«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՆՎԱՃԵԼ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ 4-ՐԴ ԳՈՏԻՆ

Բուքմեյքերներն էլ հավատում են Վախթանգի հաղթանակին

Փետրվարի 8-ի վաղ առավոտյան, Երեւանի ժամանակով ժամը 6-ին ԱՄՆ-ում տեղի կունենա այնքան երկար սպասված Վախթանգ Դարչինյան-Խորխե Արսե մենամարտը: Թեթեւագույն քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որին են պատկանում IBF-ի, WBO-ի եւ WBC-ի վարկածներով չեմպիոնական գոտիները, կփորձի նվաճել նաեւ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որն առայժմ պատկանում է մեքսիկացի Խորխե Արսեին:

Ինչպես եւ ընդունված է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներով երկու բռնցքամարտիկներն էլ բարձրագոչ հայտարարություններ էին անում, որ անպայման նոկաուտի են ենթարկելու մրցակցին: Այդ հայտարարություններում ավելի ինքնավստահ էր Վախթանգը, որը մշտապես իր խոսքի տերն է եւ մենամարտերի ընթացքում կատարում է խոստումը: «Ես չեմ պատրաստվում հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել Արսեին, որովհետեւ ցանկանում եմ նրան ռինգում մի լավ ծեծել, որպեսզի նա ընդմիշտ հիշի ինձ: Ես Արսեին անպայման նոկաուտի կենթարկեմ, որից հետո պատրաստ եմ տեղափոխվել քաշային մյուս կարգ ու այնտեղ էլ չեմպիոնական գոտիներ նվաճել», հայտարարել է Վախթանգ Դարչինյանը:

Խորխե Արսեն 29 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 56 մենամարտ, որոնցից 51-ում հաղթել է (39-ըՙ տեխնիկական նոկաուտով), մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի, 4-ում պարտվել է: 33-ամյա Վախթանգի համար հերթական մենամարտը կլինի 34-րդը, որից 31-ում նա հաղթել է (25-ըՙ տեխնիկական նոկաուտով), մեկն ավարտել է ոչ-ոքի եւ կրել ընդամենը մեկ պարտություն:

Առաջիկա մենամարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ բռնցքամարտի աշխարհում: Բնականաբար, բուքմեյքերներն էլ առիթը բաց չեն թողել խոշոր գումարներ վաստակելու: Բուքմեյքերների մոտ հաղթողի հավակնորդը Վախթանգ Դարչինյանն է: Տարբեր գրասենյակներում նրա հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 1,17-1,25 գործակցի սահմաններում: Իսկ Խորխե Արսեի հաջողությունը գնահատվում է 3,8-4 գործակցով: Ոչ-ոքին, ինչը քիչ հավանական է, գնահատվում է 20 գործակցով: Խաղադրույքներ են սահմանվել նաեւ, թե մենամարտը ո՞ր ռաունդում կավարտվի: Այստեղ եւս բուքմեյքերները հավատում են Դարչինյանի հաջողությանը: 1-7-րդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հաղթանակը գնահատվել է 8 գործակցով (Խորխե Արսեի հաղթանակըՙ 28): 8-րդ ռաունդում հաղթելու դեպքում գործակիցը 10 է, իսկ 12-րդ ռաունդում հաղթանակը գնահատվել է 25 գործակցով:

Բուքմեյքերներն ավելի հավանական են համարում Դարչինյանի հաղթանակը միավորներով, ուստի այն գնահատել են 4 գործակցով: Խորխե Արսեի համար այդ գործակիցը 10 է: Մինչեւ 10-րդ ռաունդը մենամարտն ավարտվելու դեպքում Վախթանգի հաղթանակը գնահատվում է 1,45 գործակցով, Խորխե Արսեինըՙ 2,45:

Allboxing.ru ինտերնետային կայքէջում անցկացված հարցման արդյունքներով էլ հաղթողի գլխավոր հավակնորդը Վախթանգ Դարչինյանն է: Նրա օգտին քվեարկել են հարցման մասնակիցների 77 տոկոսը: Իսկ ահա Fightnews.com ինտերնետային կայքէջի հարցման մասնակիցների 55 տոկոսն է հավատում հայ բռնցքամարտիկի հաղթանակին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4