«Նպատակը մեկն է` ստեղծել կամ վերափոխել լրատվական եւ քաղաքական դաշտը, որը շատ կարեւոր է հատկապես կոնֆլիկտի լուծման հարցում: Չեմ կարծում, որ կովկասյան երեք պետություններին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին այս պահին անհրաժեշտ են կոնֆլիկտներ»: Այս կարծիքը երեկ «Նովոստի» գործակալության կազմակերպած Երեւան-Թբիլիսի կամրջի ժամանակ հնչեցրեց «Ջորջիան թայմս» օրաթերթի գլխավոր խմբագիր Մալխաս Գուլաշվիլին : Հայ եւ վրացի խմբագիրների հանդիպման նպատակն էր երկխոսության միջոցով ներկայացնել կովկասյան տեղեկատվական դաշտը, այսօրվա իրավիճակն ու հնարավոր հեռանկարները: Նմանատիպ հեռուստակամուրջ վերջերս վրացիները կազմակերպել էին նաեւ ադրբեջանցի լրագրողների հետ: Գուլաշվիլին իր ելույթում կարեւորեց միասնական գործունեության մեկնարկն ու երկխոսությունը հասարակության, մշակութային գործիչների հետ: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած խնդիրներն ավելի ձեռնտու են մի երրորդ պետությանը` Ռուսաստանին: Գուլաշվիլին վերջում որպես հիշեցում ասաց, որ Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ են, հետեւաբար միակ ուղին դեպի Եվրոպա սկսվում է Վրաստանի սահմանով:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ ավելի շատ տեսնում է ոչ թե կովկասյան տեղեկատվական դաշտ, այլ այդ նույն երկրներում պայքար քաղաքականության եւ լրատվամիջոցների միջեւ: Ըստ նրա` ինֆորմացիոն պայքարն ընթանում է երկու ճակատով: Առաջինում Հայաստանն է, երկրորդում` Վրաստան-Ադրբեջան տեղեկատվական կոալիցիան: Խոսքերը փաստերով ներկայացնելու համար Մանուկյանն օրինակ բերեց վերջերս վրացական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանից 800 մլն դոլար արժողությամբ զինանոց է նվեր ստացել: Հոդվածը սկզբում հայտնվել էր ադրբեջանական թերթերում: Մեր վրացի գործընկերներն էլ առանց ստուգելու լրատվությունը, ավելի ուռճացրած ներկայացրել էին վրացական բոլոր հեռուստաընկերություններով, թերթերում ու կայքէջերում:
Հոդվածներից մեկն էլ տպագրվել էր «Ջորջիան թայմս» թերթում, որի խմբագիրը ի պատասխան հնչեցրած մեղադրանքի սկսեց մի երկարաշունչ ճառ հայրենասիրության ու իրենց մտահոգությունների մասին Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Գեղամ Մանուկյանը հավելեց, որ օգոստոսին օսական հայտնի կայքէջերը բազմաթիվ լուրեր էին տարածում ընդդեմ վրացական իշխանությունների, սակայն հայկական որեւէ լրատվամիջոց դրանք չէր հրապարակում, առանց լուրջ հիմնավորումների ու ճշտումների: Տվյալ դիտարկմանը Վրաստանից պատասխան չհնչեց: Անդրադառնալով վրացական մամուլի ազատությանը` Գեղամ Մանուկյանն առանձնացրեց ջավախահայերի խնդիրը, որ հազվադեպ են լուսաբանում վրացական լրագրողները: Վրացական լրատվամիջոցներն այնքան էլ մեծ կարեւորություն չեն տվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Սբ Նորաշեն կատարած այցին: Մանուկյանը վստահեցրեց, որ շատ թերթեր չեն էլ լուսաբանել այդ հանդիպումը:
«Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Թուգուշին կարեւորեց հայ-վրացական հարաբերությունները` դրանք անվանելով յուրահատուկ, նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն այնպես, որ ձեռնտու լինեն երկու կողմերին: Ըստ Թուգուշիի, երկու երկրները միմյանց չեն հասկանում, առկա է ազատության լիակատար բացակայություն: Իսկ հարաբերությունները պետք է լինեն ավելի կառուցողական: Այդ առումով երկու երկրների իշխանությունների աշխատանքում նկատում է թերացումներ:
Հայկական կողմից փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այսօրվա կովկասյան տեղեկատվական դաշտն առանձնահատուկ է, որովհետեւ ձեւավորում են առանձին ֆակտորները: Ըստ Մարտիրոսյանի` հիմնական խնդիրը լեզվական է, որովհետեւ տարածաշրջանում չկա մեկ ընդհանուր լեզու. վրացիները չգիտեն հայերեն, հայերը` վրացերեն: Եթե չլինեին օգոստոսյան հայտնի իրադարձությունները, հնարավոր կլիներ կիրառել ռուսերեն լեզուն: Վրացական դպրոցներում այժմ ուսանում են անգլերեն, ռուսերենը կամաց-կամաց դուրս է մղվում վրաց հասարակության շրջանակներից, մինչդեռ անգլերենը հասանելի չէ հայ հասարակության մի ստվար զանգվածի: Լեզվական անջրպետից բացի, գոյություն ունի մեկ այլ, ոչ պակաս կարեւոր խնդիր: Կովկասյան երեք պետություններից բացի լուրջ խաղացող է համարվում Ռուսաստանը, որ թերեւս գլխավոր դերակատարն է: Վերջինիս ազդեցությունը հսկայական է տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Իրանը բավականին լուրջ ազդեցություն ունի Վրաստանի վրա: Մեծ է նաեւ Թուրքիայի դերը:
Ընդհանուր առմամբ հայ եւ վրացի խմբագիրների ու փորձագետների զրույցը բավականին հետաքրքրական էր: Սակայն խոսակցությունն ընթանում էր տարբեր լեզուներով: Հայկական կողմը բացահայտ փաստեր էր ներկայացնում` ապացուցելով վրացական կողմի ոչ այնքան հանդուրժողականությունն ու ստահոդ լուրերի տարածման հակումը, որին վրացիներն արժեքավոր որեւէ դիտարկմամբ չէին պատասխանում:
Նրանք էլ անընդհատ խոսում էին դարավոր բարեկամությունից ու առաջարկում հարցերը լուծել բարիդրացիական մթնոլորտում, սակայն դրա համար ոչինչ չեն անում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ