«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՑ

Վառ երանգներ, կտրուկ ու անսպասելի լուծումներ, յուրահատուկ կոմպոզիցիաներ են ներկայացված Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանրապետական մրցույթ-ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա այսօր` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանի մասնակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են միայն երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ` գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ ու քանդակներ: Երիտասարդ նկարիչները գովաբանում են սիրո զգացումը: Յուրաքանչյուր արվեստագետ անհատական մոտեցում էր ցուցաբերել ու ներկայացրել իր ներաշխարհն ու սիրո մասին իր պատկերացումները: Սերըՙ բնության, ընտանիքի, հարազատի եւ հավատքի նկատմամբ, մայրության բերկրանքը վայելող երիտասարդ կին, խորանում սիրո խոստովանություն անող երիտասարդ զույգերից մինչեւ ծաղիկներ, բնության տեսարաններ եւ այլն: Երիտասարդ նկարիչների վստահեցմամբ սեր ու գեղեցկություն կարելի է փնտրել ամենուրեք, իսկ վառ երեւակայության շնորհիվ կտավները դառնում են ինքնատիպ:

«Այս ցուցահանդեսի բացումով հիմք ենք դնում նոր, շատ գեղեցիկ ավանդույթի, որ կարծում եմ կդառնա ավանդական: Մասնակիցները բարձրագույն մասնագիտական կրթություն ունեն ու տաղանդավոր ստեղծագործողներ են: Գուցե հետագայում ցուցահանդեսն ավելի լայնամասշտաբ դառնա ու մասնակիցներն ավելի շատ լինեն», «Ազգի» հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը : Յոթ հոգանոց ժյուրին նախագահում է նկարիչ Շահեն Ասլանյանը : Վերջինս հավաստիացրեց, որ եղել են անաչառ ու հատուկ ուշադրություն են դարձրել կտավի ինքնատիպությանը: «Կային հրաշալի գործեր, տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ մեր նկարչության ապագան լավ ձեռքերում է», ասաց Շահեն Ասլանյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4