը` հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ու հեռուստառադիոընկերության խորհուրդը չեն բավարարում մինիմալ պահանջներին` հիմնականում անկախության եւ հասարակության ներկայացուցչության առումով: Խնդիրը, որ ունենք մրցույթների թափանցիկության հետ կապված, այսօր էլ հեռու է կատարյալ լինելուց: Մինչդեռ օրինագիծն այդ հարցին չի անդրադառնում», իր անհամաձայնությունը ներկայացրեց Նավասարդյանը: Ըստ «Երեւանի մամուլի ակումբի» նախագահի` սահմանադրությամբ ենթադրվում է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է կարգավորի ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային հեռարձակողների գործունեությունը: Նավասարդյանը նշում է, որ օրենսդիրը մինչ այժմ ուշադրություն չի դարձրել սկզբունքային հարցերին, խնդիրներին, հետեւաբար անիմաստ է որեւէ նախաձեռնություն, որն այդ հարցերին չի անդրադառնալու: Համաձայն Նավասարդյանի կարծիքի` օրինագծի վատագույն տարբերակը ներկայացվել էր դեռեւս սեպտեմբեր ամսին, որտեղ փոփոխություններ մտցվեցին ու կասեցվեցին բոլոր մրցույթները հեռուստառադիո հաճախականությունների համար: «Որեւէ ատյան, որեւէ մակարդակով օրինագիծը չէր քննարկել, բայց մտել էր խորհրդարան ու մեկ օրում երեք ընթերցմամբ վերջնական արժանացել քվեարկության: Կրկին պրոցեդուրային հարցերը չեն լուծվել այնպես ինչպես պետք է լուծվեին»: Կարեւոր հարցերից մեկը, որ հուզում է Բորիս Նավասարդյանին` նոյեմբերին ստեղծված համապատասխան հանձնաժողովին կից համապատասխան խումբն է, որտեղ ընդգրկված է եղել նաեւ «Երեւանի մամուլի ակումբի» նախագահը:
«Ինչի՞ համար է ստեղծվում խումբը, եթե ոչ նրա համար, որ մշակվում է ինչ-որ նախագիծ եւ մեզ հրավիրում են քննարկումների, բանավեճերի: Փաստորեն մենք այդ օրինագծի եւ աշխատանքների մասին որեւիցե տեղեկություն չունենք: Երեւի բնական է, որ խորհրդարանական լսումները կազմակերպելիս, պետք է ուշադրություն դարձնեին նաեւ այդ օրինագծին: Դեկտեմբերին եղան լսումներ, սակայն այս հարցերը քննարկման առարկա չդարձան: Հույս ունեինք, որ գոնե կլինի մեկ այլ լսում, որտեղ կանդրադառնային այս հարցերին, բայց դա էլ չեղավ: Այսինքն` այն անհրաժեշտ լսումը, որ պետք է լինի խորհրդարանում որակյալ օրինագծեր պատրաստելու համար, այս դեպքում էլ չի կիրառվել», ասաց Նավասարդյանը:
Նունե Սարգսյանը հավելեց, որ խոսքը օրենքի փոփոխության կամ իմաստի մասին չէ, այլ թե այդ փաստաթուղթն ինչ նշանակություն եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ: «Այս օրինագիծն ինձ համար արդեն սեւ հումորի նշանակություն ունի: Փաստորեն գործում է մի իրավիճակ, երբ ամբողջ ոլորտը պասսիվ կացության մեջ է հայտնվել, եւ մենք փորձում ենք այդ դրության մեջ ինչ-որ իներցիոն փոփոխություններ անել, որոնք իրականում չեն փոփոխելու ամբողջ դաշտը: Կարծում եմ, որ այս օրենքի վրա աշխատելն անիմաստ է, պետք է ստեղծել նոր օրենք, որը կներառի թվայնացման որոշ ուղիներ: Այս օրենքը կարկատված ու հնացած է ու դարձել է 20-րդ դարի օրինագիծ, մինչդեռ մենք ապրում ենք 21-րդ դարաշրջանում: Հարկավոր է, որ այս ոլորտը դառնա ավելի զարգացած, որովհետեւ հանրությունը տեղեկատվության պահանջ ունի եւ բազմաթիվ իրավիճակներում այդ պահանջները շատ կարեւոր են դառնում», նկատեց Նունե Սարգսյանը:
Նունե Սարգսյանը հավելեց, որ օրինագիծն ավելի լավը դարձնելու համար իրենք որեւէ նոր բան չեն կարող անել: Ներկայացնում են իրենց եզրակացությունները, կարծիքները, գրում են օրինագծեր, բայց գալիս է պահ, երբ որոշ քայլեր դառնում են անիմաստ:
«Գործող օրենքը պահանջում է, որ խորհուրդը` որպես հանրային ռադիոխորհրդի ղեկավար մարմին, կազմված լինի լրագրության, իրավագիտության, հեռուստառադիո կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի, արվեստի նշանավոր գործիչներից: Առաջարկում եմ նայել խորհրդի ցանկը: Արդյոք բոլո՞րն են համապատասխանում այդ պահանջներին: Գոնե մի քանիսը չեն համապատասխանում: Փաստորեն այս փոփոխությունը հարմարեցվում է եղած ապօրինի իրավիճակին, այնտեղ նշվում է, թե որ մասնագիտությունների ներկայացուցիչներ պետք է եղած լինեն կազմում: Հիմա ինչ է ստացվումՙ ամեն անգամ, երբ կազմը փոխում են, պետք է նոր օրենք ընդունվի՞: Առաջանում է մեթոդաբանական խնդիր, առաջարկած փոփոխություններով անհասկանալի է դառնում, թե ինչ է անելու այս դեպքում գործադիր տնօրենը, երբ իր փոխարեն աշխատելու է հավաքված կազմը», ասաց Նունե Սարգսյանը:
Այնուամենայնիվ փոփոխված օրենքում Նավասարդյանը տեսնում է նաեւ դրական քայլեր: «Ֆինանսավորման սկզբունքները հստակեցված են եւ դա կարեւոր է իրենց անկախ գործունեության համար: Յուրաքանչյուր տարի բյուջեով պետք է նախատեսվի գումար, որը չպետք է զիջի նախորդ տարվա տրամադրված գումարից: Հետեւաբար փոքրացնելով բյուջեն` ճնշում չի լինելու հանձնաժողովի աշխատանքների վրա», ասաց Նավասարդյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ